TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
02.11.2026 | 12:51Հայաստան-Միացյալ Նահանգներ համաձայնագրի շրջանակում իրականացվող TRIPP նախագիծը մտել է գործնական փուլ, իսկ դրա ազդեցությունը դուրս է գալիս երկրի հարավային հատվածի սահմաններից։ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց նախագծի իրավական, աշխարհագրական և տնտեսական հայեցակարգը՝ ընդգծելով, որ այն ունի շրջադարձային նշանակություն ավելի քան 30 տարի տևող շրջափակումը հաղթահարելու գործում։
Վարչապետի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի կողմից Հայաստան-Միացյալ Նահանգներ համաձայնագրի վավերացումից հետո Կառավարությունն արդեն իսկ սկսել է TRIPP նախագծի գործնական իրագործումը։
Ժամանակ չկորցնելու նպատակով ՀՀ կառավարությունն իր նախաձեռնությամբ կպատվիրի երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները։
«Որ պահին TRIPP զարգացման ընկերությունը կձևավորվի, այդ պահին արդեն կատարված աշխատանքը ուղղակի Հայաստանի Հանրապետության կառավարությունը կփոխանցի ընկերությանը»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ավելի վաղ արված հարցադրումներին, թե որտեղ է տեղակայվելու TRIPP նախագծի տարածքը, վարչապետը հայտարարեց, որ ծրագիրը կապված չէ որևէ կոնկրետ տարածքի հետ։
«Թրիփ նախագիծը տարածք չունի։ Եվ այս տրամաբանությամբ, քանի որ մենք ունենք վավերացրած միջազգային պայմանագիր, որը Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն իրավաբանական ուժ ունի, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տարբեր տեղերում կարող են իրականացվել Թրիփ նախագծեր»,- ասաց նա։
Վարչապետը նաև ընդգծեց, որ տարանցիկ խողովակաշարերը պարտադիր չէ, որ անցնեն ՀՀ-ի հարավով։
«Ամենևին փաստ չէ, որ եթե հույս ունենք կամ համոզմունք ունենք մի օր Հայաստանով անցնի տարանցիկ գազամուղ, ամենևին փաստ չէ, որ այդ գազամուղը անցնելու է Հայաստանի հարավով։ Կամ երբ Հայաստանի Հանրապետությունով անցնի նավթամուղ, ամենևին էլ փաստ չէ, որ այդ նավթամուղը անցնելու է Հայաստանի հարավով»,- շեշտեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ նախնական քննարկումները ցույց են տալիս, որ ավելի հավանական է դրանց անցնումը բոլորովին այլ երթուղիներով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

