Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է գործարար Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ՝ Գոհար Քյալյանի հիմնադրած «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը պատկանող՝ Երևանի Աբովյան 10 հասցեի անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցը մերժելու վճիռը։ Դատախազության հաղորդմամբ՝ ընկերությունը չի կատարել գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման համար երկու տարվա ընթացքում 150 մլն դրամ ներդնելու պայմանագրային պարտավորությունը։ Առաջին ատյանի դատարանը հայցը մերժել էր վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, սակայն Վերաքննիչ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը և գործն ուղարկել նոր քննության։

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով Դատախազության հայցը մերժելու մասին Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 27-ի վճիռը։

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության (հիմնադիրներ՝ Սամվել Մայրապետյան և նրա կին՝ Գոհար Քյալյան)՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով:

Հայցի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ գնորդի համար սահմանված՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 տարվա ընթացքում, գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով 150 մլն դրամի ներդրման պարտականությունը չէր կատարվել:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ՝ հայցադիմումը վարույթ ընդունելը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ վեճը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով:

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2025 թվականի մայիսի 22-ին ներկայացրել էր վերաքննիչ բողոք:

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2025 թվականի հունիսի 26-ի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժել էր՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 2025 թվականի մայիսի 14-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 4-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով:

Վարչական դատարանը 2025 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ եզրահանգել էր, որ վեճը չի բխում հանրային իրավահարաբերություններից, քանի որ առկա են պայմանագրից բխող քաղաքացիաիրավական հարաբերություններ, հետևաբար, գործն ընդդատյա չէ Վարչական դատարանին. ներկայացված հայցադիմումը վերահասցեագրվել էր Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ՝ գործն ուղարկել էր Վճռաբեկ դատարան՝ գործի ենթակայությունը որոշելու նպատակով:

Վճռաբեկ դատարանը 2025 թվականի օգոստոսի 14-ի՝ «Գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին» որոշմամբ գտել էր, որ վերոնշյալ գործը ենթակա է Հակակոռուպցիոն դատարանին:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 27-ի վճռով ՀՀ գլխավոր դատախազության հայցը մերժվել էր հայցային վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բավարարել է։ Դատարանը հիմնավոր է համարել Դատախազության դիրքորոշումը՝ հայցային վաղեմության ժամկետի մեկնարկի սկիզբը հենց Դատախազության իրազեկման պահը համարելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ դատախազը հանդես է գալիս պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու՝ օրենքով նախատեսված ինքնուրույն լիազորությամբ, և չի գործում որևէ մարմնի անունից կամ փոխարեն։ Այսինքն, առաջնային իրավասություն ունեցող մարմնի կողմից համապատասխան հայցի չհարուցելը հիմք է դատախազի հայց հարուցելու բացառիկ լիազորության ծագման համար, սակայն դա չի հանգեցնում դատախազի կողմից այդ մարմնի դատավարական կարգավիճակի ստանձնմանը, քանի որ դատախազության դատավարական կարգավիճակը բխում է անմիջականորեն օրենքով իրեն վերապահված պետության կամ համայնքի գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորությունից:

Այսպիսով, գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Հիշեցնենք, որ դատախազի հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (2 դրվագ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) (2 դրվագ): Մեղադրանք է առաջադրվել տվյալ ժամանակահատվածում ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Կ.Կ.-ին։