Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
Քաղաքականություն
30.10.2026 | 16:38
Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում սկսվել է բնակիչների տարհանումը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի օմբուդսմեն Յանա Լանտրատովան և Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, գրում է Meduza-ն։
«Մենք գտնվում ենք Օլեշկիում։ Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք ցանկանում են մեկնել Ռուսաստանի Դաշնության տարածք, այնտեղ էլ՝ մարդիկ, որոնք ցանկանում են մեկնել Ուկրաինայի տարածք։ Բոլորին նման հնարավորություն կտրամադրվի, մարդիկ աստիճանաբար նստում են ավտոբուս»,- տելեգրամում հրապարակված տեսանյութում պատմել է Լանտրատովան։
Կարճ ժամանակ անց տեսանյութը հեռացվել է։
Արախամիան էլ հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունն անվտանգ հասել է Օլեշկի, որտեղ սկսվել են բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը։
Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը տեսանյութ է հրապարակել և հաստատել, որ գտնվում է քաղաքում։
«Լռության ռեժիմն արդեն 80 ժամ է՝ գործում է և շարունակվում։ Այժմ ես գտնվում եմ տեղում և զրուցում եմ տեղի բնակիչների հետ՝ նրանց կարիքները պարզելու և հասկանալու, թե ինչ օգնություն է նրանց անհրաժեշտ առաջին հերթին», – հայտարարել է Լուբինեցը։
Ռուսաստանն ու Ուկրաինան դադարեցրել են ռազմական գործողությունները Օլեշկիում՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ իրականացվող մարդասիրական առաքելության համար։ Լռության ռեժիմն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 27-ի առավոտյան և կգործի մինչև նոյեմբերի 1-ի ուշ երեկո։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

