Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
Քաղաքականություն
30.10.2026 | 13:53
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը։ Կողմերն արձանագրել են գործընթացում գրանցված առաջընթացը և անդրադարձել միգրացիայի կառավարման, անկանոն միգրացիայի կանխարգելման ու սահմանների համալիր կառավարման հարցերին։
Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական Հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Փոխվարչապետը կարևորել է վիզաների ազատականացման գործընթացը՝ որպես ԵՄ երկրների հետ ՀՀ քաղաքացիների շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման կարևոր ուղղություն։
Երկուստեք արձանագրվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրագործման ուղղությամբ գրանցվածառաջընթացը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միգրացիայի կառավարման համակարգի կատարելագործմանը՝ ներառյալ անկանոն միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև վերադարձի և հետընդունման ընթացակարգերի բարելավմանը և սահմանների համալիր կառավարման ոլորտում կատարվող աշխատանքներին։

