Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանում վերջին անգամ ժանտախտ հիվանդություն արձանագրվել է 1975 թվականին, և անհանգստանալու կարիք չկա, քանի որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը պարբերաբար մշտադիտարկում է իրականացնում, կրծողների շրջանում հարուցիչ չի հայտնաբերվել։ Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում ասաց ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմախչյանը։
Նա մանրամասնեց հիվանդության առանձնահատկությունները, բուժման հնարավորություններն ու Հայաստանում տիրող իրավիճակը։
«Ժանտախտը բնական օջախային, ծանր ընթացքով զոոնոզ հիվանդություն է, այսինքն՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչն է Yersinia pestis մանրէն»,- ասաց Չախմախչյանը։
Նրա խոսքով՝ վարակի փոխանցման հիմնական ուղիներից մեկը տրանսմիսիվն է, այսինքն՝ փոխանցողների միջոցով։ Հիվանդության հիմնական պահոց են մանր կաթնասուններն ու կրծողները, իսկ հիմնական փոխանցողները՝ լվերը։ Վարակված լվերը կարող են կրծողներից անցնել մարդուն, խայթել և փոխանցել վարակը։
Մարդը կարող է վարակվել նաև վարակված կենդանիների կամ նրանց մսեղիքի հետ շփման հետևանքով, երբ հարուցիչը ներթափանցում է մաշկով։ Գոյություն ունի նաև օդակաթիլային փոխանցման ուղի, երբ ախտահարվում են թոքերը։ Այս դեպքում վարակը կարող է փոխանցվել մարդուց մարդուն՝ հազի, փռշտոցի կամ շնչառության ընթացքում արտազատվող աերոզոլի կաթիլներով։
Չախմախչյանը նշեց նաև հիվանդության այլ ձևերը՝ բուբոնային, ակնային և սեպտիկ։ Բուբոնային ձևի դեպքում մաշկով ներթափանցած հարուցիչը հասնում է մոտակա ավշային հանգույցներին՝ առաջացնելով բորբոքում և պինդ գոյացություն՝ բուբոն։ Սեպտիկ ձևի ժամանակ հարուցիչը տարածվում է ամբողջ օրգանիզմում, իսկ ակնային ձևը կարող է զարգանալ աչքի լորձաթաղանթի ախտահարման հետևանքով։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան

