Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
Քաղաքականություն
02.10.2026 | 21:13
Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները խարույկներ են վառել դպրոցների շենքերի մոտ և բախվել ոստիկանության հետ։ Բողոքի շարժումը, որը հանգեցրել է շուրջ 400 դպրոցների փակման, շարունակվում է, գրում է France 24-ը։
Այս շարժումը, որը սկսվել է անցյալ շաբաթ Փարիզի շրջանում և արագ տարածվել ամբողջ երկրով մեկ, հանգեցրել է ավագ դպրոցի ավարտական դասարանների աշակերտների կողմից շենքերի մուտքերի փակմանը և ոստիկանության հետ բախումների։ Աշակերտները նշում են, որ իրենց դասաժամերը չափազանց երկար են, պայմանները՝ ոչ բավարար, այդ թվում՝ դասասենյակները գերտաքացած են, իսկ աշխատակիցների բացակայությունները՝ չափազանց շատ։ Կառավարությունը հայտարարել է, որ աշակերտների դժգոհությունները հիմնավոր են, սակայն դատապարտել է «քաղաքային բռնությունը»։
Աշակերտները ոստիկանությանը մեղադրել են ուժի չափազանց մեծ կիրառման մեջ և հայտարարել, որ բողոքի ակցիաները ցրելու նպատակով արցունքաբեր գազով նռնակների պարբերաբար կիրառման հետևանքով մարդիկ վնասվածքներ են ստացել։
Ուրբաթ Փարիզում հրդեհի հետևանքով վնասվել են երկու ավագ դպրոցների մուտքերը։
Կրթության նախարար Էդուար Ժեֆրեյը հայտարարել է, որ «ավագ դպրոցի աշակերտների շարժումը պատանդ է դարձել ծայրահեղ բռնի խմբավորումների կողմից»՝ հավելելով, որ նախատեսվում է փակել երկրում գործող 3700 ավագ դպրոցներից շուրջ 400-ը։
Շատ ավագ դպրոցներ նախատեսել են դասերն անցկացնել հեռավար եղանակով, մասնավորապես՝ հարավային Մարսել քաղաքում։
Շարժման մեկնարկից ի վեր առնվազն 65 աշխատակից է վիրավորվել, այդ թվում՝ 40 ավագ դպրոցի տնօրեն, Ժեֆրեյը հայտնել է BFMTV-ին։ Շուրջ 170 աշակերտ վիրավորվել է, իսկ ավելի քան 100 ավագ դպրոց «լուրջ վնասներ» է կրել։
«Ծնողները պետք է հստակորեն միջամտեն և իրենց երեխաներին ասեն՝ չգնալ բողոքի ակցիաներին: Այժմ կարևոր է ապահովել, որ մեր երեխաներն այլևս փողոցներում չլինեն, քանի որ նրանք վտանգի տակ են»,- ասել է նա։
Արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ դատախազներին խնդրել է ծնողներին պատասխանատվության ենթարկել բողոքի ակցիաների ընթացքում նրանց երեխաների պատճառած վնասի համար և նրանցից պահանջել «վերանորոգման ծախսերի վճարում»։ Շարժման մեկնարկից ի վեր շուրջ 2000 մարդ է բերման ենթարկվել, որոնց 90 տոկոսը եղել են անչափահասներ։
Արևմտյան Ֆրանսիայի Բրեստ քաղաքում գտնվող Կերիշենի ավագ դպրոցի մոտ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, հայտնել է AFP-ի լուսանկարիչը։
Բողոքի ակցիաները նաև մեծ քաղաքական արձագանք են առաջացրել՝ նախագահական ընտրություններից շուրջ կես տարի առաջ։ Կառավարությունը մեղադրում է ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» (LFI) կուսակցությանը շարժման հետևում կանգնած լինելու մեջ, որի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը կրկին առաջադրվում է նախագահի պաշտոնի համար։
Սակայն LFI-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Մանուել Բոմպարը կառավարությանը մեղադրել է «դավադրության տեսությունների մեջ խորասուզվելու» մեջ։
Լարվածությունը թուլացնելու նպատակով Ժեֆրեյը հայտարարել է, որ ուրբաթ հանդիպելու է կրթության ոլորտի արհմիությունների և ավագ դպրոցի աշակերտների միությունների ներկայացուցիչների հետ՝ երկխոսության ընդհանուր հիմք գտնելու համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

