Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Քաղաքականություն
25.09.2026 | 20:25
Ռուսաստանում «Եդինայա Ռոսիա»-ն պաշտոնապես ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը Պետական դումայի ընտրություններում, մինչդեռ արտերկրում բացված բազմաթիվ ընտրատեղամասերում կուսակցությունը պարտվել է՝ Երևանում ստանալով ընդամենը 13,95%, Բելգրադում՝ 4,09%, իսկ Դուբայում՝ 16,07%։ Այս մասին է վկայում ռուսական անկախ «Ագենստվո» լրատվամիջոցի վերլուծությունը։ Վերոնշյալ բոլոր վայրերում հաղթել է «Նոր մարդիկ» կուսակցությունը, ասվում է OC Media-ի անդրադարձում։
Երևանում «Եդինայա Ռոսիա»-ն 13,95% ձայնով զբաղեցրել է երրորդ տեղը։ «Նոր մարդիկ» կուսակցությունը հաղթել է՝ ստանալով 50,44%, իսկ կոմունիստները երկրորդ տեղում են՝ 25,01%։ Վրաստանում ընտրատեղամասեր չեն ստեղծվել։ Բաքվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կուսակցությունը հաղթել է Ուկրաինա Ռուսաստանի լիամասշտաբ ներխուժումից հետո կայացած առաջին խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների 34,63%-ը։ «Նոր մարդիկ» կուսակցությունը ստացել է 26,48%, իսկ կոմունիստները երրորդ տեղում են՝ 21,85% ձայնով։
Թեև Ռուսաստանից դուրս «Եդինայա Ռոսիա»-ի արդյունքներն ավելի ցածր են, պաշտոնական արդյունքները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կուսակցության համար ավելի դրական էին, քան անկախ էքզիթփոլերի կանխատեսումները։
Պետական դումայի՝ հանգստյան օրերի ընտրությունների ընթացքում անցկացված երկու հարցումները՝ «Vote Abroad» նախագիծը և ընդդիմադիր «Վեսնա» շարժման ու «Progress» նախագծի հարցումը, կանխատեսում էին «Եդինայա Ռոսիա»-ի աջակցության զգալիորեն ավելի ցածր մակարդակ։ Օրինակ՝ վերջին էքզիթփոլի արդյունքներով՝ Հայաստանում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել էր ընդամենը 4,28%։ «Progress» նախագծի տնօրեն Իվան Ժդանովը Euronews-ին տված մեկնաբանությունում կասկածի տակ է դրել իրենց կանխատեսման և պաշտոնական արդյունքի միջև եղած մեծ տարբերությունը՝ այդ հակադրությունն անվանելով «շատ կտրուկ»։
Միջազգային կառույցներն ու ռուսական ընդդիմությունը կասկածի տակ են դրել ընտրությունների օրինականությունը։
Ներխուժմանը դեմ արտահայտվող միակ կուսակցությունը՝ «Յաբլոկո»-ն, անցյալ ամիս Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշմամբ հեռացվել էր ընտրական ցուցակներից և կարողացել էր միայն սակավաթիվ թեկնածուների առաջադրել միամանդատ ընտրատարածքներում։ Կուսակցությունն ամբողջ երկրում ոչ մի մանդատ չի ստացել, իսկ առաջադրված թեկնածուները հայտնել են ճնշումների մասին։ Նրանցից մեկը՝ Յուլիա Կուզնեցովան, անհետացել էր քվեարկության առաջին օրվա նախօրեին։ Թեկնածուի կողմնակիցները հայտնել են, որ նա այժմ ապահով է, սակայն հրաժարվել են լրացուցիչ մանրամասներ ներկայացնել՝ «որևէ մեկին չվնասելու համար»։
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասն անտեսել է ընտրությունների արդյունքը՝ X-ում հայտարարելով, թե «Ռուսաստանում մնացել է միայն ժողովրդավարության պատրանքը», և նշելով, որ «Կրեմլը ճնշել է այլախոհությունը, թույլ չի տվել մասնակցել ընտրություններին Ուկրաինայում պատերազմին դեմ հանդես եկող միակ գրանցված կուսակցությանը և արգելափակել է միջազգային դիտորդների մուտքը»։
Նոր կանոնների համաձայն՝ արտերկրում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները կարող էին քվեարկել միայն դաշնային կուսակցությունների օգտին, այլ ոչ թե միամանդատ ընտրատարածքների թեկնածուների օգտին։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ այդ փոփոխությունն արվել է վարչական գործընթացները հեշտացնելու համար։ Քանի որ «Յաբլոկո»-ն դուրս էր մնացել դաշնային կուսակցությունների ընտրացուցակից, փոփոխության արդյունքում արտերկրում գտնվող ռուսաստանցիներն այլևս չէին կարող քվեարկել այս կուսակցության օգտին։ Սակայն շատերը, ի նշան բողոքի, ընտրատեղամասեր էին գնացել խնձորներով։
Թեև «Նոր մարդիկ» կուսակցությունը դեմ է արտահայտվել ինտերնետի՝ ժողովրդականություն չվայելող անջատումներին և սոցիալական ցանցերի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին, այս քաղաքական ուժն ուղղակիորեն չի ընդդիմանում Պուտինին և պաշտպանել է Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը։ Այնուամենայնիվ, քանի որ օրինական ընդդիմության մեծ մասն արգելված է, ռուսական իշխանությունների հայտնի քննադատներ Մաքսիմ Կացը և Յուլիա Նավալնայան ռուսաստանցի ընտրողներին խորհուրդ են էին պաշտպանել ցանկացած այլ կուսակցության՝ բացի իշխող ուժից։
«Յաբլոկո»-ի առաջնորդ Նիկոլայ Ռյաբոկովը քննադատել էրայս ռազմավարությունը՝ պնդելով, որ իրական ընդդիմության բացակայության պայմաններում Կրեմլին հավատարիմ կուսակցություններին աջակցելը ընտրողներին դարձնում է վարչակարգի հանցակից։ Քվեարկության վերջին օրը՝ կեսօրին, մարդաշատ ընտրատեղամասերի կադրերը (երբ ընդդիմադիր ակտիվիստները կոչ էին արել ընտրողներին ներկայանալ՝ Պուտինի հանդեպ ընդդիմադիր կեցվածք դրսևորելու նպատակով) ռուսական պետական լրատվամիջոցները դա օգտագործել էին ընտրությունների նկատմամբ ոգևորության տպավորություն ցուցադրելու համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

