TRIPP-ի իրագործումը պատմական նշանակություն է ունենալու Հայաստանի համար․ զուգահեռ սպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը․ Փաշինյան

Լուրեր

25.09.2026 | 10:39
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ, կանանց թիմը՝ առաջատարի հետ
25.09.2026 | 10:31
Ռուսաստանի շրջաններում և Ղրիմում ուկրաինական ԱԹՍ-ները գործարաններ են թիրախավորել․ զոհ և վիրավորներ կան
25.09.2026 | 10:11
Էրդողանը սպանել է հազարավոր խաղաղ քրդերի, ժխտում է Հայոց ցեղասպանությունը․ Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից մեղադրանքներ է հնչեցրել
25.09.2026 | 10:08
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.09.2026 | 10:03
TRIPP-ի իրագործումը պատմական նշանակություն է ունենալու Հայաստանի համար․ զուգահեռ սպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը․ Փաշինյան
25.09.2026 | 09:45
Միրզոյանն ու Բայրամովը Նյու Յորքում քննարկել են խաղաղության պայմանավորվածությունների առաջընթացն ու տրանսպորտային ապաշրջափակումը
25.09.2026 | 09:31
Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները կփոխվեն, Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապերը դինամիկ են, առանցքային են հարևանները․ Փաշինյան
25.09.2026 | 09:19
Հայաստանում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին․ Փաշինյան
25.09.2026 | 09:03
«Արտաքին ու ներքին ուժերը պետության զավթման պլան էին մշակել»․ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից՝ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 02:47
Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում․ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 23:24
Ապարան քաղաքում, Կայք բնակավայրում, Վանաձոր քաղաքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
24.09.2026 | 23:15
Հայկական ծագման արտահանումը Չինաստան աճել է 76, ԵՄ՝ 69 տոկոսով. Պապոյան
24.09.2026 | 22:59
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ
24.09.2026 | 22:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.09.2026 | 22:37
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել հայկական արտադրանք գնել
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում։

Ստորև ելույթից մի հատված․

«2025 թվականի օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ եւ անձնական մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացել մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի համար։

Այս առիթով նախ ուզում եմ անդրադառնալ՝ ինչին նախագահ Թրամփը երկու օր առաջ հղում արեց այս ամբիոնից։ Այո ասել եմ եւ հիմա էլ վերահաստատում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը բերած բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության եւ խաղաղության հաստատմանն ուղղված նրա վճռական հանձնառության։

Նախագահ Թրամփի անձնական ներկայությունը գործնական եւ խորհրդանշանական արտահայտություններ ունի նաեւ գետնի վրա։

2025 թվականի օգոստոսի 8–ին Սպիտակ տանը տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով ընդունված Խաղաղության հռչակագրի չորրորդ կետում ասվում է․ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։

TRIPP նախագծի իրագործումն, ըստ այդմ, շոշափելի քայլերով իրականություն է դառնում։ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ նահանգների միջեւ ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրն առաջիկայում կվավերացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում։

Հիմա մենք Միացյալ Նահանգների կառավարության հետ աշխատում ենք «TRIPP development company» ընկերության ստեղծման եւ բաժնետիրական համաձայնագրի ստորագրման վրա։

Ըստ այդմ, սկզբնական շրջանում Հայաստանը 26 տոկոս բաժնեմաս կունենա «TRIPP development company»–ում, իսկ ԱՄՆ–ն՝ 74 տոկոս։ Համաձայնագիրը նախատեսում է, որ այն երկարաձգելու պարագայում 50–րդ տարում Հայաստանի Հանրապետության բաժնեմասը կդառնա 49 տոկոս՝ առանց լրացուցիչ ներդրման։

TRIPP նախագծի գործնական արտահայտություններից մեկը 2025 թվականի օգոստոսի 8–ին իմ եւ Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված եւ ԱՄՆ նախագահի կողմից՝ որպես վկա ստորագրված Խաղաղության հռչակագրի 3–րդ կետի իրագործումն է լինելու։

Հռչակագրի 3–րդ կետում ասվում է․ «Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների (այսինքն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի) միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։

Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։

TRIPP նախագծի իրագործումը պատմական նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։ Վաղ 90–ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն կստանա Ադրբեջանի, այսպիսով նաեւ Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի հետ։ Չնայած, պետք է ընդգծել, որ 2025 թվականի օգոստոսի 8–ի Խաղաղության գագաթնաժողովից հետո Ադրբեջանն իր երկաթուղին բացել է Հայաստանի համար, եւ հիմա մենք Վրաստանի տարածքով երկաթուղային կապ ունենք Ադրբեջանի հետ։

TRIPP նախագծի իրագործումը Հայաստան–Ադրբեջան երկաթուղային ուղիղ կապ կստեղծի, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան եւ Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան երկաթուղային կապ, որովհետեւ Հայաստանն իր հյուսիսային եւ հարավային շրջանների միջեւ երկաթուղային կապ չունի, եւ դա գործնականում հնարավոր է միայն Ադրբեջանի Հանրապետության Նախջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքով, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ չունի իր Նախջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, եւ դա գործնականում հնարավոր է միայն Հայաստանի տարածքով։

Առաջիկայում մենք կվերականգնենք Հայաստանի Հանրապետության Մեղրիի եւ Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած եւ հետագայում ավիրված երկաթուղային հատվածները, եւ իմ նշած երկաթուղային հաղորդակցությունները կբացվեն։

Բայց սա ունենալու է նաեւ հսկայական միջազգային նշանակություն, որովհետեւ նշված երկաթուղիների կառուցմանը զուգահեռ մենք սպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը։

TRIPP նախագծի հետ միասին սա կարող է միջազգային լոգիստիկայի ոլորտի վերջին տասնամյակների կարեւորագույն իրադարձություններից մեկը դառնալ, որովհետեւ այսպիսով՝ երկաթուղային նոր հաղորդակցություն կբացվի Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի եւ Եվրոպական միության միջեւ։

Այս ամենը մեկ այլ շրջադարձային հնարավորություն է բացում միջազգային լոգիստիկայի համար, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության Նախջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ երկաթուղային կապի վերականգնումը՝ վերականգնում է նաև երկաթուղային հաղորդակցությունը Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ։ Սա կարեւոր նրբություն է, որովհետեւ ցույց է տալիս, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս է TRIPP նախագծի իրագործումը մեծ օգուտներ խոստանում մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, եւ այս պոտենցիալ օգուտները կարող են երկարաժամկետ կայունության եւ խաղաղության անկյունաքար դառնալ, առավել եւս՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

Շուրջ 35 ամյա կոնֆլիկտից հետո հիմա մենք քննարկում ենք TRIPP նախագծի շրջանակներում արեւելքից արեւմուտք երկաթուղուց բացի խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, ճանապարհներ կառուցելու հարցերը, եւ սա հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ»։