Հիանալի բարեկամություն, արդար մրցակցություն, ԱԲ-ի վերահսկողություն. Սի Ցզինպինի ու Թրամփի հանդիպման առանցքային կետերի հետքերով
Քաղաքականություն
25.09.2026 | 11:29
Չինաստանի առաջնորդի՝ վերջին 10 տարվա ընթացքում Վաշինգտոն կատարած առաջին այցի ժամանակ Սի Ցզինպինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրենց երկրներն անվանել են աշխարհի առաջատար տերություններ և միմյանց համագործակցության ու արդար մրցակցության կոչ են արել։ Նրանք նաև հայտնել են, որ, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն արհեստական բանականության զարգացումը, որը, ըստ Չինաստանի առաջնորդի, պետք է մնա մարդու վերահսկողության ներքո։ Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության անդրադարձում։
Հինգշաբթի երեկոյան՝ Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի բանակցությունների առաջին փուլից հետո, չինական «Սինհուա» գործակալությունը հայտնել է, որ առաջնորդները «մտքեր են փոխանակել» Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, Ուկրաինայի պատերազմի և Կորեական թերակղզում իրավիճակի վերաբերյալ։ Սպիտակ տանը կայանալիք հանդիպման նախօրեին Թրամփը կնոջ՝ Մելանիայի հետ անձամբ է դիմավորել Սի Ցզինպինին Մերիլենդ նահանգում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում։ ԱՄՆ նախագահը վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ է օդանավակայանում անձամբ դիմավորել օտարերկրյա առաջնորդի։ Վերջին անգամ նման պատվի 2015 թվականին Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք արժանացրել էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, իսկ դրանից առաջ՝ 1962 թվականին, նախագահ Ջոն Քենեդին օդանավակայանում դիմավորել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մաքմիլանին։
Չինաստանի առաջնորդը ժամանել է Սպիտակ տուն, որտեղ Թրամփի հետ հանդես է եկել լրագրողների առջև։ Նրանք նաև ներկա են գտնվել զինվորականների մասնակցությամբ արարողության, որն անցկացվել է ԱՄՆ նախագահների նստավայրի հարևանությամբ գտնվող Վարդերի այգում։ ԱՄՆ-ի պատվո պահակախումբը տեղակայվել է Արևմտյան թևի և Օվալաձև աշխատասենյակի վերևում գտնվող սյունաշարի տանիքին։ Զինվորականները ձեռքերում պահել են ԱՄՆ-ի և Չինաստանի դրոշները։
Հրապարակման մեջ նշվում է, որ Օվալաձև աշխատասենյակի վերևում ամերիկացի զինվորականների տեսարանը չափազանց անսովոր է։ Այսպիսի տպավորիչ տեսարանն արտացոլում է Թրամփի՝ Սի Ցզինպինի այցը Սպիտակ տուն առավելագույնս հանդիսավոր դարձնելու ցանկությունը։
Թրամփի և Սի Ցզինպինի՝ Սպիտակ տան հանդիպման կադրերը հեռուստաալիքները ուղիղ եթերում չեն ցուցադրել, ինչպես սովորաբար լինում է։ Պատճառը ԱՄՆ-ի առաջատար լրատվամիջոցների կողմից նախագահի դեմ բոյկոտն է՝ Սպիտակ տան մուտքը Politico-ի, MS Now-ի և CNN-ի լրագրողների համար արգելելու նրա որոշման պատճառով։ Հինգշաբթի առավոտյան դատարանը կարգադրել է ապահովել այդ լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն։ Նախագահի անվտանգության ծառայությունն սկզբում նրանց ներս չի թողել, սակայն այնուհետև ենթարկվել է դատարանի որոշմանը։
Ինչի մասին են խոսել Դոնալդ Թրամփն ու Սի Ցզինպինը
Բանակցությունների գնալուց առաջ Թրամփն ու Չինաստանի առաջնորդը հանդես են եկել հայտարարություններով։ ԱՄՆ նախագահի ելույթը մի փոքր ավելի կարճ էր, քան Սի Ցզինպինինը։ Թրամփը Սիի հետ իր հարաբերությունները բնութագրել է որպես շատ բարեկամական։
«Իմ և նախագահ Սիի միջև բարեկամություն է ձևավորվել, իսկապես հիանալի բարեկամություն, որը կառուցված է փոխադարձ հարգանքի և մեր ժողովուրդների կենսական շահերի վրա»,- ասել է Թրամփը։
Չնայած նման հռետորաբանությանը՝ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները շարունակում են բավական լարված մնալ։ Նրանց միջև գլխավոր խնդիրն առևտրային պատերազմն է, Սպիտակ տան ղեկավարը բարձր մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների նկատմամբ։ Այժմ կողմերը մինչև հունվար հրադադար են հաստատել առևտրային պատերազմում։
Սի Ցզինպինի՝ Սպիտակ տանը ունեցած ելույթում կարելի էր տեսնել այս առևտրային պատերազմի վերաբերյալ ակնարկ։
«Չինաստանն ու ԱՄՆ-ը կշահեն համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կկորցնեն առճակատումից։ Մենք չպետք է խուսափենք մրցակցության մասին խոսելուց, սակայն մեր մրցակցությունը պետք է լինի առողջ և չանցնի որոշակի սահմանները։ Դա պետք է լինի մրցավազք, որում երկու կողմերն էլ փորձում են հասնել միմյանց, այլ ոչ թե պայքար, որտեղ ինչ-որ մեկը հաղթում է կամ պարտվում»,- ասել է Չինաստանի առաջնորդը։
Թրամփը, իր հերթին, հայտարարել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները «ձգտում են ավելի հավասարակշռված առևտրային հարաբերությունների, այդ թվում՝ ամերիկացի ֆերմերների և ռանչոների սեփականատերերի համար չինական շուկա հասանելիության ընդլայնման»։
Միաժամանակ, Չինաստանի առաջնորդը հայտարարել է, որ իր երկիրը և ԱՄՆ-ը պարտավոր են պահպանել լավ հարաբերություններ, քանի որ դրանից է կախված աշխարհի ճակատագիրը։
«Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների պայմաններում Չինաստանի և ԱՄՆ-ի՝ որպես երկու առաջատար տերությունների համար չափազանց կարևոր է ստանձնել պատմական պատասխանատվություն մարդկության առաջընթացի և զարգացման համար»,- ասել է Սի Ցզինպինը։
Ինչ են նրանք ասել արհեստական բանականության մասին
Ինչպես և սպասվում էր՝ երկու առաջնորդներն էլ հայտնել են, որ մտադիր են քննարկել արհեստական բանականության տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը։
Սպիտակ տանը ունեցած իր ելույթում Սի Ցզինպինն արհեստական բանականության խնդրին անդրադարձել է հետևյալ կերպ․ «Մեր երկու երկրներն էլ ունեն հնարավորություններ և պատասխանատվություն՝ զարգացնելու և կառավարելու արհեստական բանականությունն այնպես, որ այն ծառայի բարի նպատակների։ Մենք պետք է ապահովենք, որ արհեստական բանականությունը միշտ մնա մարդու վերահսկողության ներքո»։
Ամերիկյան որոշ տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցներ կոչ են արել որոշ չափով դանդաղեցնել արհեստական բանականության գործիքների զարգացումը՝ հենց այն մտավախությունների պատճառով, որ դրանք կարող են դուրս գալ վերահսկողությունից և վնաս հասցնել մարդկությանը։
ԱՄՆ այցի ընթացքում Չինաստանի առաջնորդը կրկին դիմել է նաև, այսպես կոչված, «պանդաների դիվանագիտությանը»՝ այն պրակտիկային, որի շրջանակում Պեկինը պանդաներ է տրամադրում տարբեր երկրների կենդանաբանական այգիներին, որոնց հետ ձգտում է պահպանել լավ հարաբերություններ։ Սի Ցզինպինը հայտնել է, որ առաջիկա օրերին Ատլանտայի կենդանաբանական այգում Չինաստանից երկու պանդա կհաստատվեն։ Բացի այդ, նա հայտարարել է առաջիկա հինգ տարիների ընթացքում 100 հազար երիտասարդ ամերիկացիների ուսումնական փոխանակման ծրագրերով Չինաստան հրավիրելու մտադրության մասին։
Բանակցություններից հետո Սի Ցզինպինը Թրամփի և ԱՄՆ տեխնոլոգիական ոլորտի ղեկավարների, այդ թվում՝ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի, OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանի, Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի հետ մասնակցել է շքեղ պաշտոնական ընթրիքի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

