102-րդ ռազմաբազայի պայմանագիրը չեղարկելը հեշտ բան չէ, այն էլ՝ ատոմային տերության հետ․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.09.2026 | 21:00
ՀՀ-ն կարող է 102-րդ բազայի մնալու պայման դնել, որ ՌԴ-ն հոգա ծախսերն ամբողջությամբ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 20:49
Էրդողանի մրցակից Անկարայի քաղաքապետը դուրս է եկել ընդդիմադիր կուսակցությունից
23.09.2026 | 20:40
Ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Լեհաստանի սահմանը
23.09.2026 | 20:29
«Մենք ահաբեկչության զոհ ենք»․ Փեզեշքիանի հայտարարությունը ՄԱԿ-ի ամբիոնից
23.09.2026 | 20:20
Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորությունները
23.09.2026 | 20:09
ԱՄՆ-ը Պուտինին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
23.09.2026 | 20:00
102-րդ ռազմաբազայի պայմանագիրը չեղարկելը հեշտ բան չէ, այն էլ՝ ատոմային տերության հետ․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 19:50
Հերթական խոշոր պարգևատրումը․ 87 մլն դրամ՝ ՀԿԿ-ի ծառայողներին
23.09.2026 | 19:41
Ուկրաինան համաձայնել է անհապաղ և անվերապահ հրադադարի․ ՄԱԿ-ի անդամ 51 երկրներ կոչ են արել Ռուսաստանին նույնն անել
23.09.2026 | 19:30
«Հեռախոսը գողացել են սրճարանից»․ ինչո՞ւ IMEI կոդի առկայությունը չի օգնում գտնել հանցագործներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 19:20
ԵՄ Խորհուրդը սեպտեմբերի 24-ին կհաստատի Հայաստանին առևտրային արտոնություններ տրամադրելու որոշումը՝ առանց քննարկման
23.09.2026 | 19:10
Յոթ կալանավոր հացադուլ է հայտարարել. նրանցից երկուսը 28-րդ օրն է՝ առանց սննդի են
23.09.2026 | 19:03
Համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ
23.09.2026 | 19:00
ՌԴ-ն բազմիցս խախտել է երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը, ՀՀ-ն կարող է խզել այն՝ միջազգային իրավունքին համարժեք․ Գագիկ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 18:51
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ
Բոլորը

Ռուսաստանին Գյումրիի 102-րդ ռազմաբազան պետք է, սակայն Հայաստանը պետք է հասկանա, թե ինչ նպատակներով է այն տեղակայված իր տարածքում։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այս մասին ասաց Factor TV-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, Երևանը չի առարկի։

«Հիմա մենք ունենք բազա․ դա պահեստ է, մեծ պահեստ, որտեղ զինվորական համազգեստով մարդիկ ծառայություն են տանում Հայաստանի տարածքում։ Իրենց Ռուսաստանի դոկտրինի հետ կապված՝ մենք չգիտենք, թե ինքն ինչ նպատակների համար է որպես բազա տեղակայված Հայաստանի տարածքում»,- ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ ռազմաբազան Հայաստանի համար նախկինում ունեցել է օգտակար նշանակություն, այդ թվում՝ սպառազինության ձեռքբերման հարցում։

«Մեզ այդ բազան կարող է օգտակար լինել, և ենթադրում եմ, որ եղել են շատ իրողություններ, որ այդ բազան մեզ օգտակար է եղել»,- նշեց նա։

Հարցին՝ կարո՞ղ է մատնանշել այդ օգտակարությունը, Քոչարյանը պատասխանեց, որ, անհրաժեշտության դեպքում, բազայից օպերատիվ կերպով սպառազինություն են ստացել։ Նա ընդգծեց, որ դա եղել է 2018 թվականից առաջ։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության հեռահար նպատակների մասին չի կարող խոսել, սակայն Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող պայմանագրով պաշտոնական Երևանը ռազմաբազայի դուրսբերման հարց չի բարձրացրել։

«Ես կդժվարանամ Ռուսաստանի նախագահի փոխարեն պատասխանել, թե ինչ հեռահար նպատակ էր հետապնդում այդ հարցը բարձրացնելիս։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ պայմանագրով մենք այդ հարցը չենք բարձրացրել»,- ասաց  նա։

Քոչարյանի խոսքով՝ եթե Ռուսաստանը համարում է, որ ռազմաբազան այլևս Հայաստանի տարածքում խնդիր չպետք է լուծի, կարող է այդ հարցով առաջարկություններ ներկայացնել Հայաստանի իշխանություններին։

Միաժամանակ, նա նշեց, որ բազայի նշանակությունը պետք է դիտարկել՝ հաշվի առնելով երկու երկրների շահերն ու անվտանգային ռիսկերը։

«Որպես նախկինում ուժային կառույցներում եղած և ղեկավարած անձնավորություն՝ ես կարող եմ ասել, որ Ռուսաստանին 102-րդ բազան պետք է։ Ուրիշ բան է, թե այդ բազան ինչին է պետք, ա՛յ, այդտեղ մենք պետք է ամեն ինչ կշռադատենք, որովհետև բազան մեզ համար կարող է լինել որպես պահեստ, բայց Ռուսաստանի համար կարող է լինել նաև ռազմական ուժ»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Քոչարյանն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը՝ նշելով, որ ռուսական ստորաբաժանումները չեն կարողացել լուծել իրենց առջև դրված անվտանգային խնդիրը։

Նրա խոսքով՝ ավելի քան 2 հազար ռուս զինծառայողներ իրենց տեխնիկայով տեղակայվել էին համապատասխան տարածքներում, սակայն 2023 թվականին Արցախի հայաթափումը տեղի ունեցավ նրանց աչքի առաջ։

«Կյանքը ցույց տվեց, որ ռուսական ռազմաբազան, որը խնդիր պետք է լուծեր Լեռնային Ղարաբաղում, այնուամենայնիվ, չկարողացավ այդ խնդիրը լուծել։ Միայն բազայի հնարավորություններն օգտագործելով՝ այնտեղ չկարողացավ լուծել, որովհետև 2000-ից մի քիչ ավելի անձնակազմ իրենց տեխնիկայով տեղակայվեցին համապատասխան տարածքներում անվտանգությունն ապահովելու համար, և մեր աչքի առաջ տեղի ունեցավ այն, ինչն ավարտվեց նրանով, որ ռուսական ստորաբաժանումների աչքի առաջ Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում բանակցային գործընթացում առաջացած խնդիրներն աստիճանաբար խորացել են, իսկ Ադրբեջանը, միջազգային աջակցություն ունենալով, ուժի միջոցով լուծել է Լեռնային Ղարաբաղի հարցը։

«Մենք ինչ-որ պահի ունեցել ենք բանակցային գործընթացից պրոբլեմներ, որը խորանալով՝ եկավ հասավ նրան, որ հակառակ կողմը, ձևավորելով իր զինված ուժերը, ունենալով նաև միջազգային աջակցություն այնպիսի երկրների, ինչպիսին Թուրքիան է, Պակիստանն է, Իսրայելն է, որոշեցին հարմար պահը և ուժի միջոցով լուծեցին Լեռնային Ղարաբաղի խնդիրը, իսկ ռուսական բազան այդտեղ անելիք ուներ նաև նոյեմբերի 9-ից հետո, որը չի արվել»,- նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը Ռուսաստանի նախագահի հայտարարությունը որպես սպառնալիք է դիտարկում, Քոչարյանը հստակ գնահատական չտվեց՝ նշելով, որ այլևս ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի պարտականությունները չի կատարում։

Անդրադառնալով ռազմաբազայի տեղակայման պայմանագրին՝ նա նշեց, որ այն ունի գործողության ժամկետ մինչև 2044 թվականը, իսկ չեղարկումը կարող է ունենալ հետևանքներ։

«Ինչ-որ բան պետք է տեղի ունենա, որ պայմանագիրը չեղարկվի, իսկ չեղարկելը պետք է ունենա հետևանք»,- ասաց Քոչարյանը։

Նա չի կարծում, որ 2022 թվականի իրադարձությունների ժամանակ ռուսական կողմի չմիջամտելն ինքնին բավարար հիմք է պայմանագիրը չեղարկելու համար։

«Ո՛չ, դա իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում։ Պայմանագիրը չեղարկելու հիմքը կարող է չգտնենք։ Վերջին հաշվով՝ տեղի ունեցան իրողություններ, որոնց պատճառները քննվել են քննիչ հանձնաժողովում։ Վարչապետը 10 ժամ քննիչ հանձնաժողովում ներկայացրել է բանակցային պրոցեսներից սկսած մինչև 44-օրյա պատերազմի ընթացքն ու հետևանքները։ Կա զեկույց, որը մի օր շատ հարցերի պատասխան ի վիճակի է տալու»,- ասաց պատգամավորը։

Քոչարյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է լինի հավասարակշռված՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։

«Չեղարկելն այդքան հեշտ բան չէ, այն էլ այնպիսի երկրի հետ, որը, ըստ էության, ատոմային տերություն է։ Ռուսաստանի հետ պետք է շատ բալանսավորված երկխոսություն ձևավորվի, որտեղ պետք է գնահատվեն բոլոր ռիսկերը»,- ասաց նա։

Ռազմաբազայի պահպանման հետ կապված ծախսերի և վարձավճարի մասին հարցին ի պատասխան՝ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը որոշակի ծախսեր կատարում է, սակայն ռուսական կողմն էլ իր հերթին է ծախսեր անում Գյումրիում։

«Որոշակի ծախսեր կատարում է։ Բայց նրանք էլ ծախսեր են անում բազայի ներսում, որն արտացոլվում է Գյումրիում։ Զինվորականներն ընտանիքներով ապրում են, ծախսեր են անում»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ վարձավճարի հարցը պետք է դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր համատեքստում։ 

«Ես կարծում եմ, որ կարգավորումն արվում է ոչ համաչափ, բայց հիմա վարձավճարի խնդիրը չէ, նպատակները նախ պետք է հասկանանք։ Վարձավճարը միայն բազայով պետք է չպայմանավորել․ այստեղ կան ձեռնարկություններ, որտեղ իրենք քիչ վարձավճարով տնօրինում են տարածքները։ «Գույք պարտքի դիմաց» պրոցեսում իրենք 110 միլիոնի դիմաց ստացան շատ ավելի մեծ կարողություններ։ Պետք է նայել հայ-ռուսական հարաբերությունները ինչ մակարդակի վրա են և այդ մակարդակում ռիսկեր պարունակում են մեր համար, թե չէ»,- նշեց նա։

Քոչարյանը նաև ասաց, որ նախկինում ռազմաբազայի բացակայությունը Հայաստանի համար լուրջ խնդիրներ կստեղծեր։

«Որպես պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ՝ վստահաբար ասում եմ, որ որոշակի ժամանակաշրջանում այդ բազայի չգոյությունը մեր համար լուրջ խնդիրներ կստեղծեր»,- ընդգծեց նա։

Քոչարյանի խոսքով՝ Ռուսաստանում ծանր են տանում նաև Հայաստանի՝ Եվրամիության հետ գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը։

«Իրենք անընդհատ հիշեցնում են, որ Հայաստանում օրենք է ընդունվել Եվրամիության հետ գործընթաց սկսելու մասին, շատ ծանր են տանում այդ փաստը»,- նշեց նա։

Անդրադառնալով հնարավոր հանրաքվեի հարցին՝ Քոչարյանն ասաց, որ այն կարող էր ցնցումների առիթ դառնալ։

Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև արցախցիների վերադարձի հնարավորությանը, Ադրբեջանի հայտարարություններին՝ կապված հայկական պատմամշակութային ժառանգության հետ, եկեղեցի-պետություն հարաբերություններին, ինչպես նաև Հայկ Սարգսյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան