ԵՄ-ն մոտ է Ուսմանովին պատժամիջոցների ցանկից հանելու՝ Փարիզի պահանջի շուրջ գործարքին՝ Բաքվում բանտարկված ֆրանսիացիների ազատ արձակման դիմաց

Լուրեր

21.09.2026 | 22:48
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
21.09.2026 | 22:34
Բռնցամարտի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչում Հայաստանն ունի 5-րդ ներկայացուցիչը
21.09.2026 | 22:16
ԵՄ-ն մոտ է Ուսմանովին պատժամիջոցների ցանկից հանելու՝ Փարիզի պահանջի շուրջ գործարքին՝ Բաքվում բանտարկված ֆրանսիացիների ազատ արձակման դիմաց
21.09.2026 | 21:59
Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
21.09.2026 | 21:46
Կրթությամբ, աշխատանքով, վճարված հարկերով ուժեղացրեք ձեր պետությունը, և ձեր պետությունն ավելի կուժեղացնի ձեզ. վարչապետ
21.09.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.09.2026 | 21:13
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի դատավարությունն է մեկնարկել
21.09.2026 | 20:58
Politico-ն, CNN-ը և MS NOW-ն դատի են տվել Թրամփին, որը փակել է լրատվամիջոցների լրագրողների համար մուտքը Սպիտակ տուն
21.09.2026 | 20:44
Ումի՞ց ենք կախված հիմա. քաղաքացիները` Անկախության 35-ամյակի մասին
21.09.2026 | 20:44
Փաշինյանի ուղերձը Հանրապետության հրապարակից․ ՈԻՂԻՂ
21.09.2026 | 20:31
Դաժանորեն ծեծել է հաշմանդամություն ունեցող երեխային․ նոր մանրամասներ՝ Խարբերդի մանկատան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 20:24
Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը «կորցրել է վերահսկողությունը» իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ
21.09.2026 | 20:24
Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
21.09.2026 | 20:10
«Այս եղեգներին ձեռք չտան»․ բողոք՝ Աղի լճի բարեկարգման ծրագրի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 19:54
Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ խաղափուլում
Բոլորը

ԵՄ երկրների դեսպանները մոտենում են համաձայնության, որը պետք է վերջ դնի Ֆրանսիայի՝ ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովին պատժամիջոցների ցանկից հանելու պահանջի շուրջ ստեղծված փակուղուն, որպես միջոցառումների փաթեթի մաս, որը կարող է հանգեցնել Ադրբեջանում բանտարկված Ֆրանսիայի երկու քաղաքացիների ազատ արձակմանը, գրում է Euronews-ը։

Իռլանդիան, որը ռոտացիոն սկզբունքով վեց ամիս ժամկետով նախագահում է ԵՄ Խորհրդի աշխատանքները, փոխզիջումային տարբերակ է առաջարկել․ պատժամիջոցների ցանկից հանել Ուսմանովին և ռուսաստանցի մեկ այլ գործարարի՝ Միխայիլ Ֆրիդմանին՝ պատժամիջոցների ռեժիմը միանգամից 36 ամսով աննախադեպ ժամկետով երկարացնելու դիմաց։ Այս քայլի նպատակն է ապագայում խուսափել նմանատիպ փակուղային իրավիճակից, Euronews-ին հայտնել են դիվանագետները։

Դեսպանները երկուշաբթի առավոտյան հանդիպել են, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։ Նրանք պետք է ավելի ուշ կրկին հավաքվեն, քանի որ համաձայնության հասնելու պահանջով ճնշումը մեծանում է։

«Հնարավոր գործարքի ուրվագծերն արդեն տեսանելի են»,- ասել է դիվանագետներից մեկը։

Ֆրանսիայի կոշտ դիրքորոշումը բանակցությունները հասցրել է կրիտիկական կետի․ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցելու մեջ մեղադրվող ավելի քան 2600 անձանց և կազմակերպությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցների գործողության ժամկետը լրանում է երեքշաբթի կեսգիշերին, եթե մինչ այդ համաձայնություն ձեռք չբերվի։ Պատժամիջոցների երկարաձգման համար յուրաքանչյուր վեց ամիսը մեկ պահանջվում է բոլոր անդամ երկրների միաձայն աջակցությունը։ Մի քանի օր տևած խորհրդակցություններից հետո դիվանագետները պատրաստվում են այնպիսի ելքի, որի դեպքում Ուսմանովը կհեռացվի պատժամիջոցների ցանկից, թեև այդ հեռանկարը շատերի համար քաղաքական առումով չափազանց դժվար է ընդունել։

«Այժմ բազմաթիվ տարբերակներ են քննարկվում»,- նշել է երկրորդ դիվանագետը։

Արդեն երկու տարի է՝ Ուզբեկստանը, այլ թյուրքական պետությունների հետ համատեղ, լոբբինգ է իրականացնում Ուսմանովին պատժամիջոցների ցանկից հանելու ուղղությամբ՝ դիմելով ԵՄ կառույցներին և անդամ մի շարք պետությունների։ Ուսմանովն ունի Ռուսաստանի և Ուզբեկստանի քաղաքացիություն։

Նրա փաստաբանները նույնպես ակտիվորեն ձգտում են նրան հանել ցուցակից։ Ըստ Euronews-ի՝ Ուզբեկստանի և Ֆրանսիայի իշխանությունները կուլիսներում համաձայնության են եկել, որի համաձայն՝ Ուսմանովը կհեռացվի ցուցակից՝ Ադրբեջանի կողմից Ֆրանսիայի երկու քաղաքացիների բանտից ազատ արձակելու դիմաց։ Այս գործարքը վրդովմունք է առաջացրել մի շարք անդամ պետությունների շրջանում, որոնք վախենում են նախադեպից, որը կարող է ստեղծվել։

Պայմանավորվածության շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է ներում շնորհելու մասին հրամանագիր ստորագրի։

ԵՄ-ն Ուսմանովին պատժամիջոցների ցանկում ներառել է լայնածավալ ներխուժման առաջին օրերին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա «սերտ կապերի» և Ռուսաստանի տնտեսության «առանցքային ոլորտներում» ունեցած շահերի պատճառով, որոնք պետությանը «զգալի» եկամուտ են ապահովում։ 73-ամյա գործարարը հերքում է այդ մեղադրանքները։

Ֆրանսիան պաշտոնապես չի հաստատում հնարավոր փոխանակման մասին տեղեկությունները, իսկ ֆրանսիացի պաշտոնյաները հրաժարվում են մեկնաբանել իրավիճակը՝ սահմանափակվելով ազգային անվտանգության հարցերին հղումներով և չբացահայտելով մանրամասները։

2024 թվականի սեպտեմբերից Փարիզը նախազգուշացնում է Ադրբեջան մեկնելու հարցում՝ «ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարության վտանգի» պատճառով։

«Ձերբակալության կամ կալանավորման դեպքում հիմնարար իրավունքների պահպանումը երաշխավորված չէ»,- ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության նախազգուշացման մեջ, որը շարունակում է ուժի մեջ մնալ։

Մինչ Բրյուսելում բանակցությունները ձգձգվում են, Ուկրաինան կոչ է արել դաշնակիցներին՝ և՛ Ուսմանովին, և՛ Ֆրիդմանին պահել պատժամիջոցների ցանկում։

«Ինչպե՞ս կարելի է լրջորեն քննարկել պատժամիջոցների չեղարկումը, քանի դեռ Ռուսաստանի պատերազմը շարունակվում է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահի՝ պատժամիջոցների հարցերով խորհրդական Վլադիսլավ Վլասյուկը։

Հավելենք, որ սեպտեմբերի 18-ին Reuters-ի հետ զրույցում անանուն մնալու պայմանով Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետը հերքել էր Ուսմանովի հետ կապված  լոբբինգ անելը։ Նա նշել էր, որ Ադրբեջանը բացահայտորեն աջակցել է Ուսմանովին արևմտյան պատժամիջոցների ցանկերից հանելուն, սակայն չի փորձել ազդել Արևմուտքում որոշումների կայացման վրա։

«Ադրբեջանը երբեք չի միջամտել կամ ներգրավված չի եղել ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում պատժամիջոցների գործընթացներում»,- ասել էր դիվանագետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի