ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
24.07.2026 | 20:53«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է Հայաստանից կաթնամթերքի իրացումը Ռուսաստանում։ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը հայկական կաթնամթերքը համարել է ոչ անվտանգ և հայտնել, որ այդ կերպ կանխում է վտանգավոր վարակների ներթափանցումը։
«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնում է, որ հուլիսի 14-21-ը ստուգումներ է անցկացրել Հայաստանում գործող կաթնամթերք արտադրող այն ձեռնարկություններում, որոնք ռուսական շուկա մուտք գործելու թույլտվություն էին ստացել։ Ռուսական կողմի պնդմամբ՝ արձանագրվել են նաև նախկինում՝ 2023-2024 թվականներին հայտնաբերված խախտումներ։
Ստուգումներ իրականացվել են հայկական կաթնամթերք արտադրող չորս կազմակերպություններում։ Դրանցից մեկի աշխատակիցը մեզ փոխանցեց, որ իրենք էլ են այսօր իմացել սահմանափակումների մասին։ Հարցին՝ արդյո՞ք մինչ այս անխոչընդոտ արտահանումներ իրականացվել են, աշխատակիցը պատասխանեց, որ ընկերությունը սպասում էր ռուսական կողմի ստուգումներին։
«Մենք սպասում էինք, որ պետք է գային ստուգումների, դրանից հետո ամեն ինչ պարզ կլիներ։ Այսինքն՝ արհեստականորեն ամեն ինչ հետաձգվել էր, մինչև ստուգողները կգային»,- ասաց ընկերության ներկայացուցիչը։
Ըստ աշխատակցի՝ ստուգման ժամկետի մասին նախապես հստակ տեղեկություն չեն ունեցել, ռուսական կողմը 1-2 օր առաջ է տեղեկացրել ու այցելել։
«Ռոսսելխոզնադզոր»-ը պնդում է՝ Ռուսաստան մատակարարվող մթերքի արտադրության համար օգտագործվել է հիվանդություններով վարակված կենդանիներից ստացված կաթ և, չնայած նախկին հավաստիացումներին, բարձր յուղայնությամբ մթերքի արտադրությունում օգտագործվել է երրորդ երկրների հումք։ Սահմանափակումների տակ հայտնված ընկերություններից մեկը հերքեց պնդումը, թե կենդանիները վարակված են եղել։
«Կարծում եմ՝ հարցը զուտ քաղաքական է, ուրիշ ոչ մի խնդիր չկար»,- նշեց նա։
«Ռոսսելխոզնադզոր»-ի պնդմամբ՝ Հայաստանում չկա համակարգ, որը կապահովի կաթի և կաթնային հումքի ծագման ու անվտանգության վերահսկումը։ Գերատեսչությունը նաև մտահոգություն է հայտնել ֆիզիկական անձանցից մթերվող կաթի և լաբորատոր կարողությունների վերաբերյալ ու եզրակացրել՝ Հայաստանը չի կարողանում պատշաճ վերահսկողություն իրականացնել գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ։
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Factor TV-ին հայտնեցին, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի և ՍԱՏՄ-ի մասնագետները համատեղ են վերահսկողություն իրականացրել հայկական կաթնամթերք արտադրող չորս կազմակերպություններում։ Ռուսական կողմն ուսումնասիրել է փաստաթղթերը, սակայն դեռևս չի տրամադրել եզրակացություններ։
«Թեև դեռ չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել։ Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ արտադրության մեջ օգտագործվող հումքն անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ»,- ընդգծեց ՍԱՏՄ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։
Անդրադառնալով «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդմանը, թե արձանագրված խախտումները նույնական են 2023-2024 թվականներին հայտնաբերված խախտումներին, ՍԱՏՄ խոսնակն ասաց՝ այս փուլում չեն ցանկանում դա մեկնաբանել։ Տեսչական մարմինն այժմ սպասում է «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական պատասխանին։
Ավելի վաղ՝ հունիսի 29-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օգոստոսին սպասվող ԵՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ՌԴ վարչապետի հետ հանդիպմանը, Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասել էր․ «Պատժամիջոցների բառը ճիշտ չէ, պատժամիջոց չկա և չի կարող լինել, այլ թեմա կա, բնականաբար, կքննարկենք»։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ քարոզարշավի ընթացքում պարբերաբար հայտարարում էր, թե հունիսի 8-ից հետո ամեն ինչ կկարգավորվի, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունները, առայժմ լուռ է։
Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների մեծածավալ ալիք սկսեց նախընտրական շրջանում՝ ապրիլի վերջից։ Նախ, արգելեցին «Ջերմուկ» հանքային ջրի ներկրումն ու վաճառքը, ապա սահմանափակումները տարածվեցին ծաղկի և ալկոհոլային խմիչքների վրա, այնուհետև կիրառվեց գյուղմթերքի արտահանման արգելք։ Հունիսի սկզբին արդեն «Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ իրականացրեց հայկական ձկնաբուծարաններում և ամբողջությամբ արգելվեց հայկական ձկան և ձկնամթերքի ներմուծումը Ռուսաստան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

