Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
Հասարակություն
22.07.2026 | 21:26
Արարատ քաղաքում համայնքային երկու հողամասերն անհատույց՝ նվիրաբերության կարգով կփոխանցվեն «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին։ Ընկերությունը, իր հերթին, պարտավորվում է կառուցապատման արդյունքում բնակարաններ և հասարակական տարածք փոխանցել Արարատ համայնքին։ Այս մասին նշվում է Կառավարության հուլիսի 23-ի նիստի օրակարգային հարցերից մեկում։
Խոսքը Ս․Շահումյան փողոցի 20 և 37/1 հասցեների մասին է։ Խորհրդային տարիներին այդ հասցեներում բազմաբնակարան շենքեր են եղել։ Շենքերի քանդման ժամանակ բնակիչները ազատել են իրենց բնակարանները՝ պայմանով, որ նույն տարածքներում նոր շենքեր կառուցվելու դեպքում բնակարան կստանան։ Շինարարությունը սկսվել է, սակայն չի ավարտվել, իսկ քաղաքաշինական փաստաթղթերը չեն պահպանվել։ Այդ պատճառով անավարտ շինությունները գրանցվել են որպես ինքնակամ կառույցներ։ Դրանք ներկայում տեխնիկապես անբավարար վիճակում են, չեն համապատասխանում գործող նորմերին և ենթակա են քանդման։
Նախագծի հիմնավորմամբ՝ 48 ընտանիք մինչև հիմա չի ստացել նախատեսված բնակարանը, և համայնքը, որպես նախկին տեղական իշխանության իրավահաջորդ, շարունակում է կրել այդ պարտավորությունը։
«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն 2026 թվականի փետրվարի 11-ին Արարատի համայնքապետարան է ներկայացրել ներդրումային ծրագիր՝ առաջարկելով կառուցապատման համար իրեն նվիրաբերել՝
- Ս․ Շահումյան փողոց 20 հասցեի՝ 0.25608 հա հողամասը,
- Ս․ Շահումյան փողոց 37/1 հասցեի՝ 0.10762 հա հողամասը։
Այսինքն՝ ընդհանուր առմամբ ընկերությանը պետք է փոխանցվի շուրջ 0.364 հա համայնքային հող։
Հողամասերի վրա կան երկու անավարտ ինքնակամ շինություններ՝ համապատասխանաբար 1231.3 քմ և 451.11 քմ մակերեսներով։ Դրանք նոր սեփականատերը պետք է քանդի, որից հետո կառուցի նոր շենքերը։
Ծրագրով մինչև 2030 թվականը նախատեսվում է՝
- կատարել ավելի քան 3 միլիարդ դրամի ներդրում,
- կառուցել 2 բազմաբնակարան շենք,
- ունենալ ընդհանուր առմամբ 198 բնակարան,
- ստեղծել մոտ 50 աշխատատեղ։
198 բնակարաններից՝
- 48 բնակարան պետք է անհատույց փոխանցվի Արարատ համայնքին,
- յուրաքանչյուր բնակարանի միջին մակերեսը պետք է լինի մոտ 68 քմ,
- համայնքն այդ բնակարանները պետք է տրամադրի նախկին պայմանագրերով բնակարան ստանալու իրավունք ունեցող ընտանիքներին կամ նրանց իրավահաջորդներին,
- մնացած 150 բնակարանները ընկերությունը վաճառելու է՝ իր ներդրումը վերադարձնելու և շահույթ ստանալու նպատակով։
Բացի բնակարաններից՝ ընկերությունը համայնքին պետք է անհատույց փոխանցի մոտ 686 քմ հասարակական նշանակության տարածք, որը նախատեսվում է հետագայում օգտագործել որպես նոր գրադարան։
Ստացվում է, որ ընկերությունը սեփականության իրավունքով անհատույց ստանում է երկու հողամասերը՝ առկա կիսակառույցների հետ միասին։
Փաստաթղթում նշված մոտարկված կադաստրային արժեքներն են՝
- Ս․ Շահումյան 20 հասցեի գույք՝ մոտ 4.81 միլիոն դրամ,
- Ս․ Շահումյան 37/1 հասցեի գույք՝ մոտ 2.02 միլիոն դրամ։
Ընդհանուր նշված արժեքը մոտ 6.83 միլիոն դրամ է։
Փաստաթղթի հեղինակները համեմատության համար հաշվարկել են, որ համայնքին փոխանցվող 48 բնակարանների և գրադարանի տարածքի պայմանական ընդհանուր արժեքը կարող է կազմել շուրջ 1,417 միլիարդ դրամ, ինչը բազմակի գերազանցում է հողամասերի նշված կադաստրային արժեքը։ Սակայն սա նախագծում ներկայացված հաշվարկ է՝ բնակարանների համար մեկ քառակուսի մետրը 350 հազար դրամ, իսկ հասարակական տարածքի համար՝ 400 հազար դրամ գնահատմամբ։
Նախատեսվում է, որ Արարատ համայնքի ղեկավարը ընկերության հետ կնքի նվիրաբերության պայմանագիր։ Պայմանագրում պետք է նախատեսվի, որ եթե ընկերությունը չկատարի ստանձնած պայմանները, փոխանցված գույքը՝ առանց համայնքի կողմից փոխհատուցում վճարելու, կրկին անցնում է համայնքի սեփականությանը։
Նաև սահմանվում է հինգ տարվա ժամկետ․ եթե ծրագրի մեկնարկից հետո հողամասերը հինգ տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվեն կամ չկառուցապատվեն, Արարատի մարզպետը պետք է նախաձեռնի կառավարության որոշումն ուժը կորցրած ճանաչելու գործընթաց, իսկ համայնքը՝ լուծի ընկերության հետ կնքված պայմանագիրը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծում կանխատեսվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում պետական բյուջե կարող է հավաքագրվել շուրջ 1 միլիարդ դրամ հարկային եկամուտ։
Եվգենյա Համբարձումյան

