Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելի՞ է․ ինչպես է օրենքով կարգավորվում պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը
Հասարակություն
10.06.2026 | 18:00
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հարցաքննվել է Քննչական կոմիտեում։ Նրան մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու հոդվածով։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցները գրել են այն մասին, որ Ծառուկյանը ցանկացել է լքել Հայաստանը, սակայն չի կարողացել։ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն, պարզաբանել է, որ օդանավակայանի անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ-որ բան պետք է ճշտեն, ինչին ի պատասխան Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ, և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։
Դրանից հետո միայն Դատախազությունը հայտնել է, որ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, ու այսօր, փաստորեն, նա կանչվել է Քննչական կոմիտե։
Ծառուկյանի պաշտպանը պնդում է․ նրան մեղադրանք ներկայացնելուց առաջ պետք էր ստանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը, քանի որ նա դեռևս պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունի, իսկ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը այսօր, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, որ պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը պահպանում է մինչև մանդատների բաշխումը, սակայն միևնույն ժամանակ դիտարկեց, որ, ըստ մամուլում առկա տեղեկատվության, Ծառուկյանին վերագրվում է արարք, որը, ըստ վարույթի, կատարվել է մինչև նրա՝ պատգամավորի թեկնածու եղած ժամանակահատվածը։
Factor TV-ն փորձել է պարզել պատգամավորի թեկնածուն անձեռնմխելության ինչ երաշխքներ ունի օրենքով, արդյոք այն տարածվում է նաև մինչև թեկնածու լինելը կատարված ենթադրյալ արարքների նկատմամբ, մինչև որ փուլն է գործում այդ երաշխիքը և արդյոք պետք է հաղթահարվեր նրա անձեռնմխելությունը։
Այսպես՝
Ընտրական օրենսգրքի 15-րդ գլխով սահմանվում են պատգամավորի թեկնածուի կարգավիճակին վերաբերող հարաբերությունները։
Մասնավորապես՝ այս գլխում ներառված 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝
- Պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:
Այսինքն՝ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու բոլոր դեպքերում պետք է նախապես դիմել ԿԸՀ-ին՝ համաձայնություն ստանալու հարցում, իսկ ինչ վերաբերում է նրան ազատությունից զրկելուն, ապա ընդհանուր կանոնն այն է, որ այս դեպքում ևս պետք է ունենալ ԿԸՀ-ի համաձայնությունը։ Այս կանոնից բացառություն է կազմում միայն այն իրավիճակը, երբ պատգամավորը բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։
Արդյոք Գագիկ Ծառուկյանը ընտրություններից հետո շարունակում է համարվել պատգամավորի թեկնածու
Այս հարցը կարգավորվում է ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածով։ Հոդվածի 1-ին մասի համաձայն՝
- Պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման պահից: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:
Ինչպես հայտնի է, ԿԸՀ-ն դեռևս վերահաշվարկներ է կատարում, այսինքն՝ Ազգային ժողովը չի ընտրվել, մանդատներ չեն բաշխվել, ինչից հետևում է, որ պատգամավորի թեկնածուները շարունակում են պահպանել իրենց թեկնածուի կարգավիճակը։
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումը հարուցվել է երեկ՝ ավելի վաղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանաներում, և ԿԸՀ-ի նորմերի վերլուծությունից կարելի է հանգել հետևության, որ Ծառուկյանի նկատմամբ հետապնդում հարուցելուց առաջ անհրաժեշտ էր դիմել ԿԸՀ և ստանալ համաձայնություն, ինչը չի արվել։
Ինչ է ակնարկում Վահագն Հովակիմյանը
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր, խոսելով Ծառուկյանի մասին, լրագրողներին հորդորել է նրա անձեռնմխելությանն առնչվող հարցով դիմել Դատախազությանը, բայց միևնույն ժամանակ դիտարկել է, որ նրան վերագրվող արարքը վերաբերում է մինչև թեկնածու եղած ժամանակահատվածին։ Սա կարող է հնչել որպես ակնարկ այն մասին, որ մինչև թեկնածու եղած արարքների նկատմամբ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունը չի տարածվում։ Մինչդեռ Ընտրական օրենսգրքի կարգավորումներից նման եզրահանգման գալ հնարավոր չէ, քանի որ Ընտրական օրենսգիրքը նման ուղիղ կարգավորում չունի, ավելին՝ Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումից բխում է, որ պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանելու ամբողջ ժամանակահատվածում անձեռնմխելի է՝ անկախ այն հանգամանքից, թե նրան ինչ բնույթի արարք է մեղսագրվում։ Այս կարգավորման տեսանկյունից էական է պատգամավորի թեկնածու լինելու ժամանակահատվածը, այլ ոչ թե վերագրվող արարքի բնույթը։
Համակարգային վերլուծության ենթարկելով անձեռնմխելիության ինստիտուտի վերաբերյալ կարգավորումները՝ կարելի է հատուկ կարգավիճակ ունեցող անձանց անձեռնմխելիության երկու տեսակ առանձնացնել՝ գործառութային և ընդհանուր։ Ընդհանուր անձեռնմխելության դեպքում հատուկ կարգավիճակ ունեցող անձն անձեռնմխելի է՝ անկախ այն հանգամանքից, թե նրան ինչ բնույթի, երբ կատարված արարք է վերագրվում։ Գործառութային անձեռնմխելիության դեպքում հատուկ կարգավիճակ ունեցող անձը անձեռնմխելի է միայն լիազորությունների իրականացման կապակցությամբ։
Օրինակ՝ ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվսածով սահմանվում է, որ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ, իսկ այլ դատավորների նկատմամբ՝ ԲԴԽ-ի համաձայնությամբ։
Այսինքն՝ նորմի ձևակերպումից ակնհայտ է դառնում, որ ՍԴ դատավորի և մյուս դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս ՍԴ-ի և ԲԴԽ-ի համաձայնությունը անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ նրանց վերագրվող արարքը կապված է նրանց դատավորի կարգավիճակից բխող լիազորությունների հետ։
Այսպես՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս, եթե նա ոչ դատավորի կարգավիճակով պայմանավորված ծեծկռտուքի մասնակից է եղել, ԲԴԽ-ի համաձայնությունն անհրաժեշտ չէ՛։ Սակայն եթե դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս անհրաժեշտ է նախ ստանալ ԲԴԽ-ի համաձայնությունը, քանի որ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելը կապված է նրա դատավորի լիազորությունների հետ։
Մինչդեռ պատգամավորի թեկնածուի դեպքում առկա չէ կարգավորում այն մասին, որ պատգամավորի թեկնածուին վերագրվող արարքը պետք է կապված լինի նրա թեկնածու լինելու կարգավիճակի հետ։ Ուստի՝ անկախ այն հանգամանքից, որ Ծառուկյանին վերագրվող արարքը կապված է հարկային ենթադրյալ չարաշահումների հետ, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց առաջ անհրաժեշտ էր ստանալ ԿԸՀ-ի համաձայնությունը։
Դատախազությանը խնդրել ենք պարզաբանել, թե ի՞նչ իրավական հիմնավորմամբ է Ծառուկյանի նկատմամբ առանց ԿԸՀ-ի համաձայնության հետապնդում հարուցվել, ինչին բանավոր չեն պատասխանել, գրավոր հարցում ենք ուղարկել։
Ինչ հետևանք կարող է առաջացնել անձեռնմխելիություն ունեցող անձի նկատամամբ հետապնդում հարուցելն առանց այն հաղթահարելու
Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանվում են քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, որոնց մեջ նշվում է նաև անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելը։ Մասնավորապես՝ օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝
1․ Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(…)
6.իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում ենթադրյալ հանցանք կատարած անձին չի զրկել անձեռնմխելիությունից:
Այսինքն՝ եթ հաստատվի այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը պետք է հաղթահարվեր, բայց չի արվել նախքան նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, սա անվերապահ հիմք կլինի նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու։
Ընդ որում՝ տվյալ դեպքում սա ռեաբիլիտացնող հիմք է, որի դեպքում արդարացված անձը նաև կարող է պետությունից փոխհատուցում պահանջել։
Արաքս Մամուլյան