Վախի մասին ընտրություն է․ չընտրեք ինձ՝ ադրբեջանցիները կգան, պատերազմ կլինի․ նվազում է վստահությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
Բոլորը

Հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները ոչ թե գաղափարների, այլ վախի մրցավազք էին, որի արդյունքում ատելության խոսույթն ու ապամարդկայնացումը քաղաքական դաշտից տեղափոխվեցին կենցաղային մակարդակ։ Factor TV-ի հետ զրույցում նման գնահատական տվեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ քարոզարշավի հիմնական նպատակը ոչ թե սեփական տեսլականը ներկայացնելն էր, այլ ընտրողներին հակառակորդով վախեցնելը։

Անդրադառնալով ընտրությունների հիմնական հարցադրմանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքական ուժերն այդպես էլ չպատասխանեցին քաղաքացու առջև ծառացած հարցերին։ 

«Այս ընտրությունները ես ընդհանրապես որակում եմ որպես վախի ընտրություն։ Բոլոր քարոզարշավային միտումները գնում էին վախեցնելու վրա, թե ինչպես վախեցնել՝ հակառակորդին չընտրելու համար, և ոչ թե՝ ինչու ընտրեք ինձ։ Մշտապես այդ հարցը մնաց օդից կախված»,- ասաց նա։

Ըստ իրավապաշտպանի՝ քարոզարշավը հիմնված էր սպառնալիքների վրա․ «Չընտրեք ինձ՝ կլինի պատերազմ, չընտրեք ինձ՝ ադրբեջանցիները կգան, չընտրեք ինձ՝ կլինի մի հերթական կատակլիզմ։ Այդ բոլոր վախերը, հատկապես՝ հետպատերազմյան ժողովուրդների մեջ, շատ վատ ազդեցություն են թողնում հասարակության վրա, և ուղիղ վախերի վրա արված ընտրությունը հետագայում չի ունենալու այն վստահությունն ապագայի նկատմամբ, որը կարող էր ստեղծել ընտրությունը՝ որպես ժողովրդավարական ինստիտուտ»։

Խոսելով ընտրակաշառքի դեպքերի մասին՝ Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ այս երևույթը վաղուց է արմատացել հասարակության մեջ, սակայն պետության արձագանքը մնում է անբավարար։ 

«Ես ուսումնասիրել եմ, թե ինչպիսի պատժելիություն ունի ընտրակաշառք տալ-վերցնելը։ Քանի՞ մարդ է դատապարտվել։ Շատ քիչ՝ 10-12 մարդ, որոնցից երկուսն են ընդամենը ազատազրկվել։ Դա նշանակում է, որ մենք ավելի շատ աղմուկ ենք հանում ընտրակաշառքի երևույթի շուրջ, քան իրականում կարողանում ենք բացահայտել, ապացուցել և ի վերջո պատժել այն անձանց, ովքեր անմիջականորեն ներհյուսված են այդ գործընթացի մեջ»,- ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ մարդը դիմում է ընտրակաշառք վերցնելուն, երբ քաղաքական ուժերը չեն տվել բավարար հենակետ և չեն կարողացել հասցնել այն գաղափարներն ու արժեքները, որոնց համար գալիս են իշխանության։

Զարուհի Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, որ քաղաքական դաշտում տիրող ատելության մթնոլորտը և պիտակավորումները հանգեցրել են հասարակության ապամարդկայնացման։ Նա որպես օրինակ բերեց քարոզարշավի ընթացքում պաստառ պոկելու համար ձերբակալված, ապա մահացած քաղաքացու դեպքը։

«Երբ տեսնում ես, որ այդ գործողության համար անձին ձերբակալում են, կալանավորում են, հետո տանում են հոգեբուժարան, հետո այնտեղ մարդը մահանում է, դա ուղիղ ազդակ է, որ ես ապրում եմ մի պետության մեջ, որտեղ անապահով եմ ինձ ցանկացած իրավազանցում անելուց։ Այսօր եկել են իր հետևից, վաղը կգան իմ հետևից»,- ասաց նա։

Հովհաննիսյանը հավելեց՝ գործելաոճը քաղաքական խոսույթը վերածում է կենցաղային բառապաշարի և ստեղծում ատելության անվերջ շղթա․ «Մենք ունենում ենք հասարակության կրկնակի վերարտադրություններ, եռակի, այսինքն՝ այն բուֆերային զոնան, որը քաղհասարակությունն էր և ժամանակին կարողանում էր խոսել արժեքներից, այս պահին այդքան ուժեղ չէ»։

Ըստ իրավապաշտպանի՝ ներհասարակական պառակտումը հաղթահարելու և ապատիայից դուրս գալու համար անհրաժեշտ է փոխել մոտեցումը և քաղաքական պիտակների հետևում տեսնել մարդուն։

«Ես այնքան երջանիկ եմ, որ ես ինքս իրավապաշտպան եմ, որովհետև ես անկախ նրանից՝ ազգությունից, ռասայից, պատկանելությունից, տեսնում եմ մարդուն դրա հետևում։ Ցավոք, մենք դեռևս չունենք այդ զգացողությունը՝ նույնիսկ մեր հարազատներին որպես մարդ ընկալելու։ Մենք պիտակավորում ենք։ Այդ պիտակավորումները մարդկանց հարաբերություններում մտցնում են ապամարդկայնություն։ Ապամարդկայնացման հասարակություն ենք մենք դառնում»,- եզրափակեց Զարուհի Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ ընտրությունը պետք է լինի հանուն արժեքի և մարդու, ոչ թե պարզապես անձի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան