«Փաշինյանի հիվանդությունը», «սպասվող պատերազմը Ռուսաստանի հետ» և «գազային խցիկները Արարատում». ինչպես է Կրեմլը ընտրություններից առաջ Հայաստանը հեղեղել ֆեյքերով․ Тhe Insider
Քաղաքականություն
29.05.2026 | 18:00
Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ երկիրը բախվել է Կրեմլից եկող ապատեղեկատվության աննախադեպ հոսքի։ The Insider-ը պարզել է, թե ովքեր են ստեղծում այս ֆեյքերը և, ի թիվս այլնի, հայտնաբերել է, որ Հայաստանում հայտնի քարոզչական թերթի՝ Wyoming Star-ի հետևում կանգնած է ԱԴԾ-ի հետ կապ ունեցող պրոֆեսիոնալ մատնիչ (доносчик) Ալեքսանդր Իոնովը, իսկ ինտերնետ-ֆեյքերի համակարգմամբ, ի թիվս այլոց, զբաղվում է АСП-ի (նախագահի վարչակազմի կապալառու) քաղաքական տեխնոլոգ Անդրեյ Պերլան, որը նախկինում աչքի էր ընկել Եվրոպայում, ԱՄՆ-ում և նույնիսկ Լատինական Ամերիկայում ապատեղեկատվական արշավներով։
«Աստղաբանները նախազգուշացնում են 2026 թվականի հունիսի կեսից մինչև հուլիսի կեսը «պայթյունավտանգ անկայունության» շրջանի մասին։ Այդ ընթացքում, նրանց հաշվարկներով, տրանզիտային Յուպիտերը քառակուսի կկազմի Նիկոլ Փաշինյանի նատալի (անհատական աստղագիտական քարտեզ) Ուրանի նկատմամբ։ Սա հաճախ խոստանում է հանկարծակի բացահայտումներ, զանգվածային անկարգություններ և իրադարձություններ, որոնք կարող են «զրոյացնել» բոլոր ձեռքբերումները»։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ նման բովանդակությամբ նյութ է հրապարակել erevan.one պորտալը՝ Մոսկվայում գրանցված մեդիա, որն, իբր, ուղղված է Ռուսաստանում բնակվող հայերին։
Այս հրապարակումից չորս ամիս առաջ Սոցիալական նախագծման գործակալության (АСП) գրասենյակից ՌԴ նախագահի գործերի վարչություն ուղարկված հաշվետվության մեջ նշված էր. «Երևան Առաջին» նախագիծ. գործարկվել է ԶԼՄ արտոնագրով կայքը։ Նախագծային ամսական ցուցանիշներ՝ 200 լոնգրիդ, 200 նորություն, 500 իլյուստրացիա, 10 վիդեո-արտադրանք։ Սոցցանցերի վարում՝ VK, Zen, Telegram, Facebook, X»։
Պրիգոժինի սպանությունից և նրա տրոլների ֆաբրիկայի լուծարումից հետո Իլյա Գամբաշիձեի ստեղծած АСП-ն դարձել է ֆեյքերի արտադրության ոլորտում Կրեմլի գլխավոր կապալառուն։ «Երևան Առաջին»-ի հեղինակների կողմից հորինված Փաշինյանի վերաբերյալ աստղաբանական կանխատեսումը АСП-ի հեղինակների նմանատիպ առաջին փորձը չէ․ նրանք աստղաբանների ներգրավմամբ կեղծ լրատվամիջոցներում բովանդակություն ստեղծել սկսել էին դեռ 2023-ին՝ կեղծ ԶԼՄ-ների արշավի շրջանակում, որը արևմտյան լրագրողները անվանել էին Doppelganger («կրկնօրինակ»)։ АСП-ում այս արշավն անցկացվում է ФГИА հապավման ներքո (սկզբնական թիրախային երկրներից՝ Ֆրանսիա, Իսրայել, Գերմանիա, ԱՄՆ), սակայն, ինչպես ցույց են տալիս АСП-ի ներքին փաստաթղթերը, նախագծի աշխատակիցներն արդեն սովորել են այն անվանմանը, որով իրենց կոչում են լրագրողները։ Մոսկվացի աստղագուշակ Վերա Զադորոշչենկոյի հեղինակությամբ Փաշինյանին վերաբերող կանխատեսումը АСП-ի սերվերներում պահված էր դեռ 2025 թվականի կեսերից։ «05.01.2026-ից <…> Պլուտոնի դրական տրանզիտային ասպեկտը Արեգակի նկատմամբ։ Փաշինյանի կամքի ուժն ու հավակնություններն աջակցություն են ստանում շատ ազդեցիկ կառույցների, էլիտաների և «ստվերային խաղացողների» կողմից»,- ասվում է փաստաթղթում, որին ծանոթացել է The Insider-ը։
Հավակնոտ նախագիծ՝ 6 հետևորդով
«Հայաստանի մասով հաջողություն կա․ Մարսելում էլիտար անշարժ գույք գնելու վերաբերյալ Փաշինյանի կոռուպցիոն պատմությունը տարածեցին հայկական ԶԼՄ-ներն ու սփյուռքում հասարակական կարծիքի առաջատարները։ Հերքել ստիպված էին նախ Փաշինյանի կինը, ապա ինքը՝ Փաշինյանը՝ զրպարտության և սկանդալի հրահրման մեջ մեղադրելով ընդդիմությանը՝ նախկին նախագահներ Քոչարյանին և Սարգսյանին։ Սկսվեց հրապարակային փոխհրաձգություն, մանրամասները՝ տեղեկանքում»։
Doppelganger-ի շտաբի աշխատակցուհին 2025 թվականի հունիսին որպես հաշվետվություն իր ղեկավարությանն այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություն է ուղարկել․ այն եղել է «Ռեպրեսիաների դեմ պայքարի հիմնադրամի» (դեռ Պրիգոժինի կողմից ստեղծված, սակայն այժմ ԱՊ-ի վերահսկողության տակ գտնվող) այլ «հետաքննությունների» հաշվետվությունների հետ միասին։ Դրանք վերաբերել են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին, որն, իբր, զբաղվում է ուկրաինացի երեխաներին պեդոֆիլներին վաճառելու բիզնեսով։ Եվս մեկ հաշվետվություն էլ վերաբերում է մի ֆեյքի տարածմանը, ըստ որի՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր մոր համար բնակարան է գնել Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերում։


АСП-ի փաստաթղթերից երևում է, որ պատվիրատուի տեսակետից «ճիշտ» կարծիքներ ձևավորելու համար նախատեսված ֆեյքերի տարածման կամ կեղծ ԶԼՄ-ների արշավները ձևակերպվում էին որպես մարքեթինգային արշավների հաշվետվություններ։ Վերլուծաբանները մանրակրկիտ հաշվում էին, թե տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներում որքան դիտում է հավաքել յուրաքանչյուր ֆեյք, որ լրատվամիջոցներն են այն վերահրապարակել, որքան դիտում են հավաքել հերքումները, ինչ լսարան են ունեցել ֆեյքը տարածած «կերակրված» բլոգերները, և լսարանային ընդգրկման որ մասն է եղել «բնական»։
2025 թվականի վերջին Փաշինյանի դեմ փորձնական ֆեյքերից հետո «պատվիրատուին»՝ այսինքն ՌԴ նախագահի աշխատակազմին, ներկայացվեցին մի քանի նոր գաղափարներ՝ նման այն նախագծերին, որոնք արդեն իրականացվել էին Doppelganger-ի շրջանակում ԵՄ երկրներում և Ուկրաինայում։ erevan.one պորտալը հենց այդպիսի pitch-երից մեկի իրականացումն է։ «Պարբերականի հիմնական նարատիվը․ Հայաստանը կարող է բարգավաճել միայն Ռուսաստանի հետ սերտ դաշինքում և նրա պաշտպանության ներքո։ Թիրախային լսարանը՝ Ռուսաստանում հայկական համայնքները, Հայաստանում ռուսալեզու հայերը։ Լսարանի ծավալը՝ ամսական մինչև 2,5 միլիոն եզակի օգտատեր»,- ասվում է նախագծի ներկայացման մեջ։ Ճիշտ է, դրա հեղինակները նույնիսկ չեն կարողացել հստակ նշել, թե Հայաստանում կոնկրետ երբ են սպասվում ընտրությունները՝ շփոթելով 2025 և 2026 թվականները։
Նույն տեղեկանքում նշված է, որ Ռուսաստանում հայկական համայնքի թվաքանակը կազմում է 1-ից 1,5 միլիոն մարդ, ուստի անհասկանալի է, թե բացառապես ռուսերեն նախագծի մոտ որտեղից կարող էր հայտնվել ամսական 2,5 միլիոն եզակի օգտատեր։ 2026 թվականի մայիսի դրությամբ նախագծի «ВКонтакте»-ի հետևորդների թիվը 81 է (նրանց ճնշող մեծամասնությունը նախագծի աշխատակիցներն են կամ նրանց ծանոթները, որոնք որևէ կապ չունեն Հայաստանի հետ), Facebook-ում՝ վեց մարդ։
Ծխողի Վիքիպեդիան («Վիքիպեդիայի աղավաղված տարբերակը»)
Մեկ այլ նախագիծ է այսպես կոչված «գիտելիքների ինքնալցվող բազա»-ն, ըստ էության՝ Վիքիպեդիայի կլոնը, որտեղ հոդվածների մի մասը պետք է խմբագրվեր՝ ընթերցողներին որոշ իրադարձությունների իրենց վարկածները հասցնելու համար։ Պատվիրատուին խոստացել են «օրական մոտ 5 հազար այցելություն առաջին երեք ամիսների ընթացքում, հետագա աճով՝ ամսական +30%», և նախագիծը հաստատվել է։

Սոցիալական նախագծման գործակալության հայկական ֆեյք Վիքիպեդիայի նախագիծը Կրեմլի պատվիրատուների համար
Քաղաքտեխնոլոգները վստահ էին այս օպերացիայի հաջողության վրա, քանի որ նման նախագիծ նախկինում արդեն իրականացվել էր Գերմանիայի համար։ Նման նախագծի նպատակներից մեկն է կայք բերել bot-crawler-ների մուտքեր, որոնք տեղեկատվություն են հավաքում chatbot-ների և լեզվական մեծ մոդելների՝ օրինակ Grok-ի կամ ChatGPT-ի ուսուցման և պատասխանների համար։ Սա թույլ է տալիս «թունավորել» chatbot-ների պատասխանները և դրանց միջոցով փոխանցել Կրեմլին անհրաժեշտ նարատիվները։ Այսպես, 2026 թվականի սկզբին, ըստ АСП-ի ներքին փաստաթղթերի` գերմանական «գիտելիքների բազայում» արդեն ավելի քան 200 հազար էջ կար (թեև հաշվետվության համար այդ թվերը կարող էին չափազանցված լինել)։ KPI-ներից (Արդյունավետության հիմնական ցուցանիշներ) մեկը սահմանվել էր որպես «6 արհեստական բանականության հարթակների ուսուցում խմբագրված հոդվածներով՝ ամսական 500»։
Հայաստանի համար Վիքիպեդիայի կլոնի նախագիծը, ըստ երևույթին, հաստատվել է․ այն կա АСП-ի կողմից 2026-ին իրականացվող նախագծերի ցանկում։ Ամենայն հավանականությամբ խոսքը spyurk.cyou պորտալի մասին է․ «Երևան Առաջինը» հաճախ այն նշում է որպես լուսանկարների աղբյուր՝ չնայած սովորական օգտատերը չի կարող բացել կայքը, բոլոր էջերում կա վերահղում դեպի Google-ի գլխավոր էջ։ Էջերի կոդը (պորտալի ներսում դրանք մի քանիսն են) կասկածելի տեսք ունի և նման է խարդախության։ Նրա ֆունկցիոնալությունը նման է doorway-ների՝ էջերի, որոնք արհեստականորեն բարձրացվում են որոնողական արդյունքներում, սակայն օգտատիրոջ մուտքի պահին անմիջապես վերահղում են նրան այլ էջի՝ հաճախ մի քանի էջերի շղթայով։ Նման սխեման օգտագործվում է որոնողական թրաֆիքը որսալու և թիրախային կայքի այցելությունների ցուցանիշներն արհեստականորեն ուռճացնելու համար։
Պորտալը գոյություն ունի ոչ թե առանձին, այլ դրա հետևում կանգնած է նույն հոսթինգում տեղակայված կայքերի մի ամբողջ ցանց՝ միավորված հայկական թեմատիկայով։ Խաչքարեր, Սևանա լիճ, Հայաստանի պատմություն․ յուրաքանչյուր թեմա ներկայացված է միանգամից մի քանի հասցեներում՝ որոնման արդյունքներն առավելագույն լայնությամբ ընդգրկելու համար։ «6 ամիս անց նախագծի էջերի հղումները հայտնվում են որոնողական համակարգերի առաջին էջերում թիրախային հարցումների ավելի քան 50%-ի դեպքում»,- Կրեմլի համար պատրաստված pitch-ում խոստանում էին նախագծի հեղինակները, որից հետո նկարագրում էին տեխնոլոգիաներ, որոնք սովորաբար կիրառվում են «սև SEO»-ում։
Նախագիծը նախատեսվում էր տեղակայել Թուրքիայում․ «նախ, Թուրքիան չի արգելափակում նման նախագծերը, երկրորդ՝ «թուրքական հետքը» բավական օրգանական է «կեղծ դրոշ» օգտագործելու համար»։ Միևնույն ժամանակ, ռուսական IP-հասցեներից մուտքը նախատեսվում էր ի սկզբանե արգելափակել «իրավական սահմանափակումների և ռիսկերի պատճառով»։ IP հասցեն, որի վրա հոսթվում է Վիքիպեդիայի կլոնը, տեղեկատվական անվտանգության ոլորտում մասնագիտացած ավելի քան տասը ընկերություններ նշել են որպես խարդախության և ֆիշինգի հետ ասոցացված։ Իսկ VirusTotal համայնքի հետազոտողները նշում են, որ Ultrahost հոսթինգային ընկերությունը (որը, ի դեպ, գրասենյակ ունի Թուրքիայում) «միշտ ուրախ է աշխատել հաստատված կրկնակի խարդախների հետ, ոչ մի խնդիր»։
АСП-ի առաջարկած «Խոսում է սփյուռքը» նախագիծը, ըստ երևույթին, ֆինանսավորում չի ստացել, քանի որ այն չկա գործակալության կողմից 2026-ին իրականացվող նախագծերի ցանկում։ Գուցե, պատճառը նաև այն է, որ հայերի վրա ազդեցության մեդիա-նախագծեր իրականացնող թիմում հազիվ թե գտնվեն մարդիկ, որոնք խոսում և գրում են հայերեն։
Ովքեր են ստեղծում Հայաստանի համար ֆեյքերը
«Երևան Առաջին» էջի 81 հետևորդների ճնշող մեծամասնությունն ապրում է Պրիմորիեում կամ Տվերի մարզում։ Սա պատահական չէ․ գրեթե բոլոր բաժանորդները գլխավոր խմբագիր Պավել Շչետինինի, նրա վաղեմի գործընկեր Ալեքսանդր Անդոնիի ընկերներն ու ծանոթներն են (երկուսն էլ քաղաքականությամբ են զբաղվել Պրիմորիեում), կամ АСП-ի մեդիա բաժնի ղեկավար Ալեքսեյ Ուլյանովի՝ տվերյան քաղաքական տեխնոլոգի և գովազդատուի ընկերներն ու գործընկերները։ Էջը գոյություն ունի 2009 թվականից և նախկինում կինոակումբի խումբ էր, սակայն 2026-ի մարտին վերանվանվեց «Երևան Առաջին»։

Անդրեյ Պերլան

Վլադիսլավ Ամագաևը
«Երևան Առաջին» նախագծի 2026 թվականի սկզբի հաշվետվության մեջ նշված է, որ գործարկվել է լիցենզիայով ԶԼՄ կայք՝ նկատի ունենալով Роскомнадзор-ի լիցենզիան։ Սակայն erevan.one դոմենային անունը գրանցվել էր դեռ 2021 թվականին։ Լիցենզիան ստացել է և դոմենի օպերատորն է СНГ-Медиа ՍՊԸ-ն։ Այս իրավաբանական անձն է կանգնած Սոցիալական նախագծման գործակալության մոտ մեկուկես տասնյակ «գրպանային մեդիաների» հետևում։ Պավել Շչետինինը ոչ միայն «Երևան Առաջին»-ի, այլև СНГ-Медиа-ին պատկանող այլ մեդիաների գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև՝ ընկերության սեփականատերն ու տնօրենը։

Պավել Շչետինինը
Շչետինինը հայտնի է իր հայրենի Պրիմորիեում 2014 թվականին կեղծ փաստաթղթերով հանրաքվե անցկացնելու փորձով։ Բացի այդ, նա և իր գործընկեր Անդոնին 2014-ին դարձան Демократический выбор կուսակցության պատմության մեջ առաջին հեռացված անդամները։ Դրանից անմիջապես հետո Շչետինինը հիմնեց Vostok.Today հրատարակությունը՝ «Ոչ մի պրոպագանդա, միայն նորություններ» կարգախոսով, իսկ հետո դարձավ СНГ-Медиа ՍՊԸ-ի սեփականատերը՝ զուգահեռաբար աշխատելով Яндекс-ում։ Այդ ժամանակից սկսած նա և Անդոնին (որը նույնպես աշխատում է СНГ-Медиа-ում) սկսեցին պարբերաբար մեկնել Աշխաբադ։
Կազմակերպությունը ԱՊՀ երկրների նորությունները լուսաբանող լրատվական կայքեր սկսել է գրանցել միայն 2020 թվականից։ Փաստացի, այժմ դրանք АСП-ի «գրպանային մեդիաներն» են։ Այդպիսի դոմեններից մեկն էլ դարձավ erevan.one-ը։ Վերջին մի քանի տարիներին այնտեղ հրապարակվում էին բացառապես Հայաստանի և նախկին ԽՍՀՄ այլ երկրների կառավարությունների մամուլի հաղորդագրություններ՝ ընդգծված չեզոք տոնով։ Թեև կայքում կան 2017-2020 թվականների հրապարակման ամսաթվերով հոդվածներ, իրականում այն գրանցվել է միայն 2021-ին․ մնացած հոդվածներն ունեն հրապարակման կեղծ ամսաթիվ և պատճենված են СНГ-Медиа-ի հիմնական կայքից։ Սա արվում է, որպեսզի որոնողական համակարգերը կայքը համարեն ավելի հին և, հետևաբար, ավելի լեգիտիմ։ 2025 թվականի վերջին այն հանկարծ պետք եկավ АСП-ի թիմին՝ Հայաստանում ընտրությունների վրա Կրեմլի ազդեցությունը տարածելու համար։ Հենց այս կայքի մասին է Կրեմլին ուղարկված հաշվետվության մեջ նշված, որ այն գրանցվել և լիցենզիա է ստացել, թեև փաստացի АСП-ի թիմն ու Շչետինինը դրան տիրապետում էին վաղուց։ Այժմ կայքում օրական մի քանի նորություն է հրապարակվում՝ որպես կանոն քննադատելով Հայաստանի ներկայիս ղեկավարությանը։
2025 թվականին կազմակերպությունը АСП-ի ղեկավարներ Տուպիկինի և Գամբաշիձեի հետ միասին հիմնեց Стратегических Коммуникаций Каспий 2030 շահույթ չհետապնդող կազմակերպությունը, իսկ 2026-ին՝ ԱՊՀ լրագրողների միությունը։

Ալեքսեյ Ուլյանովը
Ալեքսեյ Ուլյանովը գովազդի մասնագետ է Տվերից։ 2012 թվականից նա գրում է «վաճառող տեքստեր», գովազդային կոնցեպտներ և զբաղվում SEO-copywriting-ով։ Իր LinkedIn էջում նա պարծենում է, որ գիտի «վաճառող բառի գաղտնիքը»։ Ուլյանովն այժմ ներկայանում է որպես քաղաքական խորհրդատու և Царьград հեռուստաալիքի մշտական հյուր է, ինչպես նաև ղեկավարում է Doppelganger արշավի բոլոր հեղինակներին։ Հենց նրա ղեկավարությամբ հեղինակները գրում էին այսպիսի տեքստեր․ «Աղքատ Ֆրանսիան շարունակում է օգնել Ուկրաինային։ Իսկ դուք գիտեի՞ք, որ Ֆրանսիայում ավելի քան 2000 երեխա քնում է փողոցում։ Այո՛, մեկ տարվա ընթացքում այդ դժբախտների թիվն աճել է 22%-ով։ Իսկ մեծահասակները շատ ավելի շատ են։ Ընկերությունները փակվում են, մարդիկ կորցնում են աշխատանքը, հետո՝ բնակարանը… Այդ պատճառով անտունների թիվը մշտապես աճում է։ Աղքատների անվճար ճաշարաններն այլևս չեն հասցնում սպասարկել հաճախորդների հոսքը և չեն կարող բոլորին կերակրել»։ Այնուհետև այդ տեքստերը տարածվում էին АСП-ի «մեկնաբանողների» կողմից սոցիալական ցանցերում։ Այժմ նրա վերլուծությունները տեղադրվում են նաև «Երևան Առաջին» կայքում։
Անդրեյ Պերլան նույնպես Царьград-ի աշխատակից է և Doppelganger ապատեղեկատվական արշավի «վետերան»։ Նրա պաշտոնը գլխավոր գաղափարախոսն է։ Պերլան պատասխանատու է ԵՄ երկրներում և Ուկրաինայում կեղծ սոցիոլոգիական հարցումների անցկացման համար։ Բացի այդ, 2023 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը նրան մեղադրեց Լատինական Ամերիկայի երկրներում ֆեյքերի տարածման համար։ Պերլան ունի «Երևան Առաջին»-ի հրապարակման համակարգի օգտահաշիվ։ Ինչպես Ալեքսեյ Ուլյանովը և Նիկոլայ Տուպիկինը, նա էլ СНГ-Медиа-ի ադմինիստրատիվ վահանակ է մուտք գործում Սոցիալական նախագծման գործակալության ներքին VPN-ի միջոցով։

СНГ-Медиа-ի հետ կապ ունեցող կայքերի հեղինակները
Storm-1516․ ֆեյքեր՝ Փաշինյանի հիվանդության մասին
Թեև հստակ հայտնի չէ, թե կոնկրետ ով է կանգնած Storm-1516 արշավի հետևում, հայտնի է, որ այն սերտորեն կապված է այսպես կոչված «Ռեպրեսիաների դեմ պայքարի հիմնադրամի» հետ, որը Պրիգոժինը հիմնադրել էր 2021 թվականին։ Հիմնադրամի նյութերը երբեմն տարածում էին նաև Doppelganger ցանցի կայքերն ու հաշիվները, սակայն, ինչպես ենթադրում է թվային արտաքին միջամտության դեմ պայքարի ֆրանսիական Viginum գործակալությունը, դա ավելի շուտ իրավիճակային բնույթ ուներ։ Իր գործունեության սկզբից Storm-1516-ը կենտրոնացած է եղել Ուկրաինայի վարկաբեկման, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մոլդովայի ընտրություններում թեկնածուների մասին ֆեյքերի տարածման վրա։
Storm-1516 նախագծի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ արշավը սկսվել է դեռ 2025 թվականի հունիս-հուլիսին, սակայն մինչև սեպտեմբեր խմբի ջանքերի մեծ մասը կենտրոնացած էր Մոլդովայի ընտրություններից առաջ ֆեյքերի տարածման վրա։ Այն բանից հետո, երբ Մոլդովայում հաղթեց եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» (ПДС/PAS) կուսակցությունը, Storm-1516 խմբավորումը կենտրոնացավ Փաշինյանի վրա։ Մարսելում վարչապետի անշարժ գույքի մասին ֆեյքը, որը Կրեմլին ուղարկված հաշվետվությունում անվանվում էր «հաջողություն» և որով պարծենում էին «հրապարակային փոխհրաձգությամբ», գործարկվել էր հենց Storm-1516-ի կողմից։ Եվրամիության արտաքին կապերի ծառայության հաշվետվությունում հետազոտողները նշում են Storm-1516-ի նարատիվների նմանությունը Մոլդովայում և Հայաստանում․ և՛ մեկ, և՛ մյուս դեպքում կեղծ կայքերն ու ոչ իսկական հաշիվները քննարկում են Կրեմլին ընդդիմացող թեկնածուների անբարոյականությունը, հորինում կոռուպցիոն պատմություններ, շահարկում ինքնիշխանության կորստի թեման և արևմտյան շահերի պաշտպանությունը՝ թե՛ Մայա Սանդուի, թե՛ Նիկոլ Փաշինյանի կողմից։
Մայիսին խմբավորման հետ կապված հաշիվները սկսեցին լուրեր տարածել այն մասին, թե Փաշինյանը հիվանդ է։ Այդպիսի տեսանյութերից մեկում, որը կեղծված էր հայկական CivilNet.am պորտալի անվան տակ, ասվում էր, թե Նիկոլ Փաշինյանը վարակվել է ՄԻԱՎ-ով, ինչի մասին հայտնի է դարձել 2010 թվականին նրա բանտարկության ընթացքում, երբ նա դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման՝ անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Սակայն խմբագրությունը հերքեց նման ռեպորտաժի հրապարակումը։

Storm-1516-ը ասեկոսեներ է տարածում, թե, իբր, Փաշինյանը վարակվել է ՄԻԱՎ-ով
Bloomberg-ի հաշվարկներով՝ 2026 թվականի առաջին երեք ամիսներին Storm-1516 ցանցի կողմից տարածվող նարատիվների քանակն ավելի քան կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատ։ Մարտի վերջից նոր նարատիվներ հայտնվում են գրեթե ամեն օր։ Ցանցը ֆեյքեր էր տարածում Հունգարիայի ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Պետեր Մադյարի մասին։ Հրատարակությունը գտել է Հայաստանի վերաբերյալ ավելի քան 25 պատմություն, որոնցում Նիկոլ Փաշինյանին վերագրվում են կոռումպացվածություն և երկիրը կառավարելու անկարողություն։
«Երևան Առաջինը», ինչպես և այլ պրոկրեմլյան կայքեր, վերահրապարակում են Storm-1516-ի ֆեյքերը Փաշինյանի մասին։ Հաշվետվությունները, որոնք Doppelganger-ի Կրեմլի աշխատակիցները ուղարկում էին իրենց ղեկավարությանը, նույնպես վերաբերում էին Storm-1516-ի արտադրած ֆեյքերի տարածմանը։ Խմբի նարատիվները համընկնում են նաև Doppelganger թիմի տարածած նարատիվների հետ։
«Մատրյոշկա»․ ֆեյքեր՝ հարգված ԶԼՄ-ների անունից
Մոտավորապես այն ժամանակ, երբ «Ռեպրեսիաների դեմ պայքարի հիմնադրամը» հրապարակում էր Հայաստանի վարչապետի՝ Մարսելում անշարժ գույքի մասին ֆեյքը, «Մատրյոշկա» ցանցի բոտերը սկսեցին իրենց արշավը Փաշինյանի դեմ։ «Բոտերի արգելափակիչ» նախագիծը 2025 թվականի հունիսի սկզբին հայտնաբերեց, որ ցանցի հաշիվները հրապարակում էին խոշոր ԶԼՄ-ների՝ օրինակ Euronews-ի կամ France 24-ի կեղծ տեսանյութեր, որոնցում օտարերկրյա գիտնականները պատմում էին, թե Հայաստանում «լռեցվում է» հայոց ցեղասպանության թեման։ Այլ կեղծ տեսանյութերում տարածվում էին պատմություններ Փաշինյանի կառավարության կոռումպացվածության մասին։

Ֆեյքային տեսանյութից կադր, որը «Մատրյոշկա» բոտերի ցանցը տարածել է 2025-ի աշնանը
2025 թվականի հոկտեմբերին «Մատրյոշկայի» տեսանյութերում Փաշինյանին քննադատում էին «Հայաստանի մշակութային կոդի ոչնչացման» և «հանդուրժողականության ոչ ավանդական արժեքների պարտադրման» համար։ Կառավարությանը մեղադրում էին ընդդիմադիր լրագրողներին և բլոգերներին սպառնալու մեջ։ Ըստ «Агентство»-ի՝ արհեստական բանականությամբ գեներացված այլ տեսանյութերում օգտագործվել էին «Օսվենցիմի» նախկին կալանավորների կերպարները։ Նրանց անունից պատմվում էր, թե «Նիկոլ Փաշինյանը գազային խցիկներ է կառուցում Հայաստանի խորհրդանիշների համար՝ դրանք փորձարկելով Արարատ լեռան վրա», վարչապետին անվանում էին «դավաճան», իսկ Հայաստանի քաղաքացիներին համեմատում էին հրեաների հետ, որոնք «սպասում էին, մինչև ողբերգությունը տեղի կունենա»։
«Բոտերի արգելափակիչ» նախագծի հաշվարկներով՝ 2026 թվականի մայիսի սկզբին «Մատրյոշկա» ցանցը Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակել էր 343 կեղծ տեսանյութ․ ընտրություններից մեկ ամիս առաջ ապատեղեկատվական արշավի մասշտաբներն արդեն համեմատելի էին Մոլդովայում տեղի ունեցածի հետ։ Հայաստանի վրա պրոպագանդիստները ծախսել էին 10,8 շաբաթ անընդմեջ աշխատանքի համարժեք ժամանակ, մինչդեռ Մոլդովայի դեպքում եղել էր 409 տեսանյութ և 15,7 շաբաթ, հաշվարկել է «Вот Так» հրատարակությունը։ ԱՄՆ ընտրություններից առաջ ցանցը հրապարակել էր 180 տեսանյութ, Գերմանիայում՝ 97, Լեհաստանում՝ 14 տեսանյութ։
2026 թվականի մարտի սկզբից «Մատրյոշկան» հրապարակում էր տեսանյութեր այն մասին, թե Փաշինյանը կարող է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ։ Մայիսի կեսերին նման հոլովակների թիվը հասել էր առնվազն քսանի։

Ֆեյքային տեսանյութից կադր, որը «Մատրյոշկա» բոտերի ցանցը տարածել է 2026-ի գարնանը
Մայիսի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հայաստանի Եվրամիություն մտնելու և ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը, իբր, պետք է որոշվի համահայկական հանրաքվեով, որը նա կոչ արեց Երևանին հնարավորինս շուտ անցկացնել։ Նա նաև ակնարկներով կոչ արեց Հայաստանին «չհասցնել ծայրահեղության» և չգնալ Ուկրաինայի ճանապարհով՝ ակնարկելով ռազմական գործողությունները․ «Այս ամենը հետո բերեց պետական հեղաշրջման, Ղրիմի պատմության, Ուկրաինայի հարավ-արևելքի դիրքավորման և ռազմական գործողությունների։ Ահա թե ինչի բերեց այս ամենը։ Սա լուրջ հարց է»,- հայտարարեց Պուտինը իրեն բնորոշ ոճով՝ հավելելով․ «Այդ պատճառով պետք չէ հասցնել ծայրահեղության, պարզապես պետք է ժամանակին ասել, որ մենք այսպես ու այսպես ենք անելու։ Եվ հայկական կողմը պետք է հաշվի, և մենք էլ հաշվենք»։
Թղթային թերթ
2026 թվականի փետրվարին Երևանի փողոցներում նկատվեց «ամերիկյան» անվանումով թերթ՝ Wyoming Star։ Թերթը՝ պարզվեց ամերիկյան կայքից Հայաստանի իրադարձություններին վերաբերող հոդվածների հայերեն թարգմանությունների հավաքածու է։ Ո՛չ կայքում, ո՛չ էլ թերթում հեղինակները նշված չեն։ Ինչպես պարզել է Factor TV-ն, հայկական տարբերակի խմբագիրը «Պետերբուրգի քաղաքացի» Վանիկ Շուքուրյանն է։ Թերթի համարները նա բերում է Մոսկվայից, սակայն հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ով է ֆինանսավորում հրատարակության տպագրությունը։

Տղան Երևանում Wyoming Star-ի համարն է բաժանում, լուսանկարը՝ Մարութ Վանյանի

The Insider-ին հաջողվել է պարզել, որ Wyoming Star-ի հեղինակներից մեկի՝ Michelle Larsen-ի էլեկտրոնային փոստն իրականում պատկանում է Ալեքսանդր Իոնովին։ 2023 թվականին նրան մեղադրանք էր առաջադրվել ԱՄՆ չորս քաղաքացիների հավաքագրելու և Տամպայի (Ֆլորիդա) քաղաքային ընտրություններին միջամտելու համար։ Այդ ժամանակ երդվյալ ատենակալների կոլեգիան պաշտոնական մեղադրանք առաջադրեց ФСБ-ի (ԱԴԾ) երկու սպաների։ Մոսկվացի Իոնովը Հակագլոբալիստական շարժման նախագահն է, ինքնավար, շահույթ չհետապնդող «Ազգային իրավապաշտպան կոմիտե»-ի նախագահը և պրոֆեսիոնալ մատնիչ։ Նրան առաջադրված մեղադրանքում նշվում է, որ ԱՄՆ-ում նա 2013 թվականի հոկտեմբերից ԱԴԾ-ի վերահսկողության ներքո փորձել է հավաքագրել տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների, որպեսզի նրանք դառնան ռուսական ազդեցության գործակալներ։ Հավաքագրվածները պետք է հրահրեին տարբեր հակամարտություններ և ընդհանուր առմամբ ապակայունացնեին իրավիճակը ԱՄՆ տարածքում։

Ալեքսանդր Իոնովը
Իոնովը 2021 թվականին սկսեց պայքարել Ռուսաստանում անկախ ԶԼՄ-ների դեմ․ բառացիորեն բոլոր անկախ մեդիաները նա գրանցեց որպես ժողովրդի թշնամի, իսկ դրանց վերաբերյալ զեկույցներ ներկայացրեց Արդարադատության նախարարություն։ Այդ ժամանակ Իոնովը սկսեց համագործակցել Պրիգոժինի «Ռեպրեսիաների դեմ պայքարի հիմնադրամի» հետ՝ ԱՄՆ նահանգային ընտրություններում թեկնածուներից մեկին առաջ մղելու փորձի շրջանակում։ Նրա մասին տեղեկությունների համար ԱՄՆ Պետդեպարտամենտը 10 միլիոն դոլար է խոստանում։
