Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:46
Եթե իմանամ՝ Թևանյանը դավաճան ա, շպիոն ա, իմ ձեռքով կգնդակահարեմ իրեն․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:24
Մի զինատեսակ կա, որ հազիվ-հազիվ, մի կերպ հասցնելու ենք Հրապարակ ու դա մնալու ա էնտեղ․ Փաշինյանը նոր մանրամասներ է հայտնել մայիսի 28-ին սպասվող շքերթի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:09
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էրեբունիում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 17:08
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Էջմիածնում է․ ՈւՂԻՂ
24.05.2026 | 16:23
Զինված անձը կրակ է բացել Սպիտակ տան մոտ և սպանվել Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից
24.05.2026 | 15:50
Տեղամասային կենտրոնի փոփոխություն՝ օնլայն դիմումով․ ԿԸՀ-ի պարզաբանումը
Բոլորը

Մեզ ասել են, որ պիտի հեծանիվ վարենք, դրանով գնանք դասի կամ աշխատանքի, որ դա գովելի է։ «Բայց որտե՞ղ վարենք այդ հեծանիվը»․ հարցը միշտ չէ, որ գործնականում կիրառելի պատասխան ունի։ 

Ի՞նչ պետք է անի քաղաքացին, որը որոշել է ականջալուր լինել մեքենաներից հրաժարվելու հորդորին, ո՞ւմ համար են փողոցի երթևեկելի գոտին ու մայթը։ 

Այս հաղորդմամբ փորձելու ենք բացել այլընտրանքային փոխադրամիջոցներով տեղաշարժի շերտերը։

  • Որտե՞ղ և ինչպե՞ս են վարում հեծանվորդները

«Ես անձամբ ունեմ մի քանի ընկեր, ում կյանքը փրկել է սաղավարտը, որովհետև ընկնելուց սաղավարտն է ջարդվել, ոչ թե գլուխը»․ հեծանվով երթևեկության 12 տարվա փորձ ունեցող Արտակ Գաբոյանը թվարկում է այն, ինչ պետք է ունենա տեղաշարժը երկանիվ փոխադրամիջոցին վստահող մարդը։ Ցուցադրվող ատրիբուտները հետաքրքրում են միայն հախուռն երթևեկության մեջ հեծանվով մուտք գործողներին։ 

Նրանց թիվը Հայաստանում մեծ չէ. սա հիմնականում անվտանգ, բայց համարձակ որոշում է՝ ասում է Գաբոյանը և պատմում այն գործոնների մասին, որոնք թույլ չեն տալիս կայացնել այն․ «Մեքենաների հետ նույն հոսքի մեջ քշելը շատ-շատ մարդկանց համար վախենալու է։ Շատ վարորդներ կան, որ տարրական կուլտուրա չունեն, կարող է գան, այնքան մոտիկ քշեն, որ օդի հոսքը հեծանվորդին շեղի, կամ այդ պահին ինչ-որ կտրուկ շարժում անի վախից, կամ կարող է թեկուզ փոքր փոս լինի, ուզի փախցնել․ այնքան մոտիկ են գալիս ավտոները, որ կարող է խփես։ Այ նման բաները վախեցնում են»։ 

Հեծանվային արահետ, երթևեկելի մասի հեծանվային գոտի, կողնակ, այսինքն՝ փողոցին հարող այն նեղ հատվածը, որը նախատեսված չէ մեքենաների համար, այս ամենի բացակայության դեպքում՝ երթևեկելի հատվածի աջ եզր. սրանք այն հատվածներն են, որտեղ, ըստ օրենքի, կարելի է հեծանիվ վարել։ 

Եվ վերջին տարբերակի մասին ՆԳՆ պարեկային ծառայության դատական պաշտպանության բաժնի պետ Հարություն Իսահակյանն է պատմում․ «Հեծանիվ թույլատրվում է վարել նաև մայթերով կամ հետիոտնի համար առանձնացված գոտիներով, եթե մյուս տարբերակները հնարավոր չեն։ Բայց պետք է հիշենք, որ բոլոր դեպքերում հետիոտնը ունի առավելություն, և եթե հեծանիվի երթևեկությունը խոչընդոտում է հետիոտնի շարժին, ապա հեծանվորդը պետք է դադարեցնի վարելը, իջնի հեծանիվից, ձեռքով բռնած տեղափոխի հեծանիվը, մինչև այնպիսի պայմաններ կստեղծվեն, որի դեպքում հեծանիվ վարելը չի խոչընդոտի հետիոտնի շարժին»։

Այսպիսով՝ եթե չկա թվարկվածներից որևէ մեկը, ապա կա գոնե մայթը՝ ասում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Հայկ Էվոյանը՝ «որտե՞ղ վարել հեծանիվ» հարցին ի պատասխան։

–  Որտեղ մայթը շատ խիտ հետիոտնային երթևեկ չունի, այդ մայթերում հնարավոր է անվտանգ երթևեկել։
– Դուք կարծում եք՝ մենք հիմա մայրաքաղաքի կենտրոնում 3 այդպիսի մայթ կգտնե՞նք։
– Միանշանակ, գոնե այգիներին հարակից մայթերը հաստատ կկարողանանք օգտագործել։
– Եվ ո՞ւր կգնա այդ այգիներով հեծանիվը։
– Այ, հենց այդ է, որ շարունակությունը շատ երկար չի լինելու։ Գուցե, ասենք, Օղակաձև զբոսայգու որոշ հատվածներ հնարավոր լինի օգտագործել, բայց քանի որ դրանք իրար կապելը նույնպես խնդիր է, մենք նախատեսում ենք այլ լուծումներ այս պահին։

  • Ոչ թե խրախուսում, այլ խոչընդոտում

Խնդրի կրողները՝ հեծանվորդները պնդում են՝ քաղաքապետարանն այսօր գործնականում ոչ միայն չի խրախուսում, այլև խոչընդոտում է հեծանվային երթևեկությունը։

«Հասարակ օրինակ բերեմ․ օրենքով հեծանվորդը պարտավոր է քշել ճանապարհի աջ եզրով։ Բայց երբ ձյուն է գալիս, քաղաքային իշխանությունը ձյունը հավաքում, լցնում է հենց աջ եզրին։ Դե բա՝ մեքենաների տակ ձյուն չմնա։ Բայց ես հեծանիվ պիտի քշեմ, դուք այդ տեղը պիտի ազատ պահեք, պիտի մաքրեք, որ քշել լինի։ Կամ հեղեղատարների պրոբլեմը մինչև հիմա չեն կարողացել լուծել։ Ու երբ անձրևը մի քիչ շատ է, երկու եզրերը միշտ ցեխ է»,– ասում է Արտակ Գաբոյանը։

Մյուս բոլոր դեպքերում Արտակ Գաբոյանի համար հեծանիվը նախընտրելի է, ամենակարևոր առավելությունը՝ խցանումների շրջանցումը։

Այս և մյուս առավելությունների մասին մարդկանց արդեն 14 տարի պատմում է հեծանվորդների ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանը, որը 2019-ին հիմնադրել է նաև այլընտրանքային փոխադրամիջոցների զարգացման հասարակական կազմակերպությունը։

«Եկել ենք մի եզրահանգման, որ Երևան քաղաքում գծանմշումները՝ որպես հեծանիվի համար նախատեսված երթևեկելի գոտի, չեն աշխատում։ Անտեսվում է և միշտ լինում է բախում հեծանվորդների և վարորդների միջև։ Եթե պետք է հեծանվորդի համար լինի ճանապարհ, այն միանշանակ պետք է լինի ընդհանուր ճանապարհից առանձնացված և հնարավորինս անվտանգ էն առումով, որ որևէ հատում չլինի ոչ հետիոտնի հետ, ոչ վարորդների հետ»,– ասում է Անտոնյանը։

  • Վարչապետը շարունակում է հորդորել, քաղաքապետարանը՝ քննարկել

Փորձել ենք պարզել՝ ի՞նչ է անում քաղաքապետարանը, որ քաղաքը պատրաստ լինի ընդունել այն մարդկանց, որոնք կհետևեն տարիներ շարունակ բանավոր հնչող հորդորին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական օրինակին։ 

«Այս պահին մենք չենք համարում, թե քաղաքում հարմարեցված ուղիներ կան հեծանվորդների համար, բայց մենք նախատեսում ենք աշխատանքներ, անում ենք քննարկումներ։ Նախատեսում ենք նախ կենտրոնում որոշակի կազմակերպումներ կատարել։ Այդ ամենը դեռ քննարկման փուլում է, նախագծման փուլին նույնիսկ չենք անդրադարձել, բայց հետագա նախագծերում նախատեսում ենք այդ ամենը ներառել՝ ըստ հնարավորության»,– ասում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Հայկ Էվոյանը։

  • Լուծումներ խնդրի կրողներից

Ստացվում է՝ հորդորները կան, բայց դրանց հետևելը հնարավոր դարձնող միջոցները դեռ միայն քննարկման փուլում են։ Իսկ մինչ այդ՝ վախն ու անհարմարությունը հաղթահարած հեծանվորդներն ասում են՝ իրենց կյանքը հեշտացնող առաջնային գործողություններն առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջում։ Այսպես խնդիրներից մեկն առաջացավ այն ժամանակ, երբ հանրային տրանսպորտի համակարգում փոփոխություն եղավ։ 

«Առաջ հեծանիվը դնում էի տրոլեյբուսի մեջ, որը հիմնականում դատարկ էր, դրանով բարձրանում էի Մասիվ, այնտեղից արդեն քշում Ավան։ Նոր տրոլեյբուսների մեջ չկա հետևի լայն ազատ տեղը, որտեղ ես հանգիստ հեծանիվը կկանգնեցնեի։ Հենց այդ բարձրադիր շրջաններ գնացող հանրային տրանսպորտի համար հեծանիվ կապելու հարմարանքներ դնելը հասարակ բան է։ Փոքր սարք է, երկու-երեք հեծանիվ է թույլ տալիս, դնում ենք վրան։ Ընդամենը մի փոքր քայլ արեք, մի ավտոբուսի այդ սարքը արժե 200 դոլար, ընդամենը 200 դոլար, որը կոպեկներ է քաղաքապետարանի համար։ Չեն անում, երբ չեն անում, ակնհայտ է, որ այդ ամենը միայն խոսքի մակարդակով է»,– ասում է Գաբոյանը։

Մեկ այլ գործնական, այս պահին արդեն իսկ հնարավոր լուծում Արման Անտոնյանն է առաջարկում։ Կարճ ձևակերպմամբ՝ գուցե միայն ավտոբուսի համար նախատեսված գծերից միայն ավտոբուսնե՞րը չօգտվեն և մարդատար մեքենաները լքե՞ն որոշ կայանատեղիներ։

«Մենք կարող ենք ժամանակավորապես ավտոբուսի գոտին համատեղել այլընտրանքային փոխադրամիջոցների հետ, մինչև կգտնենք այն ոսկի միջինը, որը պետք է մեր քաղաքին։ Կամ՝ Աբովյան փողոցը միակողմանի է, առաջարկում ենք կարմիր գծեր ասվածի փոխարեն այդ գոտին դարձնել երկկողմանի այլընտրանքային փոխադրամիջոցների համար նախատեսված գոտի, այնուամենայնիվ, մենք չենք կորցնում 2 գոտին մեքենաների համար, այսինքն՝ որպես այդպիսին՝ կորուստ չենք ունենում, և կարմիր գծերի վրա կայանած մոտ 70 մեքենաներն ընդամենը պետք է ուղղորդել հարևանությամբ գտնվող Ազատության հրապարակի ավտոկայանատեղին»։

  • Իսկ մոպեդներն ավելի հանդուգն են

Փողոցի բանուկ հատվածում իրենց ինչպես ձուկը ջրում զգացող այս փոխադրամիջոցներն իրականում հարմար են վարողի համար․ սա ավելի արագ է, ավելի փոքր, ավելի ճկուն։ Բայց, օրինակ, երկրորդ գծով պատկառելի արագությամբ ընթացող ավտոմեքենան աջ կողմից շրջանցելու փորձը ոչ թե ճկունություն է, այլ օրենքի խախտում։

«Վտանգավոր կերպարներ են, այս պահին ամեն ինչ բարձիթողի է, ով ոնց կարողանում, ոնց ուզում՝ քշում է։ Շատ վտանգավոր ժողովուրդ են։ Նենց տեղ, որ պատ չկա մեջտեղը, մեկ էլ քաշեց հանդիպակաց, շրջանադարձ է անում մարդը»,– ասում է տաքսու վարորդներից մեկը։

Չի կարելի վարել մոպեդները 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտով՝ հայտնում են ՆԳՆ-ից ու փոխանցում՝ նախորդ ամբողջ տարվա ընթացքում իրավախախտում կատարած 137 մոպեդի վարորդ է նկատվել։ Տարվա ընթացքում մարմնական վնասվածքի հանգեցրած 4784 վթարից 206-ը տեղի է ունեցել մոպեդների մասնակցությամբ։ Այս փոխադրամիջոցի վարողները եղել են մահվան ելքով 5 պատահարի մասնակից։ 

Մոպեդների մասնակցությամբ իրավախախտում նկատելու համար Երևանի փողոցներում երկար շրջելու կարիք չկա։ Կանգնում ենք կամայական մայթին ու նայում երթևեկելի գոտուն․ 2-րդ ու 3-րդ գծով ընթացող տրանսպորտային այդ միջոցները մեր աչքից չեն վրիպի։ Իսկ եթե կանգնում ենք մայթին, պետք է զգույշ լինենք՝ անգամ այստեղ վրաերթի ենթարկվելուց ապահովագրված չենք։  

  • Զգուշացեք ինքնագլորներից

«Օրենսդրությամբ բոլոր տեսակի ինքնագլորներին մենք անվանում ենք անհատական շարժունակության միջոցներ։ Ի տարբերություն հեծանիվների՝ ավելի խիստ պահանջներ են դրված․ անհատական շարժունակության միջոց կարող է վարել այն անձը, ում 18 տարին լրացել է, կամ անձը, ում 16 տարին լրացել է և ունի АМ ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք, այսինքն՝ մոպեդ վարելու իրավունք»,– ասում է ՆԳՆ պարեկային ծառայության դատական պաշտպանության բաժնի պետ Հարություն Իսահակյանը։

Ստացվում է՝ ամենախիստ պահանջը 16-18 տարեկանների համար է․ նրանք ինքնագլոր վարելու համար վարորդական վկայական պիտի ունենան։ Մշակված են կանոններ, սահմանված է 3,000-10,000 դրամի չափով տուգանք՝ դրանք խախտելու համար։

Մինչ դուք կհիշեք՝ նախորդ տարվա ընթացքում քանի անգամ եք հաջողությամբ շրջանցել ինքնագլորի զոհ դառնալու ռիսկը, ՆԳՆ-ից մեր զրուցակիցը հայտնում է վիճակագրական տվյալներ․ 2025 թվականին անհատական շարժունակության միջոցների վարորդների կողմից կատարված 84 իրավախախտում է արձանագրվել։ 

***

«Հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես»-ը վարչապետի՝ այլընտրանքային փոխադրամիջոցն ընտրողներին ոգևորող ձևակերպումներից հերթականն էր։ Խրախուսող խոսույթը հնչում է ամենաբարձ մակարդակով։ Մենք ուսումնասիրեցինք այդ խոսույթի շերտերն ու ոչ բոլոր դեպքերում գտանք հորդորի հաստատակամությանը համարժեք գործողություններ։

Այնուամենայնիվ, այլընտրանքային փոխադրամիջոցները փորձում են գտնել իրենց տեղն այս արևի տակ՝ մայրաքաղաքի փողոցներում։ 

Որոշ դեպքերում քաղաքը պատրաստ չէ նրանց ընդունել, որոշ դեպքերում էլ՝ նրանք պատրաստ չեն ընդունել սահմանված կանոնները։ Այս ամենի ֆոնին փողոցներում ու մայթերին շարունակում են ավելանալ նոր փոխադրամիջոցներ՝ ավելացնելով հնարավորությունների ու խնդիրների շերտերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արուսյակ Կապուկչյան