Ինչքա՞ն ազատ պիտի լինի լրագրողը. Հայաստանի նահանջի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.05.2026 | 13:33
Իոաննիսյանը չզրկվեց դիտորդական հավատարմագրումից, սակայն պարտավորվեց վերացնել Մարուքյանի մասին գրառումները
30.05.2026 | 13:21
Ռահիմ Սթերլինգը ձերբակալվել է թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով
30.05.2026 | 13:03
ԱԺԲ-ի քարոզարշավը Գյումրիում` ՈՒՂԻՂ
30.05.2026 | 12:53
Հունիսի 1-ին որոշ փողոցներ փակ կլինեն
30.05.2026 | 12:34
Սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը
30.05.2026 | 12:05
Արման Ծառուկյանը և Քիլոն Ջիմիսոնը հայացքների մենամարտ են անցկացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 30-ի դրությամբ
30.05.2026 | 11:33
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բարսելոնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.05.2026 | 10:50
ՌԴ-ն թույլատրել է հայկական երկու ձկնաբուծական ընկերության արտադրանքի ներմուծումը․ ՍԱՏՄ
30.05.2026 | 10:27
ՌԴ-ն Կոպիրկինին կանչել է Մոսկվա՝ ՀՀ–ԵՄ մերձեցման պատճառով
30.05.2026 | 10:23
«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովն ու Նովակ Ջոկովիչը պարտվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 10:10
Տապալված ծառեր, պոկված թիթեղներ․ քամու հետևանքները Երևանում և մարզերում
30.05.2026 | 09:52
Քոչարյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին
29.05.2026 | 23:37
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
Բոլորը

Այս հաղորդումը թվով ենք սկսելու. 50-րդն ենք աշխարհի քարտեզի վրա, որում խոսքի ազատությունն է որոշում երկրի դիրքը։ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ինդեքսում Հայաստանը մեկ տարվա ընթացքում 16 տողով հետ է գնացել։ Մեկ տարի առաջ 180 երկրի մեջ 34-րդն էինք։   

Հայաստանի իշխանությունը պնդում է՝ այսօրվա լրագրողին տրված է բացառիկ ազատություն։

Խոսքերի ու թվերի անհամապատասխանության պայմաններում ինչպես հասկանալ՝ ազա՞տ է մամուլը, թե՞ ոչ։ Ո՞վ է այսօրվա լրագրողը, ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի նրան։ Փորձելու ենք բացել այս հարցի ՇԵՐՏԵՐ-ը։

  • Ո՞վ է լրագրողը

Կար ժամանակ, երբ լրագրողը տեղեկատվություն գտնելու և այն հասարակությանը փոխանցելու գրեթե մենաշնորհային իրավունք ուներ։ Նրան էր տրված խնդիրներ բարձրաձայնելու, պատասխաններ պահանջելու, դրանք հասարակությանը հասցնելու գործը։ 

Հետո ինչ-որ բան փոխվեց ու սոցցանցային գրառում անելու և ուղիղ եթեր մտնելու ունակ բոլորը դարձան քայլող մեդիա, գործառույթի տեսանկյունից՝ կարծես լրագրող։ Ուրեմն ինչպես որոշել՝ ո՞ւմ մասնագիտական ազատությունն ենք չափում, ո՞վ է լրագրողը։ 

«Լրագրողի մեծագույն տարբերությունը մնացած կոնտենտ ստեղծողներից պատասխանատվությունն է։ Լրագրողը պիտի պատասխանատու լինի յուրաքանչյուր ասված բառի, փաստի, մարդկային պատմության համար»,- ասում է Հարություն Մանսուրյանը։

Նա «Հետք մեդիա գործարան»-ի ծրագրի ղեկավարն է. արդեն հինգ տարի է՝ պատասխանատու լրագրողներ պատրաստելու խնդիր են փորձում լուծել։ Հետաքրքրվում ենք՝ ի՞նչ պիտի չանի այդպիսի լրագրողը։ Չմանիպուլացնելուց, չվնասելուց, չկեղծելուց զատ՝ հատկապես վերջին տարիներին առաջնային դարձած «չի կարելի»-ներն է մատնանշում։

«Լրագրողը հասարակական գործիչ չէ, լրագրողն ակտիվիստ չէ. լրագրողի զենքը, գործիքը հարցն է։ Մարդկանց թվում է, որ իրենք կարող են ամեն ինչ ասել սոցիալական մեդիայում։ Երբեմն լրագրողներն էլ են ընկնում այդ թակարդը, և իրենց թվում է, որ իրենք կարող են որպես քաղաքացի իրենց կարծիքը ասել»,- նշում է Մանսուրյանը։

Սա ոչ թե սահմանափակումների, անձնական կարծիք չունենալու, այլ մասնագիտական անաչառությունն անխոցելի պահելու մասին է։ 

«Մեդիամաքս»-ի խմբագիր, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ Դավիթ Ալավերդյանի համար անհասկանալի է՝ ի՞նչ օգուտ լրագրողին, եթե հասարակությունը նրան ընկալի որպես ակտիվիստ, որը հարց է տալիս ոչ թե ճշմարտությունը բացահայտելու, այլ իր՝ արդեն իսկ հրապարակած համոզմունքը հաստատելու ակնկալիքով։ 

«Լրագրությունն ավելի մոտ է մաթեմատիկային, քան բանասիրությանը։ Փաստը չի սիրում լրացուցիչ ածականներ և այլն, շատ չոր բան է. ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ արեց, ինչպե՞ս, ինչո՞ւ։ Մնացած ամեն ինչն արդեն կարող է հրապարակախոսություն և կարծիք կամ մեկնաբանություն լինել։ Հենց այդ 5 հարցն են, որ տարբերում են ժուռնալիստիկան գրականությունից։ Ճիշտ հարցը շատ ավելի մեծ գործ է անում, քան 10 րոպեանոց ելույթը»։

  • Ինչո՞ւ է հարցը դառնում ելույթ

Դաշտում լավ աշխատանքի մասին պատկերացումները խիստ տարբեր են, և շատ լրագրողներ դրան «ոճական առանձնահատկություն» անունն են տալիս։ Վահե Մակարյանն այն լրագրողներից է, ում աշխատանքն իշխանության ներկայացուցիչները հաճախ մատնանշում են որպես մամուլի ազատությունը փաստող ապացույց։

«Ինչ-որ մարդիկ մեղադրում են, թե էս ի՞նչ տղա է, էս ի՞նչ հարցեր է տալիս, ո՞նց կարելի է երկրի ղեկավարին այսպիսի հարց տալ։ Բազմաթիվ այլ մարդիկ էլ ասում են՝ ապրես, շատ լավ հարց ես տալիս և գովում են։ Հիմա էդ երկուսի արանքում ո՞րն է «չի կարելին»։ Կարմիր գծեր չեմ հատում, էթիկական ինչ-որ կանոններ չեմ հատում։ Գուցե ավելի շատ իմ սուբյեկտիվ ոճն է, իմ, այսպես ասած, բրենդն է այդպիսի, ես էդ ոճով եմ հարց տալիս՝ մի քիչ սարկազմով, մի քիչ հումորով, մի քիչ խայթելով»,- ասում է Մակարյանը։ 

Հենց այս լրագրողն է, որ հաճախ մեղադրվում է հարց տալու փոխարեն ելույթ ունենալու մեջ։ Փորձել ենք պարզել՝ ինչո՞ւ է այդպես ստացվում։

«Երբ ուզում եմ հարցը ներկայացնել, էդ հարցի տակ որոշակի նախաբան կամ ենթատեքստ եմ դնում, դա մի քիչ երկար նախադասությունների շարք է ստացվում, ավտոմատ ստացվում է ելույթ։ Համենայնդեպս, կարծում եմ՝ սահմանակցում եմ ելույթին, բայց սահմանը չեմ հասնում, հակառակ պարագայում՝ կլինեի Ազգային ժողովում»,- իր տեսակետն է հայտնում Վահե Մակարյանը։

Արդյո՞ք այս ոճի հարցեր տվող լրագրողի թիրախավորումը բնական է. իրեն թիրախավորված զգացող Վահե Մակարյանը կարծում է, որ ոչ։ 

Իսկ արդյո՞ք լրագրողը պետք է անսահման ազատ լինի․ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի խմբագիր Գագիկ Ավետիսյանը կարծում է՝ ոչ։

«Մենք անընդհատ խոսում ենք լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորման մասին, բայց, ամենայն հարգանքով բոլոր գործընկերներիս նկատմամբ, շատ հաճախ հենց լրատվամիջոցներն ու լրագրողներն են խախտում անմեղության կանխավարկածը և մոռանում, որ լրագրող լինել՝ չի նշանակում անսահման ազատ լինել, և այդ ազատությունը վերածել, այսպես ասած, դիմացինի նկատմամբ վիրավորանքների կամ նրա անձի նվաստացման գործիքի»,- ասում է Գագիկ Ավետիսյանը։

Ժողովրդավարությունը ենթադրում է, որ անկախ ոճական առանձնահատկություններից՝ լրագրողները պետք է ազատ գործելու հնարավորություն ունենան։  

  • Լրագրողները՝ ազատ լրագրության մասին

Երբեմնի լրագրող վարչապետը, օրինակ, կարծում է, որ մամուլն այսօր շատ ազատ է՝  բացառապես իր շնորհիվ։

«Ես վարչապետ չլինեմ, դուք ընդհանրապես 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու, դուք ֆայլաբազառում գնալու եք կանգնեք, որ օրվա հաց վաստակեք»,- ասում է նա լրագրողների հետ ճեպազրույցում։

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը կարծում է, որ հիմա ազատ արտահայտվելու խնդիր իսկապես չկա։

«Այն, որ ես դուրս եմ գալիս խմբագրությունից, քայլում եմ որևէ ճանապարհով, այդ ճանապարհին նկատում եմ որևէ խնդիր, այդ խնդրի մասին անխոչընդոտ և առանց վարանելու կարողանում եմ խոսել, սա մամուլի ազատության ցուցիչներից մեկն է։ Երբ դու չես վախենում, որ քո հրապարակումից հետո կենթարկվես ճնշումների։ Իսկ ես կարծում եմ` մեր լրատվամիջոցների մեծ մասը այսօր չունի վախեր՝ արդյո՞ք սա կարող եմ հրապարակել, թե՞ ոչ։ Այդ թվում՝ մեր լրատվամիջոցը։ «Հայկական ժամանակ»-ն այսօր բարձրաձայնում է խնդիրներ, որոնք շատ դեպքերում ընդդիմադիր լրատվամիջոցները չեն բարձրաձայնում»։

Խոսելու ուղիղ արգելք չկա, բայց ուղիղ խոսքից հետո տեղի ունեցողը խոսքի ազատության սպառնալիք է. սա էլ լրագրող Վահե Մակարյանի գնահատականն է։

«Ես ինձ ազատ եմ զգում, բայց մշտապես ենթարկվում են հատկապես իշխանականների հարձակումներին և ճնշումներին։ Էս պահին ինձ համար ազատության առումով խնդիրը դա է, իշխանականները՝ իրենց ֆեյքերը, հետևորդները, աջակիցները (տարբեր-տարբեր անուններով կարող են կոչել, որովհետև բազմաշերտ է), մշտապես հարձակում են գործում՝ հայհոյանքներ, սպառնալիքներ։ Դա, կարծում եմ, միտված է նրան, որ դու դադարեցրեց քո գործունեությունը։ Ինձ համար, որպես լրագրողի, արգելված թեմա չկա»,- ասում է նա։

  • Սահմանափակելու այլընտրանքային մեթոդները

Մեդիայի ներկայացուցիչները, սակայն, փաստում են, որ խոսքը սահմանափակող գլխավոր գործիքներից մեկը՝ ֆիզիկական բռնությունը, նվազել է։ 

«Անգամ սպանություն է եղել, Տիգրան Նաղդալյանի դեպքն ենք հիշում, որը, հուսով եմ, միակ սպանությունն է, ոնց որ ուրիշ 2-րդ դեպք չի եղել։ Լրագրողներին ոնց որ չեն ծեծում, իրենց չեն սպանում, կարծես թե ֆիզիկական բռնությունը, որպես էդպիսին, չկա, բայց կան այլ սահմանափակումներ»,- ասում է Հարություն Մանսուրյանը։

Factor TV-ն, «Հետք»-ը, «Սիվիլնեթ»-ը և «Ազատություն ռադիոկայան»-ը զեկույցում նշված են որպես անկախ լրատվամիջոցներ, սակայն Հայաստանը շարունակում է մնալ «խնդրահարույց» կատեգորիայում։ «Լրագրողների անվտանգության պլատֆորմը» Հայաստանն առաջին անգամ ներառել է այն երկրների ցանկում, որտեղ մեդիա ներկայացուցիչներ են ձերբակալվել․ խոսքը «Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի մասին է։

Բայց խոսքի ազատությունը միայն ծեծով ու ձերբակալությամբ չէ, որ սահմանափակվում է։ 

«Վերջին տարիներին, օրինակ, լրագրողների գործը խիստ բարդացել է, որովհետև պետական պաշտոնյաները սովորել են դնել սահմանափակումներ, որոնք օրենքով չպիտի լինեին։ Սովորել են հնգօրյա ժամկետում, օրինակ, պատասխանել հարցումներին՝ ոչինչ չպատասխանելով։ Եվ լրագրողը պիտի կարողանա տվյալներ գտնել այնտեղ, որտեղ իրեն չեն տալիս այդ տվյալները»,- ասում է Մանսուրյանը։ 

Խնդրի մեկ այլ շերտ էլ մտքի ազատությանն է վերաբերում։ Ազա՞տ են, արդյոք, լրագրողն ու խմբագիրը թեմատիկ ընտրության մեջ, երբ օրակարգ թելադրելու փոխարեն՝ հաճախ ստիպված են հետևել թելադրվող օրակարգերին։  

«Լրագրողն առավոտյան արթնանում է ու մտածում է՝ հասարակության ո՞ր մի խնդիրը ես այսօր լուսաբանեմ՝ կրթական, առողջապահական, գների բարձրացում, սոցիալական ինչ-որ մի այլ հարց… Եվ էդ մտքով գալիս է խմբագրություն։ Բայց բանից պարզվում է, որ քաղաքական որևէ գործիչ արդեն առավոտյան լայվ է մտել և ասել է մի ոչ շատ խելացի բան, ու ամբողջ մեդիա դաշտը սկսում է աշխատել այդ խոսքի քննարկման վրա։ 1, 2, 3՝ և լրագրողն էլ չի փնտրում այդ հիմնավոր խնդիրը, որը ինքը պիտի լուսաբանի որպես լրագրող»,- նշում է Մանսուրյանը։ 

Հարցի մեկ այլ՝ նաև մամուլի ազատությունը չափող զեկույցում խնդրահարույց համարված շերտ էլ Հայաստանում մեդիադաշտի բևեռվածությունն է։ Թե ինչպե՞ս է այն ազդում մամուլի ազատության վրա և ինչպե՞ս են իրավիճակն ընկալում հաճախ որևէ քաղաքական ուժի շահերը սպասարկելու մեջ մեղադրվող լրագրողները, կարող եք ծանոթանալ տեսանյութում։ 

Մենք կարող ենք խոսել այն խնդիրներից, որոնք ստեղծվում են լրագրողների համար, կարող ենք խոսել այն խնդիրներից, որոնք ստեղծում են լրագրողները։ Կարևորն է այն, որ մենք կարողանանք խոսել։ Խոսքի ազատության սահմանափակումը մասնագիտական, թե կուզեք՝ անձնական դրամա է ամեն լրագրողի համար, բայց երբ խոսքը հատում է վիրավորանքի սահմանը, անձնական դրամա է ստեղծվում դիմացինի համար։  

Ամեն դեպքում՝ փաստ է, որ այսօր մենք մի փոքր ավելի քիչ ազատ ենք, քան մեկ տարի առաջ։ Թվերն են ասում։

Մենք փորձեցինք լսել՝ ի՞նչ են ասում լրագրողներն այդ թվերի մասին. մեդիան բազմաշերտ է, դրա խնդիրները՝ նույնպես, խնդիրների լուծման տարբերակները՝ առավել ևս։ Բազմակարծության պայմաններում հստակ է մեկ բան՝ բոլոր կարծիքներն իրական կյանքից են, ինչպես զեկույցը, որը հետքայլի մասին է։

Արուսյակ Կապուկչյան