Զելենսկու այցին ընդառաջ ռուսամետ ալիքները կրկին սկսել են շրջանառել Ուկրաինայի կողմից Ադրբեջանին ֆոսֆորային զենքի վաճառքի մասին չապացուցված պնդումները

Լուրեր

30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
30.05.2026 | 15:15
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ են խոստացել․ գործերն ուղարկվել են դատախազին
30.05.2026 | 15:09
«Դիվան քշելու» ակցիա՝ Վանաձորում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 14:45
Փորձել են մոտ 1 մլն եվրո կանխիկ ներմուծել ՀՀ. «Զվարթնոց»-ում 2 անձ է ձերբակալվել
30.05.2026 | 14:35
Ծաղկունքում 48-ամյա տղամարդը սպանել է ազգականին
30.05.2026 | 14:32
Իշխանությունը գիտի, եթե մասնակցության տոկոսը բարձր լինի, շատ վատ կլինի իրենց վիճակը. Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 14:25
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրական հանցագործությունների գործերը դատարանում են
30.05.2026 | 14:17
ՀՀ 3 քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վաղը կայցելի Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Սպասվող այցի համատեքստում ռուսամետ որոշ ալիքներում կրկին շրջանառվում են պնդումները, թե Ուկրաինան 2020 թ․ պատերազմի ժամանակ Ադրբեջանին ֆոսֆորային զինատեսակ է վաճառել։

Ռուսամետ մի քանի ալիքներ, որոնք դեմ են Վոլոդիմիր Զելենսկիի Հայաստան գալուն, ապրիլի 27-ից սկսած ոչ միայն հիշեցնում են այս պնդումը, այլև միմյանց գրառումներն են տարածում՝ մեծացնելով դրանց շրջանառությունը։

Առաջիններից մեկը, ով դեռ 2020 թ.-ին տարածել է Ուկրաինայի կողմից Ադրբեջանին ֆոսֆորային զինատեսակ վաճառելու մասին պնդումը, եղել է ռուսաստանցի հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը։

2020 թվականի հոկտեմբերի վերջին Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ ադրբեջանական զինուժը ֆոսֆորային զինատեսակ է կիրառել Արցախում՝ Մարտունիի ուղղությամբ։ Այն, որ կիրառվածը հենց ֆոսֆորային զինատեսակ էր, հաստատվել էր նաև միջազգային աղբյուրների հետազոտություններով։

Հոկտեմբերի 31-ին Անդրեասյանն Instagram-ում դիմել էր իր վաղեմի ընկերոջը՝ Վոլոդիմիր Զելենսկիին, և գրել, որ հենց նա է Ադրբեջանին վաճառել ֆոսֆորային զինատեսակը. «Ես միշտ հպարտացել եմ, որ իմ կյանքի որոշ ժամանակահատվածում քո ընկերն էի և բոլոր հարցազրույցներում միշտ ասում էի, որ դու մարդ ես՝ մեծ սրտով: Իսկ երեկ ես նայեցի հայ երեխաների` ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, և, ինչպես պարզվեց, դու էիր դրանք վաճառել մեր հարևաններին՝ նրանց հետ բարեկամությունն ամրապնդելու համար»,- գրել էր Անդրեասյանը։

Դրան հետևել էր Ուկրաինայի նախագահ Զելենսկիի կտրական հերքումն այն մասին, որ իրենք երբեք և ոչ ոքի ֆոսֆորային զինատեսակներ չեն վաճառել։ Նա իր հերթին Անդրեասյանին մեղադրել էր ռուսական պրոպագանդա տարածելու համար։

«Հասկանում եմ, Սարիկ, իսկապես ցավոտ է։ Սարսափելի է, երբ տեսնում ես, թե ինչ է իսկական պատերազմը․․․ Ես հասկանում եմ՝ ինչ է անում ռուսական քարոզչությունը և ինչու է այն այսքան համատարած ստում։ Բայց քեզ ընդհանրապես չեմ հասկանում, որովհետև Ուկրաինան երբեք և ոչ մի տեղ ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել։ Ընդհանրապես։ Առավել ևս այնպիսի վայրեր, որտեղ արդեն իսկ թեժ է, և որտեղ արդեն կան շատ «թեժ գլուխներ», որոնք ուզում են այնտեղ ինչ-որ բան «գեոպոլիտիկ լուծել»…

Նման տեղեկատվական նետումներ առաջին անգամը չեն։ Սկզբում այսպես էին ստում Ուկրաինայի մասին՝ Դոնբասի պատերազմի ժամանակ։ Հետո՝ Սիրիայի պատերազմի համատեքստում։ Հիմա սա հայտնվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի կոնտեքստում։ Եվ այդ ամենը անում են նույն մարդիկ։ Չե՞ս հասկանում՝ ինչու են դա անում»,- մասնավորապես գրել էր Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինայում ապրում է մեծ հայկական համայնք, որը հանդիսանում է ուկրաինական հասարակության օրգանական մասը։

Դրանից հետո ո՛չ Անդրեասյանը, ո՛չ այլ գործիչներ ապացույցներ չեն ներկայացրել Ուկրաինայի կողմից այդ զինատեսակի՝ Ադրբեջան մատակարարման մասին։ 

Ու չնայած դրան՝ մի շարք ռուսաստանցի գործիչներ, այդ թվում՝ ռուս պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը, շարունակել են պնդել, որ հենց Ուկրաինան է Ադրբեջանին վաճառել ֆոսֆորային սպառազինություն։

Հետագայում այս թեման շրջանառվել է նաև այլ առիթներով, մասնավորապես՝ 2022 թվականի փետրվարին ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի մեկնարկի համատեքստում, 2022 թվականի աշնանը՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի վրա հարձակումից հետո և այլ դեպքերում։

2022 թվականի հոկտեմբերին նույնպիսի պնդում է արել նաև ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։ Նա նշել է, որ Ադրբեջանին ֆոսֆորային զինատեսակների մատակարարման մասին բազմիցս հաղորդվել է, և դրանք մատակարարել է Ուկրաինան։ Այս պնդումը, սակայն, նույնպես չի ապացուցվել փաստերով։

Ապացույցների բացակայությունն, իհարկե, չի ապացուցում գործարքի բացակայությունը։ Բայց պնդումը դարձնում է անհիմն։

Ֆոսֆորային զինամթերքի թեման հայկական դաշտում նորից ակտիվացել էր 2024 թվականին, երբ տեղեկություններ կային Ուկրաինայի նախագահի՝ Հայաստան սպասվելիք այցի մասին։ Այս այցը լինելու էր տարածաշրջանային՝ Ադրբեջան, ապա Հայաստան։ Սակայն այն հետագայում չեղարկվել է։

Ինչ վերաբերում է ֆոսֆորային զինատեսակների կիրառմանը, ապա թեև դա չի դիտարկվում որպես քիմիական զենքի օգտագործում, սակայն մարդկանց դեմ դրա քիմիական ազդեցության կիրառումն արգելված է։ Փաստացի, այս զինատեսակը կարգավորման իմաստով «մոխրագույն գոտում է»։

Լուսանկարում՝ Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի կիրառման հետևանքով սկսված հրդեհը

Այսպիսի զինատեսակների վերաբերյալ գործարքները, սովորաբար, չեն արտացոլվում սպառազինությունների փոխանցման/վաճառքի մասին բաց աղբյուրներում և ռեգիստրներում։ Առավել ևս, Ադրբեջանը հայտնի է այդպիսի քողարկված գործարքներով։

Դրա օրինակ է այն, որ ԵՄ անդամ պետությունները ունեին Ադրբեջանին զենք չվաճառելու վերաբերյալ համաձայնություն։ Բայց դրա շրջանցման համար Ադրբեջանը ժամանակին կիրառել է հետքերը թաքցնելու մեխանիզմներ։ Օրինակ, Չեխիայից և Սլովակիայից հրետանային խոշոր զինատեսակների գնումը ձևակերպվել է որպես մատակարարում Իսրայելին, որտեղից էլ այդ զինատեսակները հետագայում փոխանցվել են Ադրբեջանին։

Գարիկ Հարությունյան