Քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ ենք ցանկացած պահի բացել սահմանը, դա կախված է թուրքական կողմից. Վահան Կոստանյան

Լուրեր

17.04.2026 | 17:41
Վահան Կոստանյան հանդիպել է Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ
17.04.2026 | 17:30
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը լիովին բացելու մասին
17.04.2026 | 17:27
Էրեբունիում երկու օր է խմելու ջուր է հոսում փողոցով, «Վեոլիա ջուր»-ը չի արձագանքում․ ահազանգ
17.04.2026 | 17:18
Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան կքննարկեն Իրանում պատերազմը դադարեցնելու ուղիները
17.04.2026 | 17:10
Խաբիբ Նուրմագոմեդովը նշել է իր սրտի ֆուտբոլային ակումբը
17.04.2026 | 17:01
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում՝ Էրդողանի և Թրամփի մասնակցությամբ
17.04.2026 | 16:52
Եթե որևէ մեկը շորի կարիք ունի ու ինչ-որ մեկը շոր ա առնում, էդ նորմալ ա․ Ալեքսան Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 16:44
Ամենայն հավանականությամբ, մոնտաժված ձայնագրություն է. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 16:35
Կառլո Անչելոտին նշել է իտալական ֆուտբոլի ճգնաժամի պատճառները
17.04.2026 | 16:23
Քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ ենք ցանկացած պահի բացել սահմանը, դա կախված է թուրքական կողմից. Վահան Կոստանյան
17.04.2026 | 16:16
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ
17.04.2026 | 16:05
Թուրքիայի ԱԺ նախագահն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան մեխանիզմում
17.04.2026 | 16:03
«Փորձում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ ուժեղ Հայաստան ունենալու երազանքը»․ Սամվել Կարապետյան
17.04.2026 | 15:55
Արման Ծառուկյանին ԱՄՆ-ում իջեցրել են ինքնաթիռից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 15:51
Բանակցում էինք մի քանի կուսակցությունների հետ, բայց համագործակցություն չստացվեց. Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել իր սահմանները Թուրքիայի հետ, սակայն գործընթացը կախված է թուրքական կողմից: Ներկայում Ալիջանի սահմանային անցակետն առաջնահերթություն է, մինչդեռ երկաթուղային կապերի վերաբացման տեխնիկական աշխատանքները շարունակվում են: Այս մասին CNN TÜRK-ի հետ հարզազրույցում ասել է Վահան Կոստանյանը:

«Տարածաշրջանում կայունությունը շատ կարևոր է մեզ համար։ Հայաստանի համար ԱՄՆ-ն ռազմավարական գործընկեր է, Իրանը՝ ևս մեկ շատ կարևոր գործընկեր։ Մենք հավատում ենք և հույս ունենք, որ կողմերը կարող են վերջնական համաձայնության գալ։ Կարծում ենք, որ տարաձայնությունները հաղթահարելու միակ ճանապարհը դիվանագիտական ​​լուծումն է։ Մենք գնահատում ենք բոլոր կողմերի ջանքերը և փորձում ենք միավորել նրանց՝ այս երկարատև և շատ դժվար խնդիրների լուծումներ գտնելու համար»,- նշել է Կոստանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան պատերազմին:

Նա ընդգծել է, որ ներկայում Հայաստանը լուրջ դժվարությունների չի բախվում Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում դա կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանի բոլորի, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի վրա։

«Հետևաբար, այս համատեքստում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը շատ կարևոր է։ Սա կարող է զգալի ձեռքբերում լինել երկու երկրների համար և շատ կարևոր տարր կայունության համար ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ավելի լայն տարածաշրջանում»,- նշել է Կոստանյանը։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մասին հարցին էլ Կոստանյանը պատասխանել է. «Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են, որոնք կանցկացվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ժամանակաշրջանում: Սա բավականին ուշագրավ է այն ժամանակ, երբ տարածաշրջանում ընդհանուր անվտանգության իրավիճակը վատթարանում է: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները դրականորեն են զարգանում: Սահմանին տիրող հանգստությունը խորհրդանշական է և կարևոր: Նշանակալի է նաև այն, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը խաղաղությանը, երբ սկսվեցին Իրանի շուրջ զարգացումները»:

Կոստանյանի խոսքով՝ ՀՀ վարչապետը պաշտոնական այց կատարեց Թուրքիա, և դա պատմական էր։ Դա Հայաստանի անկախությունից ի վեր երկկողմ օրակարգով Թուրքիա առաջին այցն էր, և «էական խթան հաղորդեց Երևանի և Անկարայի միջև հարաբերություններին»։ Միևնույն ժամանակ, անցյալ տարվանից ի վեր Հայաստան-Ադրբեջան գծում շատ դրական զարգացումներ են եղել, հավելել է նա։

«Սակայն, ցավոք, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները տեղում դեռևս նույնն են, ինչ մեկ, երկու կամ երեք տարի առաջ։ Կա համաձայնություն՝ դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին, և երկու կողմերն էլ բազմիցս հաստատել են դա։ Մենք հույս ունենք, որ այս համաձայնագրերը շուտով կիրականացվեն։ Կարևոր է նաև, որ թուրքական կողմն ավարտի ենթակառուցվածքային աշխատանքները։ Հիմա մենք սպասում ենք դրանց իրականացմանը տեղում։ Մենք ներկայում քննարկում ենք Ալիջանի սահմանային անցակետը։ Սակայն անցյալ տարի մեր տեխնիկական փորձագետները հանդիպեցին՝ քննարկելու երկաթուղային կապի վերաբացման հնարավորությունը։ Փորձագիտական ​​խմբերը շարունակում են իրենց աշխատանքն այս ուղղությամբ, և սպասվում է, որ նրանք կրկին կհանդիպեն մոտ ապագայում։ Ինչ վերաբերում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, ապա վատթարացող միջավայրը պետք է լրացուցիչ խթան հանդիսանա Հայաստանի և Թուրքիայի համար սահմանը բացելու համար։ Սա կամրապնդի կայունությունը տարածաշրջանում։ Մենք գիտենք, որ սահմանը փակ է 1993 թվականից ի վեր, բայց վերջին 30 տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ այն բացվել է մարդասիրական օգնության համար։ Այն բացվել է որոնողական-փրկարարական խմբերի համար երկրաշարժի ժամանակ, և օգնություն է ուղարկվել Թուրքիա և Սիրիա։ Ցավոք, սահմանը, որպես կանոն, բացվում է ճգնաժամի ժամանակ։ Սակայն այն պետք է լիովին բաց լինի նաև բարգավաճման ժամանակ։ Տարածաշրջանում կան պայմաններ բոլոր ժողովուրդների համար նոր բարգավաճում ստեղծելու համար»,- ասել է Կոստանյանը։

Հարցին՝ արդյո՞ք սահմանի բացման հնարավորություն յա հունիսյան ընտրություններից առաջ, և դա կլինի լիարժե՞ք բացում, Կոստանյանը պատասխանել է. «Քաղաքականապես և տեխնիկապես մենք պատրաստ ենք ցանկացած պահի բացել սահմանը։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս հարցը պետք է ուղղել մեր թուրք գործընկերներին»։

Ինչ վերաբերում է TRIPP նախագծին, ԱԳ փոխնախարարն ասել է, որ այն կարևոր է Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի միջև անխափան կապեր հաստատելու համար:

«Անհրաժեշտ է հավատարիմ մնալ հաղորդակցության և տրանսպորտային ուղիների բացման օրակարգին: Այս համատեքստում կարևոր են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները: Դրանք նաև աջակցվել են ԱՄՆ-ի կողմից: Բոլոր կողմերը պետք է հետևեն այս խաղաղության հռչակագրին, որն ունի երկու կարևոր տարր․ առաջինը՝ ներառականություն, և երկրորդ՝ համաձայնեցված տերմինաբանության պահպանում: Այս համատեքստում մենք TRIPP-ը՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին», օգտագործում ենք որպես ճիշտ տերմինաբանություն»,- ասել է նա։

Կոստանյանը նաև շեշտել է, որ Երևանն իրավական խոչընդոտ չի տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին Բաքվից հնչող պահանջներին, Կոստանյանն ասել է՝ դա մեր ներքին գործն է․ նոր Սահմանադրության վերաբերյալ քննարկումները շարունակվում են 2018 թվականից, և Կառավարությունը շուտով նախատեսում է հրապարակել նախագծի տեքստը։

«Ես սա որպես պահանջ չեմ համարում, քանի որ օգոստոսի 8-ին արդեն համաձայնություն է ձեռք բերվել այս հարցի շուրջ։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեծ նշանակություն են տալիս հաղորդակցության գծերի բացմանը։ Բոլոր տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային դերակատարները, այդ թվում՝ Թուրքիան, հետաքրքրված են այս գործընթացով։ Մենք աշխատում ենք ԱՄՆ-ի հետ այս գործընթացն իրականացնելու համար։ Նախատեսվում է հայ-ամերիկյան համատեղ նախաձեռնություն։ Կիրառման շրջանակն ընդունվել է հունվարի 13-ին։ Ներկայում ընթանում են իրագործելիության ուսումնասիրություններ։ Ամերիկյան մի ընկերություն ձեռնարկել է այս գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև ֆինանսավորման մոդելի վրա։ Մոտ ապագայում նախատեսվում են միջազգային ներդրողներին ուղղված շնորհանդեսներ»,- նշել է Կոստանյանը  TRIPP-ի մասին։

Նա նաև ընդգծել է՝ Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները պետք է հաստատվեն, նախքան պոտենցիալ դեսպանների ցուցակի կազմումը։

«Եթե դա կախված լիներ միայն Հայաստանից, այս գործընթացը կարող էր ավարտվել նույնիսկ երեկ։ Մենք պատրաստ ենք դրան և վճռական ենք Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման հասնելու հարցում»,- եզրափակել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի