«Կա՛մ մենք, կա՛մ պատերազմ»․ ՔՊ-ի քաղաքական խոսույթը՝ ընտրություններից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.03.2026 | 20:45«Հիմա էլ ասում եմ՝ սեպտեմբերին լինելու է աղետաբեր պատերազմ, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չլինի, ոնց ուզում եք գնահատեք»․ 8 տարի շարունակ Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանն ի՞նչ նկատի ունի, երբ նման հայտարարություն է անում։ Արդյո՞ք իշխանությունը տեղեկություն ունի հնարավոր պատերազմի մասին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանում է իշխող թիմի ղեկավարի հայտարարությունը․ պատերազմի հավանականության մասին խոսույթը քաղաքական գնահատական է և բխում է տարբեր ուժերի ներկայացրած օրակարգերից։
«Քաղաքական գործիչները քաղաքական վերլուծություններ կարող են անել, իսկ վարչապետը, ունենալով բավարար ինֆորմացիա, կարող է նաև նման կանխատեսում անել և դա գնահատական է»,- ասում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա, միաժամանակ, վստահեցնում է՝ կոնկրետ սցենարների կամ ամսաթվերի վերաբերյալ տվյալներ չկան։
Քաղաքագետ Թևան Պողոսյանը կարծում է՝ այսպիսի հայտարարություններն արվում են իշխանությունը կորցնելու վախից և ժողովրդին շանտաժի ենթարկելու համար։ Պողոսյանը նշում է՝ եթե պատերազմի վտանգ կա, ինչպե՞ս են հայտարարում խաղաղություն հաստատելու մասին։
«Այդպիսով հաստատում են, որ որևէ խաղաղության պայմանագիր չի նախաստորագրվել, որևէ խաղաղության փաստաթուղթ չկա, որովհետև այլ պարագայում ինչի՞ պետք է պատերազմ լինի»,- նշում է քաղաքագետ Թևան Պողոսյանը։
Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ ընտրական գործընթացում կիրառվող այդ խոսույթը վիճահարույց է։
«Ակնհայտ է՝ այստեղ որոշակի սարսափեցման էլեմենտ կա։ Եթե ասում են, որ իրենք չլինեն, ուրեմն այլ տարբերակով կլինի պատերազմ, դա հենց այդ սև-սպիտակի տարբերակն է։ Այսինքն՝ մնացած բոլոր ուժերը պատերազմի կողմնակից են կամ ռուսական քաղաքականության կրող են Հայաստանում»,- նշում է վերլուծաբանը։
Այդուհանդերձ, նա կարծում է, թե Փաշինյանի խոսույթում ավելի շուտ ակնարկ կա նախկին իշխանությունների հետ կապված։ Այս դեպքում, ըստ Խուրշուդյանի, վարչապետը ճիշտ է։
«Ինքը երևի նկատի ունի ռոբասերժական այդ քրեաօլիգարխիայի մնացուկներին։ Եթե նրանք գան իշխանության, այո՛, ես համաձայն եմ, որ կլինի պատերազմ, բայց դա չի նշանակում, որ միայն «Քաղաքացիական պայմանագիրն» է այդ խաղաղության գաղափարի և արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակականության երաշխավորը»,- կարծիք է հայտնում Խուրշուդյանը։
Ալեն Սիմոնյանը ուշադրություն է հրավիրում երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին։ Սիմոնյանի խոսքով՝ հարևան երկրների նկատմամբ պահանջատիրական մոտեցումները պատերազմի ուղիղ ճանապարհ են։
«Եթե դու պահանջներ ես ներկայացնում քո հարևաններին, դա կազուս բելլի է, դա պատերազմի առիթ է, և դու ակնհայտ անոնս ես անում, որ դու հարձակվելու ես և դու նման բանի ես պատրաստվում»,- ասում է ԱԺ խոսնակը։
Ռոբերտ Քոչարյանն օրեր առաջ հայտարարել էր, որ պետք է ոչ թե պարզապես խաղաղություն, այլ երաշխավորված խաղաղություն լինի։ Նրա ձևակերպմամբ՝ խաղաղությունը չի կարող կախված լինել մեկ անձի կամքից և դա չի կարող երկարաժամկետ լինել՝ վստահ է երկրորդ նախագահը։
«Եթե մենք խոսում ենք հարատև խաղաղության մասին, այդ երաշխիքը պետք է և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմին։ Ադրբեջանին ինչի՞ համար է պետք։ Օրինակ, աշխարհաքաղաքական մեծ փոփոխություններ են և ինչ-ինչ պայմաններում հայկական կողմն այդպես շանս է ստանում ռևանշիզմը վերակենդանացնել։ Այդ երաշխիքները նաև ազդելու են այս պարագայի վրա»,- նշել էր Քոչարյանը։
Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանի ամբիոնից, անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, հղում արեց Քրեական օրենսգրքին՝ պնդելով, թե նման հայտարարությունները կարող են գնահատվել որպես ինքնիշխանության դեմ ուղղված գործողություններ, քանի որ դրանք, ըստ պատգամավորի, ազդում են ազատ ընտրության և կամարտահայտման վրա։ Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը հորդորեց հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան