Իրանը դադարեցրել է բնական գազի արտահանումը Թուրքիա
Քաղաքականություն
24.03.2026 | 21:38
Իրանը դադարեցրել է բնական գազի արտահանումը Թուրքիա՝ մարտի 18-ին Հարավային Պարս գազի հանքավայրին Իսրայելի հարվածից հետո, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, փոխանցում է Turkiye today-ը։
Եվրոպայում գազի ֆյուչերսները մնացել են մոտավորապես 70%-ով բարձր նախապատերազմյան մակարդակից, և դադարեցման տևողությունը դեռևս անհայտ է։
Թուրքիայի բնական գազի բաշխիչների ասոցիացիայի կողմից կազմված տվյալների համաձայն՝ Թուրքիան անցյալ տարի իր բնական գազի մոտ 14%-ը գնել է Իրանից։ Bloomberg-ը պնդում է, որ Իրանից Թուրքիա մատակարարման 75%-ն արդեն կրճատվել էր Հարավային Պարսին հարվածից անմիջապես հետո, նախքան լրիվ դադարեցումը։ Պարզ չէ, թե որքան կտևի ընդհատումը։
Թուրքիան շարունակում է գազ ներմուծել իր հիմնական մատակարարներից՝ Ռուսաստանից և Ադրբեջանից, և ունի պաշարներ, Bloomberg-ին հայտնել են աղբյուրները՝ անանունության պայմանով։ Երկրի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը 2025 թվականի նոյեմբերին հայտարարել է, որ երկրի 6,3 միլիարդ խորանարդ մետր գազի պահեստը հասել է իր լիարժեք հզորությանը։
Անցյալ տարվա մարտին Թուրքիան օրական միջինում սպառել է 230 միլիոն խորանարդ մետր գազ։
Իսրայելը մարտի 18-ին հարված էր հասցրել աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրին՝ Հարավային Պարսին։ Թեհրանը հակադարձեց Պարսից ծոցի էներգետիկ ակտիվների, այդ թվում՝ Կատարի Ռաս Լաֆան համալիրի վրա հարձակումներով, որը արտադրում է համաշխարհային հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մատակարարման մոտավորապես մեկ հինգերորդը։
Հարավային Պարսը կենսական նշանակություն ունի ինչպես Իրանի ներքին էլեկտրաէներգիայի արտադրության, այնպես էլ արտահանման համար։ Հարձակումից հետո Իրանը նաև կրճատել է գազի մատակարարումը հարևան Իրաք, չնայած այն մասամբ վերսկսվել է, երկուշաբթի օրը հայտարարել է Իրաքի էլեկտրաէներգիայի նախարարությունը։
Նույնիսկ խաղաղ ժամանակներում Իրանը երբեմն դադարեցրել է գազի արտահանումը Թուրքիա՝ վկայակոչելով տեխնիկական խնդիրները։ Կրճատումները սովորաբար տեղի են ունենում ձմռան ամիսներին, երբ Իրանի հյուսիսային շրջաններում ներքին պահանջարկը բարձր է, ասվում է հրապարակման մեջ։
Հարավային Պարսն աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրն է, որը գտնվում է Պարսից ծոցում։ Այն կիսում են Իրանը և Կատարը։
Իրանի նավթի նախարարության Shana լրատվական ծառայության տվյալներով՝ Հարավային Պարսում օրական գազի արտադրությունը 2025 թվականին հասել է ռեկորդային 730 միլիոն խորանարդ մետրի։ Հարավային Պարսի հարվածի և Պարսից ծոցի էներգետիկ ակտիվների վրա Իրանի կողմից ձեռնարկված պատասխան հարվածների համակցված ազդեցությունը եվրոպական գազի ֆյուչերսները հասցրել եմ վերջին երեք տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակին։
Երկուշաբթի կեսօրի դրությամբ՝ գները մնացել են մոտ 70%-ով բարձր պատերազմից առաջ արձանագրված մակարդակից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի