Ադրբեջանում կտրուկ բարձրացվել են պաշտոնյաների աշխատավարձերը՝ դժգոհություններ առաջացրելով. OC Media-ի անդրադարձը
Քաղաքականություն
25.03.2026 | 23:01
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով զգալիորեն բարձրացվել են պետական պաշտոնյաների աշխատավարձերը, որի արդյունքում որոշ պաշտոնների ամսական աշխատավարձը բարձրացվել է մինչև երեք անգամ։ Միևնույն ժամանակ, հրամանագիրը սահմանում է, որ գործող պարգևավճարներն ու այլ կողմնակի վճարումները կչեղարկվեն, ինչը նշանակում է, որ իրական աշխատավարձերի և, այսպես կոչված, «սև աշխատավարձերի» միջև տարբերությունը կլինի ավելի քիչ, գրում է OC Media-ն։
Նոր աշխատավարձերը ներառում են հետևյալ հատկացումները․ վարչապետի համար՝ 17,000 մանաթ ($10,000), առաջին փոխվարչապետի համար՝ 15,950 ($9,400) և փոխվարչապետի համար՝ 14,850 ($8,750): Այլ պաշտոնների, օրինակ՝ գլխավոր դատախազի, ամսական աշխատավարձը զգալիորեն աճել է՝ 3,000 մանաթից ($1,650) մինչև 13,750 ($8,100):
Որոշումը լայնորեն չի լուսաբանվել ադրբեջանական լրատվամիջոցներում, փոփոխությունների պատճառը իշխանությունները չեն պարզաբանել:
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը տեղի է ունենում Ալիևի կողմից ստորագրված մեկ այլ հրամանագրից կարճ ժամանակ անց, որը չեղարկում էր պաշտոնյաների համար նախատեսված բոլոր պարգևավճարները: Կառավարամետ լրատվամիջոցները պնդում են, որ հրամանագրերը ստորագրվել են աշխատավարձերի թափանցիկության բարձրացումն ապահովելու համար։
Անկախ «Toplum TV» լրատվամիջոցը, հղում անելով փորձագետներին, գրել է, որ աշխատավարձերի բարձրացումն ինքնին բավարար չէ կոռուպցիան կանխելու համար։
«Այս մոտեցումն արդյունավետ է միայն այն դեպքում, եթե քաղաքականությունը լիովին տարանջատված է բիզնեսից, գոյություն ունեն շահերի բախումը կանխելու մեխանիզմներ, և բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև նրանց անմիջական հարազատների կողմից պետական արտոնությունների միջոցով հարստանալու հնարավորությունը լիովին վերացված է»,- նշվում է հոդվածում։
Բարձրացվել են ոչ միայն նախարարների և վարչապետի աշխատավարձերը։ Հրամանագրի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի ամսական աշխատավարձը 3000 մանաթից (1700 դոլար) բարձրացվել է մինչև 12000 -ի (7000 դոլար): Հրամանագիրը տարածվում է նաև ԿԸՀ անդամների վրա, որոնց աշխատավարձը 2200 մանաթից (1300 դոլար) բարձրացվել է մինչև 9000-ի (5300 դոլար):
Աշխատավարձի բարձրացումը քննադատության է արժանացել սոցիալական ցանցերում, նույնիսկ կառավարամետ լրագրողների կողմից: Խատիրա Ռահիմլին՝ կառավարամետ Qafqazpress լրատվամիջոցի հիմնադիրը և գլխավոր խմբագիրը, համեմատել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը նվազագույն կենսաթոշակի չափի հետ՝ ընդգծելու երկու թվերի միջև եղած անհամապատասխանությունը։
«Ինչո՞ւ են պետական ծառայողների, այդ թվում՝ խորհրդարանի անդամների աշխատավարձերը այդքան բարձր, մինչդեռ քաղաքացիների մեծ մասը ստանում է 320 մանաթ (190 դոլար) կենսաթոշակ։ Սոցիալական կենսաթոշակը կազմում է 220 մանաթ(130 դոլար)։ Վետերանները ստանում են ամսական 80 մանաթ (50 դոլար), իսկ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «երեխաների նպաստների» համար գումար չկա»,- նշել է նա։
Ադրբեջանում և՛ նվազագույն կենսաթոշակները, և՛ նվազագույն աշխատավարձն անցյալ տարի բարձրացել են 9,3%-ով։
Անկախ փորձագետները բարձրացրել են նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների հարցը։ Նրանք պնդում են, որ Ադրբեջանում սպառողական զամբյուղի արժեքն անհասկանալի է, քանի որ այն դեռևս չի ճշգրտվել գնաճի համար։ Ըստ մասնագետների՝ այս պայմաններում կառավարության վերահսկողության իսկապես արդյունավետ ձևը կլինի ազատ և արդար ընտրությունների միջոցով ձևավորված խորհրդարանը, որը կարող է իրականում վերահսկել հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։ Ըստ նրանց՝ նոր փոփոխությունները, հավանաբար, կստեղծեն հսկայական անհավասարակշռություն «տարբեր սոցիալական խմբերի՝ ուսուցիչների և պետական ծառայողների միջև»։
«Վերջին բարձրացումներից հետո միջնակարգ դպրոցի ուսուցչի ամսական աշխատավարձը մոտավորապես 15-16 անգամ պակաս կլինի իրենց կրթության նախարարի աշխատավարձից։ Սակայն համեմատության համար մեջբերված երկրներում ուսուցիչների և նախարարների աշխատավարձերի միջև տարբերությունը սովորաբար չի գերազանցում 4-6 անգամը»,- նշում են փորձագետները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի