85 000-ի խոստումը և 75 000-ի իրականությունը. ինչո՞ւ Կառավարությունը չի բարձրացնում նվազագույն աշխատավարձը

Լուրեր

20.03.2026 | 20:15
86 տարեկանում մահացել է Չակ Նորիսը
20.03.2026 | 20:00
Վարչապետն ասաց՝ ինչ-որ մարդիկ Սահմանադրական փոփոխությունների խորհրդի նիստերից շատ են բացակայել, բայց ինքը ոչ մեկին ներկա չի եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.03.2026 | 19:43
Ազդում է Մոսկվայի շահերի վրա. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Կասպից ծովում Իրանի նավահանգստին Իսրայելի հարվածների մասին
20.03.2026 | 19:21
Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում
20.03.2026 | 19:06
Արա Ֆիդանյանը՝ Եվրոպոլում ՀՀ կապի սպա
20.03.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Պատերազմը սաստկանում է, սպանված են Իրանի բարձրաստիճան ղեկավարներ․ ԱՄՆ-ն կբացի՞ Հորմուզի նեղուցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 18:49
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով օպերատիվ-հետախուզական վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են նշանակվել
20.03.2026 | 18:27
ԱՄՆ-ը դիտարկում է Խարգ կղզու օկուպացիայի կամ շրջափակման հարցը. Axios
20.03.2026 | 18:22
Մխչյանի դպրոցի երեխաներին առաջարկված սպիտակ փոշին գաջ է եղել
20.03.2026 | 18:18
Խոստանում ենք առաջիկա 5 տարիներին նվազագույնը 1 կանաչ ջրածնի կայան ունենալ․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 18:10
ԱԱԾ տնօրենը Եզրաս արքեպիսկոպոսին գործակալ է անվանել // ԱՄՆ-ում հայերի հանցավոր խումբ է բացահայտվել․ ԼՈՒՐԵՐ
20.03.2026 | 18:03
Կողմ և դեմ․ Հայկական ակումբների դիրքորոշումը լեգեոնականների լիմիտի խստացման շուրջ
20.03.2026 | 17:54
Բարեկեցության էական բարձրացում է տեղի ունեցել․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 17:46
ԱՄՆ-ն արագացրել է Մերձավոր Արևելք զորքերի տեղափոխումը
20.03.2026 | 17:35
ԱՄՆ-ում խարդախության մեղադրանքով մի խումբ հայեր են ձերբակալվել
Բոլորը

Լուսանկարը՝ գեներացված է արհեստական բանականության օգնությամբ

Չնայած Կառավարության ծրագրով նախատեսված էր մինչև 2026թ․ նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել մինչև 85 000 դրամ, այն մինչ այժմ շարունակում է մնալ 75 000 դրամ։

Կառավարության 2021–2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով արձանագրված է, որ նվազագույն ամսական աշխատավարձը պետք է շարունակաբար բարձրացվի՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները։

Լուսանկարը՝ Կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրից

Factor TV-ն ուսումնասիրել է 2021–2026 թվականների տնտեսական տվյալները՝ հասկանալու համար, թե արդյոք դրանք թույլ են տալիս բարձրացնել նվազագույն աշխատավարձը, և ինչու մինչ օրս դա չի իրականացվել։

Նախարարությունը չի պատասխանել հարցերին

Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմել է պատասխանատու մարմնին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, սակայն բարձրացված հարցերը մնացել են անպատասխան։

Նախարարությունից ստացված գրության մեջ նշված է, որ մեր կողմից հնչեցրած հարցերը չեն դիտարկվում որպես տեղեկատվություն՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ հոդվածին, որտեղ սահմանվում է, թե որն է օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալը։

Լուսանկարները՝ FactorTV-ի հարցումից և ԱՍՀ նախարարության պատասխան գությունից

Փոխարենը՝ մեզ ուղղորդել են մեկ այլ լրատվամիջոցի հարցազրույցից ստանալ հարցերի պատասխանները և պատրաստակամություն հայտնել սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող հարցերի շուրջ խոսել հարցազրուցային կամ այլ ձևաչափով։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանի կարծիքով՝ նախարարությունը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը և սուբյեկտիվ կերպով մեկնաբանել «տեղեկատվություն» հասկացությունը սահմանող դրույթը։

«Բարձրացված հարցերը շատ հստակ են՝ ինչու չի բարձրացվել և նախատեսվում է արդյոք բարձրացնել։ Այո՛, երևույթի կամ հանգամանքի մասին ձևավորված տվյալ եք փնտրում հանրային շատ կարևոր հարցի վերաբերյալ, որը չի տրամադրվել»,- պարզաբանեց Դոյդոյանը։

Արսեն Թորոսյանի պնդումը

Մարտի 4-ին Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը մեծ ազդեցություն չի ունենա աշխատողների եկամուտների վրա։

«Մենք այդ նվազագույն աշխատավարձը բարձրացնենք, չբարձրացնենք, միևնույն է, իրական սեկտորում աշխատավարձերը բարձրանում են, այդ թվում՝ մրցակցության շնորհիվ։ … 2025–2026 թթ. հունվարների միջև մինչև 100 հազար դրամ ստացող աշխատատեղերը կրճատվել են, իսկ 150 հազար դրամից բարձր խմբում՝ ավելացել։ Մինչև 12 հազար աշխատատեղ կրճատվել է մինչև 150 000 դրամի խմբում և տեղափոխվել 150 000 դրամից ավելի բարձր, այդ թվում՝ 500 000 դրամից բարձր խմբեր։ … Մեր նպատակն է, որ իրական աշխատավարձերը բարձրանան։ … Հիմա մենք կգնանք, այդ 75 հազար դրամը կդարձնենք 85 հազար կամ 105 հազար, … բացի պետական աշխատողների աշխատավարձի բարձրացումից՝ ուրիշ բան չի փոխվելու։ … Եվ մենք շարունակում ենք ճիշտ ճանապարհով»,– ասել է նա։

Նախարարը նույն դիրքորոշումը ներկայացրել է նաև CivilNet-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ բարձրացումը հիմնականում կազդի պետական հատվածում աշխատողների աշխատավարձերի վրա, քանի որ դրանք հաշվարկվում են նվազագույն աշխատավարձի վրա գործակից կիրառելով։ Սակայն նախարարի այս պնդումը մոլորեցնող է։

Ինչ է ասում օրենքը

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ գործատուն պարտավոր է յուրաքանչյուր աշխատողի վճարել սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ պակաս։ Այս պահանջը վերաբերում է թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում աշխատողներին։

Լուսանկարը՝ ՀՀ Աշխատային օրենսգրքից

Այո՛, նվազագույն աշխատավարձի փոփոխությունը ազդում է նաև պետական աշխատողների աշխատավարձի վրա, քանի որ բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել նվազագույն անվանական ամսական աշխատավարձի (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները) 80%-ից և գերազանցել դրա 120%-ը։

Ներկայում բազային աշխատավարձը կազմում է 83 200 դրամ, ինչը նվազագույն անվանական աշխատավարձի (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները) մոտ 82%-ն է։ Եթե նվազագույն աշխատավարձը բարձրացվի մինչև 85 000 դրամ, ապա բազային աշխատավարձը պետք է լինի առնվազն 91 730 դրամ։

Փոփոխություններ կլինեն նաև մասնավոր հատվածում, քանի որ գործատուն պարտավոր է ամբողջական դրույքով աշխատողին վճարել առնվազն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը։

Նվազագույն աշխատավարձն օրենքով սահմանված ստորին շեմ է, մինչդեռ աշխատաշուկայում աշխատավարձերի մակարդակները ձևավորվում են մրցակցության արդյունքում։ Այդ պատճառով տարբեր աշխատավարձ ստացող խմբերի հարաբերակցությունը կարող է փոփոխվել՝ կախված ոլորտից, պահանջարկից և արտաքին տնտեսական գործոններից, սակայն օրենքով սահմանված նվազագույն շեմից ցածր վճարել չի թույլատրվում։

Բացի այդ, դրա բարձրացումը հաճախ ստեղծում է, այսպես կոչված, «շղթայական էֆեկտ», երբ գործատուները վերանայում են նաև մյուս աշխատողների աշխատավարձերը՝ մասնագիտական տարբերակումն ու մրցունակությունը պահպանելու համար։

Հատկանշական է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2023թ․, երբ նվազագույն աշխատավարձը 68 000 դրամից դարձավ 75 000 դրամ, իր ֆեյսբուքյան էջում որպես արդյունք նշել էր թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում աշխատողների վարձատրության աճը։

Ինչ են ցույց տալիս տնտեսական ցուցանիշները

2021–2025 թվականների ընթացքում Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները հիմնականում աճել են։ Կառավարության ծրագրով այս տվյալների հիման վրա նախատեսված էր ապահովել նվազագույն ամսական աշխատավարձի ավելացումը։

2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ աճել է 7,2%-ով իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 9.2%-ով։

Միաժամանակ, նվազել են արտաքին առևտրի որոշ ցուցանիշներ․ 2025 թ․ արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են 37.1%-ով, ներմուծումը՝ մոտ 25%-ով։ Այս ընթացքում շարունակել է աճել նաև սպառողական գների ինդեքսը, ինչը նշանակում է, որ ապրանքների և ծառայությունների գները բարձրացել են։

Առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2023 թ․ չորրորդ եռամսյակում գրեթե հավասար էր նվազագույն աշխատավարձին՝ կազմելով 75 900 դրամ։ Սակայն 2025 թ․ չորրորդ եռամսյակի տվյալներով՝ այն արդեն 3836 դրամով ավելի է, քան նվազագույն աշխատավարձը։

Այս հաշվարկով՝ նվազագույն աշխատավարձը չի բավարարում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Այսինքն՝ աշխատավարձը մնացել է նույնը, բայց զամբյուղը թանկացել է, դա նշանակում է մարդկանց գնողունակությունը փաստացի անկում է ապրել։

Մինչդեռ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված սպառողական զամբյուղի դեպքում 2025թ․ չորրորդ եռամսյակում դրա արժեքը նվազագույն աշխատավարձից 6216 դրամով ցածր է մեկ մեծահասակի հաշվով։

Միջին և նվազագույն աշխատավարձերի միջև ճեղքը

Կառավարության ծրագրով նախատեսված էր նաև նվազեցնել միջին և նվազագույն աշխատավարձերի միջև հարաբերակցությունը։

2025 թ․ միջին անվանական աշխատավարձը կազմել է 303 140 դրամ։ Այն նվազագույն աշխատավարձից (75 000 դրամ) ավելի է մոտ 4 անգամ, մինչդեռ 2021 թ․ այդ հարաբերակցությունը (68 000 դրամ) մոտ 3 անգամ էր։ Այսինքն՝ նվազագույն և միջին աշխատավարձերի միջև տարբերությունը ոչ թե նվազել, այլ աճել է։

Հարկ է նշել, որ միջին անվանական աշխատավարձի մեջ ներառված են նաև այլ հավելումները և վճարները, մինչդեռ նվազագույն աշխատավարձն իրենից ներկայացնում է զուտ աշխատավարձը՝ առանց հարկերի և այլ պարտադիր վճարների։ 

Այնուամենայնիվ, միջին անվանական աշխատավարձը համարվում է միջին աշխատավարձի ցուցիչը։ Այսպիսով՝ Կառավարության ծրագրով նախատեսված միջին և նվազագույն աշխատավարձի միջև հարաբերակցությունը չի նվազել։

Աղքատության ցուցանիշը

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը նպատակ ունի նաև նպաստել աղքատության կրճատմանը։

2023թ․ 2021 թ․-ի համեմատ Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 2.8 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.4%-ով։

2024թ․ տվյալները համադրելի չեն նախորդ տարիների հետ, քանի որ հաշվարկվել են այլ մեթոդաբանությամբ։ Այդ պատճառով հնարավոր չէ հստակ ասել՝ աղքատության մակարդակը շարունակել է նվազել, թե ոչ։ Բացի այդ, դժվար է միանշանակ գնահատել, թե աղքատության նվազումը որքանով է կապված 2023 թ․ նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ։

Չնայած կառավարության ծրագրով նախատեսված էր մինչև 2026 թ․ նվազագույն ամսական աշխատավարձը հասցնել 85 000 դրամի, այն մինչ այժմ չի բարձրացվել և շարունակում է մնալ 75 000 դրամ։

Միաժամանակ, 2026 թ․ բյուջետային ծրագրով նվազագույն աշխատավարձի բարձրացում նույնպես նախատեսված չէ։

 

Մարիա Խաչատրյան