ԵՄ-ն չի ծրագրում վերանայել ռուսական գազից հրաժարվելու ժամկետները․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Քաղաքականություն
20.03.2026 | 12:29
Եվրամիությունը կհետևի իր ծրագրին՝ մինչև 2026 թվականի վերջը լիովին դադարեցնելու ռուսական հեղուկ բնական գազի մատակարարումները։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, գրում է Meduza-ն։
«Մենք ունենք հստակ նպատակներ, և մենք հետևում ենք դրանց։ Մենք ճիշտ ուղու վրա ենք միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, և մեր նպատակները շատ հստակ են»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Եվրամիությունը ծրագրում է փոխել իր որոշումը՝ ամբողջությամբ հրաժարվել ռուսական հեղուկացված բնական գազից՝ կապված Մերձավոր Արևելքում պատերազմի և գազի գների աճի հետ։
Աշխարհի ամենամեծ գազային հանքավայրի՝ Հարավային Պարսի վրա Իսրայելի հարձակումից հետո Իրանը սկսեց հարվածել հարևան երկրների նավթագազային օբյեկտներին։ Այս ֆոնին Եվրոպայում գազի գները բարձրացան 30%-ով։
ԵՄ երկրները համաձայնել են մինչև 2027 թվականի սկիզբը լիովին դադարեցնել ռուսական գազի գնումը։
Կարճաժամկետ հեղուկ բնական գազի գնումների արգելքն ուժի մեջ կմտնի ապրիլի 25-ին, իսկ լիակատար էմբարգոն՝ 2027 թվականի հունվարից։ Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ի վերադարձը ռուսական գազի գնումներին կլինի «ռազմավարական սխալ»։
Եվրոստատի տվյալներով՝ ռուսական վառելիքը ներկայում կազմում է Եվրոպայի հեղուկ բնական գազի ներմուծման շուրջ 16%-ը և ԵՄ-ին գազի մատակարարման ընդհանուր ծավալի շուրջ 13%-ը։ ԵՄ-ն մնում է ռուսական հեղուկ բնական գազի ամենամեծ գնորդը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի