Ադրբեջանում շիա մահմեդականներ են ձերբակալվել՝ մինչ իշխանությունները խստացնում են դպրոցներում հիջաբ կրելու դեմ պայքարը
Քաղաքականություն
18.03.2026 | 19:37
Երկու շիա մահմեդականներ, որոնք կապված են Ադրբեջանի մուսուլմանական միասնության շարժման (MUM) հետ, ձերբակալվել են թմրանյութերի հետ կապված մեղադրանքով: Ձերբակալությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Ադրբեջանը, կարծես, խստացնում է իսլամը դավանելու սահմանափակումները, այդ թվում՝ հաղորդումների ֆոնին այն մասին, որ դպրոցները սկսել են կիրառել հիջաբ կրելու արգելքը, գրում է OC Media-ն։
Երկու տղամարդիկ՝ 44-ամյա Սամիր Բաբաևը և 25-ամյա Ալիքրամ Նամազովը, մարտի սկզբին տնից աշխատանքի գնալու ճանապարհին առանձին-առանձին ձերբակալվել են ոստիկանության կողմից։
Երկուշաբթի MUM-ը հրապարակել է Բաբաևի ձայնագրությունը, որը մարտի 6-ին ձերբակալվել էր Սաբունչիի գլխավոր ոստիկանության կողմից, որտեղ նա հայտարարում է, որ ոստիկանության կողմից կալանքի տակ գտնվելու ընթացքում իրեն բազմիցս խոշտանգել են։ Սաբունչիի թմրանյութերի դեմ պայքարի վարչության ոստիկանները, ըստ տեղեկությունների, նրան փողոցից բռնել են և տարել շրջանի 14-րդ ոստիկանական բաժանմունք, որտեղ նա ասել է, որ իրեն ծեծի են ենթարկել, քանի որ հրաժարվել է ստորագրել մեղադրական եզրակացությունը։
«Դա պայմանավորված էր նրանով, որ ես ձերբակալվել էի ոստիկանության կողմից թմրանյութերի առկայության դեպքում, և ես չէի ստորագրել այս փաստաթուղթը։ Ավելի ուշ ինձ տարան շրջանի նախնական կալանքի կենտրոն, որտեղ կրկին ծեծի ենթարկվեցի, քանի որ հրաժարվեցի ստորագրել դատարկ թղթի վրա։ Մարտի 7-ին ինձ տարան Սաբունչիի շրջանային դատարան, և ես բողոքեցի՝ մեջքս շրջելով դատավորին, քանի որ իմ փաստաբանին թույլ չտվեցին ներկա գտնվել ինձ պաշտպանելու համար»,- ասում է նա։
Իր ձայնագրության մեջ Բաբաևը հայտարարել է, որ դատական նիստից հետո իրեն ծեծի են ենթարկել դատարանի զուգարանում, և որ ոստիկանները փորձել են գլուխը մտցնել զուգարանի մեջ։ Նա հավելել է, որ ոստիկանները կանգ են առել, երբ ինքը ասել է, որ կբացահայտի նրանց գործողությունները։
Բաբաևի կինը՝ Գյունել Բաբաևան, OC Media-ին ասել է, որ նրան մեղադրում են թմրանյութերի հետ կապված տարբեր մեղադրանքներով, ինչպես նաև մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության և պահպանման մեջ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չորս ամսվա նախնական կալանքը։
«Մենք դեռ չենք կարողացել հանդիպել նրա հետ, բայց գիտեմ, որ նա այժմ կրում է պատիժը Բաքվի նախնական կալանքի կենտրոնում»։
Նա ասել է, որ սա Բաբաևի երկրորդ կալանքն է, և որ նա նախկինում ձերբակալվել էր նույնպես թմրանյութերի մեղադրանքով, բայց հետո ազատ էր արձակվել 2025 թվականի դեկտեմբերին։
«Առաջին կալանքի ժամանակ ոստիկանությունը նրան զգուշացրել էր, որ պետք է հեռու մնա ՄՄՄ-ից, իսկ եթե ոչ, խստորեն կպատժվի»,- ասել է Բաբաևան։
Ալիկրամ Նամազովի մայրը OC Media-ին ասել է, որ իր որդին անհասանելի է մարտի 11-ից հետո։ Չիչակ Նամազովան նշել է, որ իր որդին տառապում է մի քանի հիվանդություններից, և ինքը մտահոգված է նրա առողջությամբ։
«Նրան ձերբակալել են Խիրդալանի ոստիկանները, երբ նա տնից դուրս էր գալիս աշխատանքի։ Նրա փաստաբանը, որը նշանակվել էր պետության կողմից, ինձ ասաց, որ նրա գրպանում թմրանյութեր են հայտնաբերվել, ինչը անհավատալի է։ Որովհետև նա երբեք թմրանյութ չի օգտագործել, և մենք ապրում ենք վարձակալած տանը։ Ինչպե՞ս են թմրավաճառները ապրում աղքատության մեջ»։
MUM-ն ասել է, որ Նամազովը նաև ենթարկվել է ոստիկանական բռնության և ստիպել է խոստովանել թմրանյութերի հետ կապված մեղադրանքները։
Երկուշաբթի օրը MUM-ը նաև հայտարարել է , որ դպրոցները սկսել են արգելել հիջաբ կրելը դպրոցի ուսուցիչների և աշակերտների շրջանում։
Նրանց տվյալներով՝ Սումգայիթի թիվ 17 միջնակարգ դպրոցի տնօրեն Ռենա Աբդուլաևան աշխատանքից ազատել է հիջաբ կրող ուսուցիչներին։
«Մեկ շաբաթ առաջ գլխաշոր կրող աշակերտներին նույնպես արգելվել է նույն դպրոցում դասերին մասնակցել։ Աբդուլաևան նշել է, որ արգելքները սահմանվել են վերադասների հրամանով», – գրում է MUM-ն։
Խումբը պնդում է, որ նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվում նաև Բաքվի Խաթայի շրջանի թիվ 55 դպրոցում։
«2026 թվականի գալուստը, կարծես, վերակենդանացրեց երկար ժամանակ քնած մի խնդիր՝ հիջաբ կրելու սահմանափակումները, որոնք, չնայած նախկինում վերացվել էին տարածաշրջաններում, այժմ արագորեն տարածվում են տեսադաշտից և սրտից հեռու վայրերում», – գրwum է MUM-ն ու նշում։
«Եվ՛ լրատվամիջոցների հայտարարությունները, և՛ կրթության պաշտոնյաների այս փուլում արված վճռական, համառ հայտարարությունները նման են փորձի հաշվարկելու, թե որքանով կազդի վախը հավատացյալների հոգիների վրա երկար տարիներ տևած ձերբակալություններից հետո»։
Այս իրավիճակը քննարկվում է սոցիալական ցանցերում, որոշները պնդում են որ դպրոցներին հրահանգվել է հավաքել հիջաբ կրող աղջիկների ցուցակները։ Երեքշաբթի MUM-ը հայտարարություն է տարածել և կոչ արել Կրթության նախարարությանը՝ պարզաբանել իրավիճակը։
Հրապարակման պահի դրությամբ՝ նախարարությունը դեռևս որևէ հայտարարություն չի հրապարակել դպրոցներում հիջաբի արգելքի կիրառման վերաբերյալ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի