ՔՊ-ից՝ ՍԴ, Վարդանյանը՝ Թովմասյանի փոխարեն․ ինչ հարցեր են ծագում առաջադրման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
16.03.2026 | 20:50Ավելի քան 15 տարի Սահմանադրական դատարանի ավագ մասնագետից մինչև աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Վարդանյանը, հնարավոր է, կրկին վերադառնա նախկին աշխատավայր։ Վերջին 7 տարում պատգամավոր աշխատած Վարդանյանին նախագահն ուրբաթ առաջադրեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։
«Քանի որ ես անցումային կարգավիճակում եմ, ես չմեկնաբանեմ էլի որևէ բան»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը։
Այս տեղեկությունը տարածվելուց կարճ ժամանակ անց Վարդանյանը հայտարարեց ՔՊ կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին:
«Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը և΄ պատվաբեր, և΄ չափազանց պատասխանատու է, այդ իսկ պատճառով նման որոշման կայացումը իմ կյանքի ամենահեշտ որոշումներից չի եղել։ Բարձր առաջարկին համաձայնվել եմ այն գիտակցությամբ, որ թե΄ մասնագիտական և թե΄ ակադեմիական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքներս պետք է առավել արդյունավետ ծառայեցնել մեր երկրի ժողովրդավարական արժեքների պահպանման և զարգացման գործին»,- ֆեյսբուքյան էջում գրել էր պատգամավորը։
Առավել արդյունավետ հնարավոր կլինի՞ ծառայեցնել, եթե առաջադրմանը զուգահեռ քննարկվում է ՍԴ-ում նրա անաչառ լինելու հարցը։
«Այդ ամեն ինչը խնդիր է, և օբյեկտիվ դիտորդի մոտ դրանք խնդիրներ են։ Եվ դրանից խուսափելու նպատակով այդ առաջադրումը խիստ քննադատելի է։ Կարող են ասել, որ նախագահն է առաջադրել, բայց դե ուրեմն ամբողջ Հանրապետությունում ուրիշ համապատասխան թեկնածուներ չկայի՞ն, և նախագահը փաստորեն գնաց էդ ճանապարհով և հենց իշխող կուսակցության շարքերի առանցքային դեմքերից մեկին առաջադրեց։ Իսկապես սա այդքան էլ հավատալի չէ»,- նշում է «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։
Սահմանադրական դատարանում թափուր տեղ հայտնվեց ուղիղ մեկ ամիս առաջ, երբ ուժի մեջ մտավ Հրայր Թովմասյանի մեղադրական դատավճիռը։ Ստացվում է՝ ՍԴ-ում քաղաքական գործչին փոխարինելու է գալիս մեկ այլ քաղաքական գործիչ։ Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը մասնագիտական տեսանկյունից Վարդանյանի թեկնածությանը դրական է վերաբերվում, թեև ասում է կուսակցության անդամ լինելը իր բացասական հետևանքներ է ունեցել նրա վրա։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չկար, երբ որ Վլադիմիր Վարդանյանը իր մասնագիտական գործունեությունն էր ծավալում: Ցավոք, «Քաղաքացիական պայմանագիրը» բացասական ազդեցություն ունեցավ իր մասնագիտական հմտությունների և կարողությունների վրա, անգամ իր իսկ գիտական աշխատանքը մի կողմ դրեց և կատարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական պատվերները, որոնք շատ հաճախ ընդհանրապես անպիտան էին և հակաիրավական ու հակասահմանադրական»,- ասում է նա։
Վարդանյանի արդեն նախկին կուսակից Արփինե Դավոյանը պնդում է՝ նրա անաչառության հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել։
«Այդտեղ կարելի է բազմաթիվ կարծիքներ հնչեցնել անաչառության վերաբերյալ, կուսակցական լինելու վերաբերյալ և քննադատել մյուս կողմից, սակայն երբ որ կա հստակ պահանջ լինել ոչ կուսակցական և դատավորի պաշտոնը ենթադրում է անաչառություն և որևէ ոչ կախվածություն որևէ քաղաքական ուժից, ապա դրա մասին խոսելը համարում եմ ավելորդ: Դրական եմ գնահատում պարոն Վարդանյանի առաջադրումը, որովհետև նա պրոֆեսիոնալ է և այդ պաշտոնի համար կարծում եմ, որ ավելի լավ թեկնածու այս պահին չէին կարող առաջադրվել»,- վստահեցնում է նա։
Քաղհասարակության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը հիշեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի, ԲԴԽ անդամ, ապա հետագայում նախագահ ընտրված Կարեն Անդրեասյանի նշանակումները։ Ընդհանրությունն այստեղ այն է, որ նրանք կուսակցական գործունեությունից հրաժարվել են նշանակումից անմիջապես առաջ։
«Բավական երկար ժամանակ է, որ բարձր դատական և այսպես՝ անկախ մարմինների կարևորագույն պաշտոններում առաջադրվում են այդ կուսակցության առանցքային դեմքերը։ Նույն այսպես ուղին բռնել է Վլադիմիր Վարդանյանը, ինչը իսկապես այն սկզբունքներին հակասում է, որով առնվազն 2019 թվականին իշխող կուսակցությունը քննադատություններ էր ուղղում նաև Սահմանադրական դատարանի նախկին նախագահին»,- ասում է ՀԿ ղեկավարը։
Ինչպես Հակոբյանը, այնպես էլ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը համոզմունք են հայտնում, որ Վարդանյանը ՍԴ է գնում ոչ միայն դատավոր, այլև դատարանի նախագահ դառնալու ակնկալիքով։ Այստեղ էլ այլ ուշագրավ հանգամանք էլ կա․ Factor TV-ի տեղեկություններով՝ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի հետ Վլադիմիր Վարդանյանն ունի քավորսանիկական հարաբերություն։ Այս հարցին ևս Վարդանյանը հստակ պատասխան չտվեց․ «Ես պարոն Դիլանյանին ճանաչում եմ բավականին երկար։ Բայց, խնդրում եմ, այս փուլում մեկնաբանություն չեմ տալիս»։
Երբ կքննարկվի Վարդանյանի թեկնածությունը Խորհրդարանում և ինչպես կքվեարկեն խմբակցությունները, դեռևս հայտնի չէ։ Սակայն նմանօրինակ մյուս նախադեպերը հաշվի առնելով, ըստ ամենյանի, ընդդիմությունը կբոյկոտի քվեարկությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան