ՄՔԴ-ն հետաքննություն է սկսել Բելառուսի իշխանությունների դեմ՝ Լուկաշենկոյի գլխավորությամբ
Քաղաքականություն
13.03.2026 | 12:05
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) մարդկության դեմ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն է սկսել Բելառուսի իշխանությունների դեմ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ, հաղորդում է Reuters-ը, գրում է Current time-ը։
Բելառուսը ՄՔԴ-ի անդամ չէ։ Բողոքը ներկայացրել է Լիտվան, որը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը։ Բողոքում նշվում է հանցագործությունների մասին, որոնք հանգեցրել են Բելառուսի կառավարության հակառակորդների արտաքսմանը։
ՄՔԴ կայքում նշվում է, որ Լիտվայի/Բելառուսի իրավիճակի վերաբերյալ գրասենյակը սկսել է հետաքննություն, քանի որ եզրակացրել է, որ կան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ Հռոմի կանոնադրության հանցագործություններն առնվազն մասամբ կատարվել են Լիտվայի Հանրապետության տարածքում:
2024 թվականի սեպտեմբերի 30-ից ի վեր Գրասենյակը նախնական քննություն է անցկացնում Լիտվայի դիմումի հիման վրա: Լիտվան դիմել է՝ հետաքննելու ՄՔԴ-ի ոչ անդամ պետություն հանդիսացող Բելառուսում մարդկության դեմ կատարված ենթադրյալ հանցագործությունները, նշելով, որ ենթադրյալ հանցագործությունների մի մասը կատարվել է Լիտվայի տարածքում՝ որպես անդամ պետություն:
Կան հիմնավոր հիմքեր ենթադրելու, որ արտաքսմանը հանգեցրած հարկադրանքի գործողությունները Բելառուսի կառավարության իրական կամ ենթադրյալ հակառակորդների դեմ ուղղված վարքագծի դրսևորում են եղել՝ համաձայն պետական քաղաքականության կամ դրա իրականացման համար։ Գրասենյակը եզրակացրել է, որ իշխանությունների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունները խրախուսվել կամ հաստատվել են կառավարության ամենաբարձր մակարդակների կողմից։
Կան նաև հիմնավոր հիմքեր ենթադրելու, որ այս հանցագործությունները կատարվել են քաղաքացիական բնակչության դեմ լայնածավալ և համակարգված հարձակման շրջանակում՝ հաշվի առնելով դրանց մեծ մասշտաբները, զոհերի թիվը և գործողությունների կազմակերպված բնույթը։
Հետաքննության շրջանակը ներառում է անդրսահմանային հանցագործություններ՝ 2020 թվականի մայիսի 1-ից ի վեր Բելառուսում կատարված հանցագործությունների վերաբերյալ անցյալում և ներկայում կատարված ցանկացած մեղադրանք, որտեղ հանցագործության առնվազն մեկ տարր կատարվել է Լիտվայի տարածքում՝ համաձայն գործի հարուցման պարամետրերի և իրավասության շրջանակի։
Նոր հետաքննությունը ներառում է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ինչպիսիք են արտաքսումը և արտաքսման միջոցով հետապնդումները ցանկացած նույնականացվող խմբի կամ կոլեկտիվի նկատմամբ քաղաքական հիմքերով, որոնք ենթադրաբար կատարվել են Բելառուսի իշխանությունների կողմից: Այս ենթադրյալ հանցագործությունները համապատասխանում են Հռոմի կանոնադրության 7(1)(դ) և 7(1)(հ) հոդվածներին:
Նշվում է, որ Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունները, այդ թվում՝ Լիտվան, տեղեկացվել են որոշման մասին: Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես ՄՔԴ անդամ է:
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան ողջունել է Միջազգային քրեական դատարանի հայտարարությունը։
«Հարյուր հազարավոր բելառուսներ տառապել և շարունակում են տառապել ռեժիմի գործողությունների պատճառով։ Լուկաշենկոյի քաղաքականությունը նաև սպառնալիք է Բելառուսի հարևանների համար»,- ընդգծել է Տիխանովսկայան։
«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության հաղորդմամբ՝ Միջազգային քրեական դատարանը նախնական հետաքննություն է անցկացնում 2024 թվականի սեպտեմբերի վերջից։ 2023 թվականին Բելառուսի ընդդիմության ոչ պետական ներկայացուցչական մարմինը՝ Ժողովրդական հակաճգնաժամային վարչությունը, դիմել է Լիտվայի արդարադատության նախարարությանը՝ ենթադրյալ հանցագործությունների մասին տեղեկատվությունը փոխանցելու Միջազգային քրեական դատարան։
2020 թվականի օգոստոսին Բելառուսում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց արդյունքում Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթող ճանաչվեց՝ այդ պաշտոնում ընտրվելով վեցերորդ անգամ անընդմեջ։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին նրա հրաժարականը և նոր ընտրությունների անցկացում՝ մեղադրելով իշխանություններին աննախադեպ ընտրախախտումների և ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ դաժանության մեջ: Իրավապաշտպանների տվյալներով՝ բողոքի ցույցերի ճնշման ընթացքում զոհվել է առնվազն ութ մարդ։ Երկրի իշխանությունները հազարավոր քրեական գործեր են հարուցել իրենց հակառակորդների դեմ, հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդները, ստացել են երկարատև ազատազրկման պատիժներ: Որոշ ակտիվիստներ ստիպված են եղել փախչել երկրից:
Ինքը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, կտրականապես հերքում է քաղաքական մրցակիցների հետապնդման և մարդու իրավունքների խախտումների մեղադրանքները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի