Թրամփը պնդում է, որ Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հարցում են ներկայացրել, և ինքը համաձայնել է
Քաղաքականություն
01.03.2026 | 21:22
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic պարբերականին հայտնել է, որ Իրանի նոր ղեկավարությունը բանակցություններ սկսելու ցանկություն է հայտնել։ Թրամփը հաստատել է, որ համաձայնել է երկխոսությանը, սակայն հրաժարվել է հստակեցնել ժամկետները։ Նրա խոսքով՝ իրանական կողմը չափազանց երկար է ձգձգել այս քայլը, իսկ բանակցողների մի մասը, որոնց հետ Վաշինգտոնը կապի մեջ էր վերջին շաբաթների ընթացքում, զոհվել են հարվածների հետևանքով․ «Նրանք պետք է դա ավելի շուտ անեին։ Նրանք կարող էին գործարք կնքել։ Նրանք չափազանց երկար էին խորամանկում»։
Նախօրեին Թրամփը սոցիալական ցանցերում տեսաուղերձ է հրապարակել, որում իրանցիներին կոչ է արել ռմբակոծությունների ավարտից հետո ապստամբել գործող վարչակարգի դեմ։ Միևնույն ժամանակ, հարցին, թե արդյոք պատրաստ է երկարաձգել ռազմական գործողությունը հնարավոր ժողովրդական ապստամբությանն աջակցելու համար, նախագահը խուսափողական պատասխան է տվել՝ նշելով, որ «իրավիճակը կգնահատի դրա զարգացմանը զուգընթաց»։ Այնուամենայնիվ, Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանում իշխանափոխությունն անխուսափելի է՝ հղում անելով իրանական քաղաքների փողոցներում տեղի ունեցող տոնակատարություններին և Նյու Յորքի ու Լոս Անջելեսի իրանական սփյուռքի աջակցության ակցիաներին։
The Atlantic-ը նշում է, որ ուրախության դրսևորումների հետ մեկտեղ մի շարք քաղաքներում տեղի են ունեցել նաև մասշտաբային հակապատերազմական բողոքի ցույցեր։
Հարցազրույցից կարճ ժամանակ անց ամերիկացի զինվորականները հայտարարեցին գործողության ընթացքում առաջին կորուստների մասին. ԱՄՆ երեք զինծառայող զոհվել է, ևս հինգը ստացել են ծանր վիրավորումներ։ Թրամփը, սակայն, հայտարարել է, որ չի ակնկալում գործողության բացասական ազդեցությունը հանրապետականների դիրքերի վրա աշնանային միջանկյալ ընտրություններից առաջ՝ ընդգծելով, որ ամերիկյան տնտեսությունը, իր գնահատմամբ, գտնվում է ռեկորդային վերելքի փուլում։
Նախագահն անդրադարձել է նաև նավթի շուկայի հնարավոր հետևանքներին, որտեղ սակարկությունները կվերսկսվեն մոտ ժամանակներս։ Նրա խոսքով՝ ազդեցությունը գների վրա ավելի քիչ նշանակալի կլինի, քան կանխատեսում էին վերլուծաբանները՝ շնորհիվ սկզբնական փուլում «գործողության հաջողության»։ ԱՄՆ տարածքում անվտանգությանը սպառնացող հնարավոր իրանական սպառնալիքների, այդ թվում՝ ամերիկացի պաշտոնյաների նկատմամբ մահափորձերի մասին հարցին Թրամփը հրաժարվել է պատասխանել։
Զրույցի վերջում նախագահը վերադարձել է հարվածի որոշման հիմնավորմանը՝ հայտարարելով, որ «մարդիկ ցանկանում էին դա անել 47 տարի»՝ նկատի ունենալով Իրանի հետ առճակատումը, որը շարունակվում է 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր։