Ռուս սահմանապահները հեռացվել են ՀՀ վերջին անցակետից՝ «Ախուրիկ»-ից․ Կառավարությունն առաջին անգամ հաստատում է շրջանառվող լուրերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.02.2026 | 16:19ՀՀ կառավարությունն առաջին անգամ պաշտոնապես հաստատում է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետից ռուս սահմանապահները հեռացվել են և այնտեղ ծառայություն են իրականացնում ԱԱԾ հայ սահմանապահները։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողական զեկույցի ուսումնասիրությունից։
«2025 թվականի մարտի 1-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում ծառայություն են իրականացնում բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ 2026 թվականի սկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ևս ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները․ ներկայումս չկա ՀՀ պետական սահմանի որևէ գործող անցման կետ, որը չի գտնվում ՀՀ ԱԱԾ ՍԶ լիարժեք վերահսկողության ներքո»,- նշված է կատարողականի զեկույցում։
Հիշեցնենք՝ տարեսկզբին տեղեկություն տարածվեց «Ախուրիկ» անցակետից ՌԴ սահմանապահների դուրս գալու վերաբերյալ, սակայն, կենտրոնական իշխանությունները չհաստատեցին այս տեղեկությունը․ միայն Ախուրիկ համայնքի վարչական ղեկավարն էր նշել, որ ինչ-որ գործընթացներ են իրականացվում, մասնավորապես, տարածքում ՀՀ պետական դրոշն է տեղադրվել։
Ուշագրավ է, որ ՀՀ ԱԱԾ-ն հունվարի սկզբին այս տեղեկության տրամադրումը համարել էր պետական գաղտնիք, այնինչ այժմ դրա մասին նշված է ՀՀ կառավարության զեկույցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս սահմանապահները դուրս են բերվել նաև հայ-իրանական սահմանի անցակետից և «Զվարթնոց» օդանավակայանից, իսկ հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանին ծառայությունը իրականացվում է հայ սահմանապահների հետ համատեղ։
Սրան զուգահեռ ՀՀ իշխանությունները չեն պլանավորում ՀՀ-ից հանել ռուսական 102-րդ ռազմաբազան։ «Մենք որևէ ծրագիր չունենք, և մտահոգություններ էլ չունենք՝ կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ»,- երեկ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանելով ներկաների հարցերին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմական ներկայությանը։
«Մենք սերտ գործընկերներ ենք Ռուսաստանի հետ և շատ սերտ տնտեսական, քաղաքական կապեր ունենք»,- ասել է նա։
Նարեկ Կիրակոսյան