Պուտինը, Ժիրինովսկին և «ռուս աղջիկները»՝ Էփշտեյնի նոր ֆայլերում. մանրամասներ

Լուրեր

02.02.2026 | 22:03
Ալիևն ու Ադրբեջանը՝ Էփշտեյնի գործի նոր հրապարակված ֆայլերում
02.02.2026 | 21:50
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
02.02.2026 | 21:39
Սեռական սկանդալների մասին՝ 3 մլն էջ․ ովքեր են Էփշտեյնի ֆայլերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
02.02.2026 | 21:27
WTA. Էլինա Ավանեսյանը նահանջել է 20 աստիճան
02.02.2026 | 21:15
Կարծում եմ՝ ՌԴ-ի հետ լարվածության թեման շատ ավելի գերագնահատված է, քան իրականությունը կա․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 21:02
Գերմանիայում 5 մարդ է ձերբակալվել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ապրանքների անօրինական արտահանման գործով
02.02.2026 | 20:51
Վլադիմիր Հովհաննիսյանը պարգևատրվել է գրեփլինգի ֆեդերացիայի ամենաբարձր աստիճանի պատվո մեդալով
02.02.2026 | 20:40
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում
02.02.2026 | 20:27
«Իմ կյանքը վտանգված է». ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստի ահազանգը
02.02.2026 | 20:14
Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում նաև Լավրովի հետ հանդիպում կունենա
02.02.2026 | 20:03
Ձյուն և ձնախառն անձրև. իրավիճակը ճանապարհներին
02.02.2026 | 19:50
6 եպիսկոպոսի արգելել են լքել ՀՀ-ն․ ինչ է սպասվում Ավստրիայում կայանալիք ժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 19:42
Գեներալ Անիլ Չաուհանը մասնակցել է ՀՀ ռազմական ակադեմիայում ՏՏ լաբորատորիայի բացմանը
02.02.2026 | 19:28
Պուտինը, Ժիրինովսկին և «ռուս աղջիկները»՝ Էփշտեյնի նոր ֆայլերում. մանրամասներ
02.02.2026 | 19:13
Արման Ավանեսյանը՝ 6-րդ տեղում. IWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները
Բոլորը

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործին վերաբերող փաստաթղթերի ամենամեծ հավաքածուն, որը մեղադրվում է սեռական շահագործման և մանկապղծության մեջ։ 3,5 միլիոն էջերը ներառում են ավելի քան 2,000 տեսանյութ և 180,000 լուսանկար։ Նոր ֆայլերի հրապարակումն այնպիսի իրարանցում է առաջացրել, որ Արդարադատության նախարարության կայքը խափանվել է։ Որոշ փաստաթղթերում հիշատակվում են ռուս հայտնի քաղաքական գործիչներ, հաղորդում է RTVI-ը։

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը զգուշացրել է, որ հրապարակված արխիվը կարող է պարունակել «կեղծ կամ սխալ ներկայացված» պատկերներ, փաստաթղթեր կամ տեսանյութեր։

«Փաստաթղթերից մի քանիսը պարունակում են կեղծ և սենսացիոն մեղադրանքներ նախագահ Դոնալդ Թրամփի մասին, որոնք տրամադրվել են ՀԴԲ-ին 2020 թվականի ընտրություններից անմիջապես առաջ»,- հայտարարել է նախարարությունը՝ հավելելով, որ եթե դրանք «նույնիսկ մի փոքր հավաստիություն ունենային, վաղուց կօգտագործվեին Թրամփի դեմ»։

ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը հայտարարել է, որ Արդարադատության նախարարությունը, փաստաթղթերը հրապարակելով, որևէ փորձ չի արել պաշտպանել գործող նախագահին կամ որևէ մեկին՝ Էփշտեյնի ենթադրյալ զոհերից բացի։ Նա նաև հերքել է, որ Արդարադատության նախարարությունը, իբր, թաքցնում է կանանց նկատմամբ բռնության մեջ ներգրավված ֆինանսիստի գաղտնի «հաճախորդների ցուցակի» գոյությունը։

Պուտինի և Ժիրինովսկու մասին հիշատակումները

«Էփշտեյնի նոր ֆայլերը» պարունակում են Ռուսաստանին վերաբերող բազմաթիվ հղումներ: Բրիտանական Daily Mail-ը հաշվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին հազարից ավելի հիշատակումներ և 9,600 փաստաթուղթ, որոնք «կապված են Մոսկվայի հետ»: Այնուամենայնիվ, պարբերականը նշում է, որ չկան ապացույցներ, որոնք Ռուսաստանի առաջնորդին կապում են Էփշտեյնի անօրինական գործունեության հետ:

2010 թվականի նոյեմբերին Էփշտեյնը անհայտ հասցեատիրոջ էլեկտրոնային նամակ է ուղարկել՝ հարցնելով՝ արդյո՞ք նա պետք է ներգրավի Պուտինի որոշակի «ընկերոջ» իր ռուսական վիզայի հարցի լուծման գործում: Եվս երկու էլեկտրոնային նամակներում, որոնք թվագրվում են 2011 և 2014 թվականներին, քննարկվում է Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը։

Տարիների ընթացքում Եվրոպայի խորհրդի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ նամակագրության մեջ ֆինանսիստը բազմիցս արտահայտել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու իր ցանկությունը։ Չկա որևէ հաստատում, որ նման հանդիպում երբևէ տեղի է ունեցել։ 2018 թվականին՝ Պուտինի և Թրամփի միջև Հելսինկիում կայանալիք գագաթնաժողովից առաջ, Էփշտեյնը Յագլանդին ասել է, որ, իբր, կարող է Կրեմլին տրամադրել ԱՄՆ նախագահի մասին «արժեքավոր տեղեկատվություն»։

ԱՄՆ Արդարադատության նախարարության նոր ֆայլերը պարունակում են նաև ՀԴԲ զեկույց դաշնային գործակալների և գաղտնի աղբյուրի միջև հանդիպման մասին, որն Էփշտեյնին անվանել է Պուտինի «ակտիվների կառավարիչ»: Աղբյուրի համաձայն՝ ֆինանսիստը, ենթադրաբար, նմանատիպ ծառայություններ է մատուցել Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեին։

Ռուսաստանի նախագահի մասին հիշատակող մյուս փաստաթղթերի մեծ մասը լրատվամիջոցների հոդվածներից վերատպություններ կամ վերնագրեր են։

Բացի այդ, գործերում հինգ անգամ հիշատակվում է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկին։ Նրա անունը հայտնվում է ամերիկյան Foreign Affairs և The Economist թերթերի հոդվածներում, ինչպես նաև Կոմունիստական ​​կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի և «Արդար Ռուսաստան»-ի առաջնորդ Սերգեյ Միրոնովի անունների հետ։

Economist-ի հոդվածում Ժիրինովսկին անվանվել է «ազգայնական ծաղրածու», մինչդեռ Foreign Affairs-ը նրան անվանել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության «անկեղծ և շքեղ» առաջնորդ։ Հոդվածները թվագրվում են 2011 և 2012 թվականներով։ Economist-ի վերատպությունը հայտնվել է Էփշտեյնին Միջազգային խաղաղության ինստիտուտի նախկին տնօրեն Տերյե Ռուդ-Լարսենի կողմից ուղարկված էլեկտրոնային նամակներում։

2012 թվականին Բիլ Գեյթսի հիմնադրամի նախկին խորհրդական Բորիս Նիկոլիչը նամակագրություն է ունեցել Էփշտեյնի հետ՝ առաջարկելով նրան հանդիպել իր «ընկեր» Իլյա Պոնոմարյովի հետ, որին նա նկարագրել է որպես Վլադիմիր Պուտինի դեմ «ապստամբության գլխավոր կազմակերպիչ»։ Հետագայում հրապարակված նամակում Պոնոմարյովը Նիկոլիչին ասել է, որ Ռուսաստանում «հեղափոխական գործընթացներ» են, և օգնություն է խնդրել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին մեկնելու հարցում։ Երրորդ նամակում Էփշտեյնն ինքն է գրել Նիկոլիչին, որ «ընկերացել է» Պոնոմարյովի հետ։

«Էփշտեյնի ֆայլերը» պարունակում են նաև նրա լայնածավալ նամակագրությունը«Наши»-ի  նախկին խոսնակ Մարիա Դրոկովայի հետ՝ մեսենջերների և էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև մանրամասն հեռախոսազանգերը։ 2017 թվականին Դրոկովան առաջարկում է Էփշտեյնին նկարահանել իր մասին գեղարվեստական ​ կամ վավերագրական ֆիլմ։ Նա առաջարկել է, որ վավերագրական ֆիլմը նկարահանի դանիացի դերասանուհի Լիզ Բերկ Պեդերսոնը, որն արդեն նկարահանել էր Դրոկովայի մասին «Պուտինի համբույրը» (2011) ֆիլմը։ Նույն նամակում նա նաև առաջարկում է ստեղծել գիտության ոլորտում ամենամյա «Էփշտեյնի մրցանակ»՝ երիտասարդ գիտնականներին պարգևատրելու համար։ Նա նշում է, որ այս մրցանակը կարող է բարձրացնել ֆինանսիստի անունը գիտական ​​համայնքում և «ավելի մեծ մասշտաբ» ստանալ, քան Նոբելյան մրցանակը։

Դրոկովան նաև առաջարկում է ստեղծել հիմնադրամ՝ սեռական ոտնձգությունների դեմ պայքարելու և մի քանի հայտնի հասարակական գործիչների ներգրավելու համար: Նա կարծիք է հայտնել, որ սա հիմնադրամին կապահովի «լավ համբավ կանանց շրջանում» և հետագայում Էփշտեյնին կապահովի «հսկայական թվով հավակնոտ կին ակտիվիստների» հասանելիություն:

«Դուք կարող եք նրանցից լավագույններին խորհուրդ տալ ձեր գործընկերներին՝ ներգրավման համար կամ նույնիսկ ինքներդ վարձել նրանց»,- գրել է Դրոկովան:

2017 թվականի դեկտեմբերին գրված նամակում ֆինանսիստի զրուցակիցը նշել է, որ ինքը «գտել է խելացի մարդկանց գտնելու չափանիշներ»՝ առաջարկելով նրան աշխատել հրեաների հետ:

«Որքան շատ հրեա ես, այնքան խելացի ես։ Դու ասացիր, որ 98% հրեա ես։ Դու շատ խելացի ես։ Իմ նախկին ղեկավարը 78% հրեա է։ Նա գերխելացի է, բայց շատ ավելի պակաս, քան դու»,- գրել է նա գործարարին։

Դրոկովան առաջարկել է հրեաներին փնտրել ազգականների միջոցով և խնդրել նրանց գենետիկ թեստ հանձնել, ապա միջոցառում անցկացնել նրանց համար, ովքեր, պարզվի, 98%-ով հրեա են։

2019 թվականի փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, Էփշտեյնը Դրոկովային սրտի նկար է ուղարկել, և նա պատասխանել է՝ հարցնելով՝ արդյո՞ք զվարճանում է տոնը նշելիս։ Մարտին ֆինանսիստը շնորհավորել է Դրոկովային Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Նույն տարվա ապրիլին նա բողոքել է Էփշտեյնին, որ այլևս չի վստահում մարդկանց՝ որոշակի «դաժան հիասթափությունից» հետո։

Հունիսին Դրոկովան թույլտվություն է խնդրել Էփշտեյնից՝ Փարիզից իր մի քանի լուսանկարներ ուղարկելու համար։ Նա գրել է, որ լուսանկարները «գեղեցիկ» են, բայց չի կարող դրանցով կիսվել սոցիալական ցանցերում։ Լուսանկարների բովանդակությունն անհասանելի է։ Ֆինանսիստը պատասխանել է՝ հարցնելով՝ «Որտե՞ղ են մերկ լուսանկարները», հետո հավելել՝ արդյո՞ք նա պահում է նման լուսանկարներ։ Նա գովաբանել է լուսանկարներից մեկը՝ խորհուրդ տալով Դրոկովային «ավելի բնական լինել»։ Ավելի ուշ նա կրկին հարցրել է բաց լուսանկարների մասին, որին նա պատասխանել է, որ դրանք կուղարկի հաջորդ անգամ, երբ Փարիզ գա։ Դրոկովան հիշատակվել է նաև 2020 թվականի ՀԴԲ զեկույցում, որը հիմնված է գաղտնի տեղեկատուի տեղեկատվության վրա։ Այս աղբյուրի հետ զրույցում նա, իբր, Էփշտեյնին անվանել է «հրաշալի մարդ», որին «ամոթալի վերաբերմունքի» են արժանացնում։ ՀԴԲ տեղեկատուն կարծում է, որ Սիլիկոնյան հովտում Դրոկովայի հիմնադրած ներդրումային ընկերությունը զբաղվել է տեխնոլոգիաների գողությամբ։

Կրասնոդարի մոդելային գործակալություն

2018 թվականի գաղտնազերծված էլեկտրոնային նամակներից մեկում ուղարկողն Էփշտեյնին պատմել է Կրասնոդարի Shtorm մոդելային գործակալությունից Ռայա անունով մի կնոջ մասին և գործարարին ուղարկել նրա պորտֆոլիոյի հղումը: Հաղորդագրությունում նշվում էր որ նա «խելացի է և լավ անգլերեն է խոսում»:

Shtorm գործակալությունը մասնակցել է Սոչիում 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը, «Ֆոնտանկա»-ին հաստատել է գործակալության հիմնադիր Դանա Բորիսենկոն։ Նա նշել է, որ գործակալությունը որևէ կապ չունի Էփշտեյնի երեկույթների հետ և երբեք կանանց չի ուղարկել Միացյալ Նահանգներ։

Բորիսենկոյի խոսքով՝ Էփշտեյնի ֆայլերում նշված մոդելի պորտֆոլիոյի հղումը «կարող էր գտնվել առցանց և պատճենվել ցանկացած մեկի կողմից»։ Բորիսենկոն պնդում է, որ «ոչ ոք նույնիսկ չի կապվել մոդելի հետ»։ Գործակալության հիմնադիրը շեշտել է, որ ինքը «միշտ աշխատել է ազնիվ և թափանցիկ» և հայտարարել իրավաբանական խորհրդատվություն ստանալու մտադրության մասին՝ «կեղծ տեղեկատվության» տարածումը կանխելու համար։

Էփշտեյնին ուղղված նամակում հիշատակված կինը «Kub Mash»-ին ասել է, որ սկանդալային ֆինանսիստի ներկայացուցիչներից որևէ զանգ կամ առաջարկ չի ստացել։ Նա նշել է, որ 2018 թվականին՝ նույն տարում, որով նամակը թվագրվել է, իրեն հրավիրել են Ինդոնեզիա աշխատելու, սակայն հայրը (նա այդ ժամանակ 24 տարեկան է եղել) առաջարկը կասկածելի է համարել և հրաժարվել է թույլ տալ դստերը գնալ։ Մոդելը հավելել է, որ գործակալության կանայք չեն այցելել Էփշտեյնի կղզի։

Հետախուզության աղբյուրի տվյալներով՝ Էփշտեյնը ռուս կանանց օգտագործել է ազդեցիկ մարդկանց համար «մեղրային թակարդներ» լարելու համար և, ենթադրաբար, նրանց մասին կոմպրոմատ է հավաքել ռուսական հետախուզական ծառայությունների համար։

Նման մեղադրանքները նոր չեն. դրանք շարադրել է ամերիկացի լրագրող Քրեյգ Անգերը 2021 թվականին լույս տեսած իր «Ամերիկյան կոմպրոմատ» գրքում։

«Ռուս աղջիկների» մասին հղումները, որոնք կապ չունեն Shtorm-ի հետ, հանդիպում են ԱՄՆ Արդարադատության նախարարության մի շարք այլ փաստաթղթերում: Օրինակ՝ 2013 թվականին իրեն ուղղված էլեկտրոնային նամակի սևագրում Էփշտեյնը գրել է, որ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ենթադրաբար, սեռական ճանապարհով փոխանցվող վարակով  է վարակվել «ռուս աղջիկներից», և որ իր բուժման համար նախատեսված դեղամիջոցները, ենթադրաբար, ձեռք են բերվել Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի միջոցներով։

Գեյթսի խոսնակն Էփշտեյնի էլեկտրոնային նամակներում ներկայացված մեղադրանքներն անվանել է «լիովին աբսուրդային և կեղծ»։ Նա ասել է, որ նյութերը պարզապես ցույց են տալիս «Էփշտեյնի հիասթափությունը Գեյթսի հետ կայուն հարաբերությունների բացակայության և այն ամենի հետ կապված, ինչ նա պատրաստ էր անել՝ նրան մեղադրելու և նրա հեղինակությունը արատավորելու համար»։

Հրապարակված տվյալները ներառում են նաև Էփշտեյնի և բրիտանական նախկին արքայազն Էնդրյուի միջև նամակագրությունը։ Այս հաղորդագրություններից մեկում ֆինանսիստնը առաջարկել է իր զրուցակցին ծանոթացնել «գեղեցիկ» 26-ամյա ռուս կնոջ հետ։ Նամակը գրվել է 2010 թվականի օգոստոսին՝ երկու տարի անց այն բանից հետո, երբ Էփշտեյնը մեղավոր է ճանաչվել անչափահասներին սեռական բնույթի գործողությունների մղելու համար։ «Էփշտեյնի նոր ֆայլերը» ներառում են նաև Էնդրյուի մի քանի լուսանկարներ, որոնցում նա երևում է չորեքթաթ պատկերված՝ հատակին պառկած հագնված կնոջ առջև։ Լուսանկարներից մեկում նրա ձեռքը դրված է նրա որովայնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի