Կասկածելի գործարքներ. Կույրերի միավորման տարածքները վարձակալվում են շուկայականից 5 անգամ ցածր գներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.01.2026 | 21:45
Հին կառավարիչ, նոր խոստումներ․ «Սիտրոնիկս»-ը կրկին «ՌԱՕ Մարս»-ում և Մերգելյանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 21:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.01.2026 | 21:27
Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը հաստատվել է. ՀՀ ԱԳՆ
29.01.2026 | 21:26
Մեծ Բրիտանիայի վարչապետը նոր գործակցություն է փնտրում Չինաստանի հետ, մինչդեռ Թրամփը վերաձևավորում է միջազգային հարաբերությունները․ անդրադարձ
29.01.2026 | 21:13
Երևանում և 3 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.01.2026 | 21:00
Մարդը բանտում 8 անգամ կտրում է մատները և, ի վերջո, ինքնասպանություն գործում, ո՞ւր էր համակարգը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
29.01.2026 | 20:46
Ինչպես է Ուկրաինայի դեմ պատերազմը փոխել ռուսներին, որ երկրներին են համարում բարեկամ ու թշնամի
29.01.2026 | 20:34
Իրանական բեռնատար նավը խրվել է Կասպից ծովի ծանծաղուտում՝ Մախաչկալայի նավահանգստի մոտակայքում
29.01.2026 | 20:25
Australian Open-ում Արինա Սաբալենկայից միավոր է հանվել բղավոցի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 20:12
ԵՄ-ն Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել
29.01.2026 | 20:00
Քոչարյանն ուղերձ հղեց Սամվել Կարապետյանին՝ ընդդիմության առաջնորդն ինքն է․ բայց եթե նա մասնակցի՝ Փաշինյանը էլի կվերընտրվի․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 19:49
Թրամփի վարչակազմը գաղտնի հանդիպումներ է ունեցել Կանադայի անջատողականների առաջնորդների հետ․ FT
29.01.2026 | 19:40
Արարատի, Աբովյանի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ճանապարհներին
29.01.2026 | 19:29
Նիպահ վիրուսով հարուցված հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ՀՀ-ում ցածր են. ՀՎԿԱԿ
29.01.2026 | 19:18
«Տաշիր կապիտալ»-ը դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ-ի գույքը ձեռք բերելու գործընթացը
Բոլորը

Երևանի փոքր կենտրոնում՝ Իսահակյան 18 հասցեում, «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությանը պատկանող շուրջ 4000 քառակուսի մետր տարածք այսօր ծառայում է ոչ թե կազմակերպության հիմնական նպատակներին, այլ հանձնված է վարձակալությամբ։ Միավորմանը պատկանող գույքը չի սահմանափակվում այս շենքով։ Պարզվում է՝ Կոմիտաս պողոտայում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետն ու «ՍԱՍ» ֆուդ կորտը, Քաջազնունի 1 հասցեում գործող «Ծիրան» սուպերմարկետը, նույն շենքում տեղակայված «Պալիտրա» ներկերի խանութն ու մի շարք այլ խանութներ նույնպես Կույրերի միավորման տարածքներն են վարձակալում։

Արտադրական, առևտրային, կենցաղային նշանակության տարածքներ․ դեռ խորհրդային տարիներից միավորումն ունեցել է գույքեր, որոնք ծառայել են միավորման անդամների կարիքներին։ ԽՍՀՄ փլուզումից հետո, սակայն, արտադրությունները փակվել են, իսկ տարածքների մեծ մասը վարձակալությամբ է տրվել։

Միության անդամներն ահազանգում են՝ վարձակալները որոշ դեպքերում միավորման նախկին ու ներկա նախագահներին ու նախագահության անդամներին փոխկապակցված անձինք են և վճարում են շուկայականից մի քանի անգամ ցածր գին։ Նրանք, իրենց հերթին, տարածքները հանձնում են ենթավարձակալության արդեն անհամեմատ ավելի բարձր գներով:

«Այսպես ասած, մի ամբողջ մարդկանց գիլդիա է առաջացել, որոնց գործը, բիզնեսը, ապրուստը դարձել է դա․ վերցնել էժան տարածքներ Կույրերի միավորումից, տալ ենթավարձակալության, եռակի-քառակի եկամուտ գեներացնել ու դրանով ապրել»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Կույրերի միավորման անդամ Արմենակ Խաչատրյանը: 

Նա նշեց Կույրերի միավորմանը պատկանող մի քանի հասցե, որոնք էժան գնով տրվել են վարձակալությամբ, ապա ավելի թանկ գնով ենթավարձակալության հանձնվել: 

Այսպես՝ 2013 թվականին Կույրերի միավորումն իրեն պատկանող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն Մայիլ Հարությունյանի հարսի՝ Ռուզաննա Գևորգյանի հետ կնքել է  պայմանագիր։ Դրանով Քաջազնունի 1 հասցեում գտնվող գույքից 117 քմ մակերեսով տարածք 94,080 դրամով մինչև 2035 թվականը տրվել է վարձակալության։ 2019-2022 թվականները Գևորգյանը 500,000 դրամով այն հանձնել է ենթավարձակալության «Էքստերիեր գրուպ» ՍՊ ընկերությանը։ 2022-ին ենթավարձակալության արժեքը բարձրացվել է՝ հասնելով 550,000 դրամի։ Այսինքն՝ տարիներ շարունակ միավորմանը պատկանող գույքը շուկայական արժեքից ավելի քան 5 անգամ էժան է տրվել վարձակալության։

Կոմիտաս 55 հասցեում ևս միավորմանը պատկանող գույք կա վարձակալությամբ տրված: 

«Կոմիտասի «Ծիածան» խանութի տարածքն էլ, եթե չեմ սխալվում։ Սա էլ տրված է վարձակալության փոխնախագահի որդուն և էլի հնգապատիկ, վեցապատիկ գնով տվել է վարձալության «Ծիածան»-ին»,- նշում է Խաչատրյանը:

«Ծիածան» խանութի տեղում այժմ գործում է «Մայ մարկետ» խանութը։ Այս տարածքն էլ ժամանակին վարձակալել է Կույրերի միավորման փոխնախագահի որդին՝ Մասիս Սարգսյանը։ 

Սարգսյանը 2011 թվականին կնքել է Կոմիտաս 55 հասցեում միավորմանը պատկանող 116․5 քմ մակերեսով տարածքի վարձակալության պայմանագիր՝ 112 340 դրամով՝ մինչև 2036 թվականը։ Օրեր անց այն ենթավարձակալության է հանձնել  500,000  դրամով, իսկ 2012-ի հունվարին վարձավճարը դարձել է 600,000 դրամ։ Մինչև 2016 թվականը տարածքի ենթավարձակալը եղել է «Մեծ ծիածան» ՍՊԸ-ն,  2018-ից՝ «Մայ մարկետ»-ը։

Քաջազնունի 1 հասցեում գտնվող 371,9 քմ մակերեսով տարածքի վարձակալը  2008-2018 թվականներին եղել է «Էդմանս» ՍՊ ընկերությանը։ Շուրջ 286,000 դրամով վարձակալած տարածքը 2017-ին ենթավարձակալության է տրվել «Ծիրան» սուպերմարկետին՝ 1 մլն դրամով, այսինքն՝ մոտ 3,5 անգամ թանկ։

Նախագահության մեկ այլ անդամի որդին՝ Վահան Բոյաջյանը ևս Փափազյան 22 հասցեում միավորմանը պատկանող տարածք ունի վարձակալած:

Փափազյան, Մամիկոնյան, Տիգրանյան, Իսահակյան, Քաջազնունի․ այս  փողոցներում ևս նման կարգավիճակ ունեցող տարածքներ կան։ Խոսքը, ընդհանուր առմամբ, շուրջ 11 մլրդ դրամ կադաստրային արժեքով և 40 հազար քմ ընդհանուր մակերեսով գույքերի մասին է։

Միության անդամ Վահե Արզումանյանի խոսքով՝ այս գույքերից 40-ը գտնվում է Երևանում, 12-ը՝ մարզերում։ Արզումանյանը  նշում է՝ անգամ խոսակցություն է եղել Արզնիում 511 մլն դրամ, այսինքն՝ ավելի քան 1,3 մլն դոլար կադաստրային  արժեքով առողջարանը 70 հազար դոլարով վաճառելու մասին, իրենք չեն համաձայնել: Այժմ այն տրված է վարձակալությամբ:
«Արզնիում ունենք բավականին մեծ առողջարան իր հողամասով։ Չորս հարկանի շինություն է։ Կադաստրային գինը 511 միլիոն դրամ արժե, բայց նախագահության որոշմամբ՝ այնտեղ տրված է 200,000 դրամ ամսական վարձով»,- ասաց Արզումանյանը:

Ըստ վարձակալի հետ կնքած պայմանագրի՝ առողջարանը պետք է 3 տարում վերանորոգվի, որից հետո, երբ սկսի գործել, ամեն ամիս միավորման անդամներից 6-ը երեք օրով կարող են հանգստանալ այնտեղ։

«Այսինքն՝ եթե հաշվարկում ենք, դա մոտավորապես գալիս է 400-500 հազար դրամի կարգի գումար այդ վերջնական տարբերակում։ Իսկ անգամ մեր հարկային օրենսգրքով, երբ մենք նայում ենք, կադաստրային գնի 5%-ից ցածրը դա արդեն իրավախախտում է»,- նշեց Արզումանյանը:

Միավորման անդամների պնդմամբ՝ եթե տարածքները վարձակալությամբ հանձնվեն շուկայական գներով, ներկա 200 մլն դրամ բյուջեի փոխարեն՝ միավորումը կունենա 900 մլն դրամ:

«Տեսեք, այնքան պարզ խնդիրներ ունենք, որ չեն լուծվում։ Հայաստանի կույրերի միավորումը չունի կայք, չունենք աուդիո գրադարան, ուսումնական ոչ մի պրոցես չի իրականացվում, այսինքն՝ չի ուսուցանվում օտար լեզուներ և այլն, հմտություններ՝ այն, ինչ կա ամբողջ աշխարհում։ Մենք բավականին մեծ թվով տեսողության խնդիրներ ունեցողներ ունենք, որ մարզերում են և դուրս են մնում ամեն ինչից՝ և՛ կրթությունից, և՛ նոր հմտություններից, էլ չեմ ասում զբաղվածության խնդիրը»,- ասում է Վահե Արզումանյանը։

Միավորման տարածքները վարձակալության են հանձնվում առանց աճուրդի կամ մրցույթի, առանց որևէ հայտարարության և միավորման անդամների համար անհասկանալի է՝ ինչպե՞ս է որոշվում վարձակալության գինը։ Հասարակական կազմակերպությունն ունի Կույրերի միավորման վերահսկողական մարմին, բայց դրա անդամները միավորման նախագահին ենթակա աշխատակիցներ են։ Այդ դեպքում վերահսկողական գործառույթը կարող է լինել ձևական։

Միավորման անդամներն այս խնդիրների մասին բարձրաձայնել են թե՛ նախկին, թե՛ ներկա նախագահի մոտ։ Ռաֆիկ Խաչատրյանը 2018 թվականից է նախագահում միավորումը։ 

Միավորման նախագահության անդամ Բագրատ Մակարյանի խոսքով՝  Խաչատրյանի արդարացումն այն է, թե տարածքները վարձակալությամբ են տրվել ոչ իր նախագահության օրոք: Մինչդեռ, Մակարյանի խոսքով, ներկա նախագահի օրոք ևս շուկայականից էժան գնով տարածքներ են հանձնվել վարձակալությամբ։

Օրինակ՝ 2023 թվականին, այսինքն՝ գործող նախագահի օրոք, Փափազյան 22 հասցեում հասարակական կազմակերպությանը պատկանող  48,6 քմ մակերեսով տարածքը վարձակալության է հանձնվել 150,000 դրամով, իսկ մեկ տարի անց  մոտ 445 հազար դրամով, այսինքն՝ 3 անգամ թանկ, տրվել ենթավարձակալության։ 2022-ին 300 հազար դրամով վարձակալության տրված մեկ այլ գույք էլ ենթավարձակալության է տրվել 450 հազարով։

«Մեր պայքարի նպատակն այն է, որ այս միջոցներն արդյունավետ ծառայեն միավորման անդամներին։ Այսինքն՝ մենք անձնական որևէ խնդիր չենք դրել, որ, ասենք թե, այսինչ մարդու դեմ կամ նախագահի դեմ կամ մյուսի դեմ։ Անձնական որևէ բան չկա, կա զուտ սրտացավություն միավորման նկատմամբ։ Որովհետև մենք հասկանում ենք, որ եթե տարեկան 200 միլիոնի փոխարեն 700 միլիոն մեր միավորում ավելի գումար մտնի, շատ մարդկանց հոգսեր, կարիքներ կարող ենք բավարարել, կարող ենք նոր աշխատատեղեր ստեղծենք և այլն»,- ասում է նախագահության անդամ Բագրատ Մակարյանը: 

Նրա  խոսքով՝ իրենք ընդհուպ բարձրացրել են հանձնաժողով ստեղծելու և նախկինում կնքված պայմանագրերը վերանայելու հարցը, բայց ապարդյուն։

«Ամեն ձևով փորձել ենք միավորման ներսում առաջին հերթին լուծումներ փնտրել՝ նախագահի հետ հանդիպել առանձին, թե խմբով, մի խոսքով՝ տեղակալների հետ հանդիպել։ Բայց դե արդյունք չի տալիս, հիմա մեզ մնում է չորրորդ իշխանության միջոցով մեր ձայնը բարձրացնենք»,- ասաց Մակարյանը:

Բարձրացված հարցերի վերաբերյալ Միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյանից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց։ Նա անպատասխան թողեց մեր զանգերը։ 

Իսկ Միավորման անդամները վերջերս հավաքել են բոլոր փաստաթղթերն ու դիմել Դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Այն դեռևս ընթացքի մեջ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան