Երբ ԱՄՆ-ն է ընկերդ, Ադրբեջանը չի ռմբակոծելու տարածքներդ. Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը Factor TV-ին տված հարցազրույցում ներկայացրեց Հայաստանի ապագայի վերաբերյալ իր հստակ տեսլականը՝ շեշտադրելով բանակի արմատական բարեփոխումների, տնտեսական թռիչքային զարգացման և արտաքին քաղաքականության հստակ ուղղության ընտրության անհրաժեշտությունը։ Սարգսյանը համոզված է, որ Հայաստանի իրական անվտանգությունը ոչ թե աշխարհաքաղաքական անորոշ հավասարակշռության պահպանումն է, այլ արևմտյան երկրների հետ համագործակցության միջոցով հզոր տնտեսական ներուժի ստեղծումը։

Անդրադառնալով բանակի վիճակին՝ Սարգսյանը նշեց, որ իշխանությանն ուղղված քննադատությունը ճիշտ է, քանի որ այն օգնում է մատնանշել թերությունները, սակայն, ըստ նրա, իրական լուծումը լիակատար արդիականացումն է։

«Հիմնական խնդիրը բանակի սպառազինությունն է, զինվորի կեցավայրերը, զինվորական հագուստը, զինվորին ժամանակակից տեխնիկայով և սպառազինությամբ փոխարինելը, որը գերկարևոր է։ Նոր պատերազմները ռոբոտների պատերազմներ են, նոր տեխնոլոգիաների պատերազմներ են»,- ասաց նա։

Սարգսյանը Հայաստանի պնդեց, որ ՀՀ պետական բյուջեն պետք է հասցնել 200 միլիարդ դոլարի, ինչը, նրա կարծիքով, անվտանգության բարձրագույն երաշխիքն է. «Ես շատ ամբիցիոզ խնդիր եմ դնում, ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի ձգտի նրան, որ ունենա մինչև 200 միլիարդ բյուջե։ Եվ եթե դու 200 միլիարդ բյուջե ունես, քո հետ չեն խոսում անկլավների մասին, չեն մտածում քո վրա հարձակվելու առումով, քեզ արդեն այլ կերպ են վերաբերվում»։

Նա ընդունեց, որ Հայաստանը չունի բնական պաշարներ, ինչպիսիք են նավթն ու գազը, սակայն նրա գնահատմամբ՝ այս հարստության ճանապարհը հնարավոր է բացել բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ կիսահաղորդիչների արտադրության միջոցով։ Սարգսյանը ԱՄՆ-ի հետ օգոստոսի 8-ի երկկողմ համաձայնագիրը համարեց բացառիկ հնարավորություն։

«Միացյալ Նահանգները ուզում է, որ Հայաստանը կիսահաղորդիչներ արտադրի։ Ֆրանսիան ուզում է, Իտալիան ուզում է, Գերմանիան ուզում է, չունեն այդ հնարավորությունը… Ինչի՞ է այդ դուռը բացում [մեզ մոտ]։ Որովհետև տեսնում է, որ այո՛, կարող են հայերը»,- ասում է նա։

Սարգսյանն այս հնարավորությունը դիտարկում է որպես թռիչքային աճի դարպաս․ «Դա է, որ թռիչքային աճ է ապահովելու մեր երկրի համար… Ես պատկերացնում եմ նման բյուջեն 10 տարում։ Ես դա լրիվ իրատեսական եմ համարում՝ հաշվի առնելով այն ծրագրերը, որոնք որ առաջարկվում են Հայաստանի մասով»։

Արամ Սարգսյանը խիստ քննադատեց գործող իշխանության՝ միաժամանակ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում մնալով հանդերձ՝ արևմտյան արժեքներ որդեգրելու քաղաքականությունը՝ այն անվանելով «երկու աթոռի վրա նստել»։ Նրա կարծիքով՝ այս անորոշությունը դանդաղեցնում է առանցքային ծրագրերի իրականացումը։

«Երբ որ դու նստում ես երկու աթոռի վրա՝ դու և՛ ԵԱՏՄ-ում ես, և՛ ՀԱՊԿ-ում ես, և՛ Ռուսաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության ուժերում ես, այս ծրագրերը քո մոտ դանդաղելու են։ Ինչքան կոնկրետանա, ճիշտ է, այն կողմից ճնշումները կմեծանան, բայց այս կողմից արագություններն էլ կմեծանան»,- ընդգծեց նա։

Քննադատելով Հայաստանի՝ Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգում մնալը՝ Սարգսյանը նշեց, որ դա խոչընդոտում է արևմտյան երկրներից ժամանակակից սպառազինությունների ձեռքբերմանը։ «Քեզ հակաօդային պաշտպանության միջոցներ չեն վաճառի, որովհետև այն, ինչ քոնն է, նաև ռուսինն է։ Իրենք չեն տա քեզ տեխնոլոգիաները»։

Նրա համոզմամբ, առաջիկա ընտրությունները լինելու են ոչ թե տարբեր ուժերի, այլ երկու հիմնական ուղղությունների՝ ռուսական և արևմտյան կողմնորոշումների միջև։ Նա վստահ է, որ արևմտյան դաշտում կա ընտրողների զգալի զանգված, որի ձայների համար պայքարելու է նաև իր քաղաքական ուժը՝ առաջարկելով քայլեր, ի տարբերություն գործող իշխանության հավասարակշռող քաղաքականության։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Ռոբերտ Անանյան