Թրամփը և Գրենլանդիան․ կղզի, որը կարող է փլուզել ՆԱՏՕ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
21.01.2026 | 20:20Ո՞ւմ պետք է պատկանի աշխարհի ամենամեծ կղզին․ վերջին օրերին Գրենլադիայի թեման միջազգային մամուլի առաջին էջերից չի իջնում։ Թրամփը չի թաքցնում՝ պատրաստ է այն ձեռք բերելու համար դիմել անգամ ռազմական ուժի, Դանիան ու եվրոպական այլ երկրներ պատրաստվում են այդ սցենարին։
Ավելի քան 2 մլն քառակուսի կիլոմետր տարածքով կղզին շուրջ 56 հազար բնակիչ ունի, մեծ մասն էսկիմոսներ են։ Մինչև 18-րդ դարը Գրենլանդիան Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության կազմում էր, 1814 թվականին ին երկրներն առանձնացան, իսկ Գրենլանդիան անցավ Դանիային։
1951-ին Դանիան և ԱՄՆ-ը համաձայնագիր ստորագրեցին կղզու համատեղ պաշտպանությունն իրականացնելու մասին։ 1971 թվականին ԱՄՆ-ը Գրենլանդիայում արդեն ուներ երկու ռազմաբազա և այլ ռազմական օբյեկտներ։ ԱՄՆ-ը կղզին գնելու մտադրություն ուներ դեռ 1867 թվականին, սակայն ընդդիմությունը Կոնգրեսում մերժեց պետքարտուղար Ուիլյամ Հենրի Սյուարդի նախագիծը։ 1946 թվականին գործարքի ևս մեկ փորձ է եղել, սակայն Դանիան մերժել է 100 միլիոն դոլարով վաճառքի առաջարկը։
Դոնալդ Թրամփը կղզին գնելու մասին խոսել էր դեռ նախագահության առաջին ժամկետի տարիներին՝ 2019-ին, բայց Դանիան դարձյալ կտրուկ մերժել էր։ Թրամփի առաջարկը, սակայն, նախադեպ ունի։
Դանիան Վիրջինյան կղզիները 1917 թվականին վաճառել է ԱՄՆ-ին, վաճառքի մասին հակիրճ գրել էր դանիական թերթերից մեկը․ «Դանիական Վեստ Ինդիան պաշտոնապես հանձնվել է։ Գումարը վճարված է»։
Յոթ եվրոպացի առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, համատեղ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ արկտիկական կղզին «պատկանում է իր ժողովրդին» և դրա վերաբերյալ որոշումները միայն Դանիան և Գրենլանդիան կարող են ընդունել։ Եվրոպական մի շարք երկրներ ավելացնում են իրենց ռազմական ներկայությունը կղզում։
«Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության, այլ ոչ թե հանքանյութերի համար։ Եթե նայեք Գրենլանդիային, ափամերձ շրջաններում կտեսնեք ռուսական և չինական նավեր։ Մեզ այն անհրաժեշտ է ազգային անվտանգության համար»,- հայտարարել է Թարմփը։
Փորձագետները չեն բացառում, որ Թրամփը կարող է ուժով վերցնել Գրենլանդիան, սակայն քիչ հավանական են համարում այդ սցենարը։
«Եթե ԱՄՆ-ը ՌԴ-ի նման ավտորիտար երկիր լիներ, որտեղ մի հոգի է ամեն ինչ որոշում, գուցե, դա հնարավոր լիներ, բայց կարծում եմ՝ ԱՄՆ-ում, անգամ Թրամփի նախագահության օրոք, կարևոր տեղ ունեն ինստիտուտները»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Միքայել Զոլյանը։
Եթե, այնուամենայնիվ, նման բան տեղի ունենա, ապա դա լուրջ հարված կդառնա Արևմուտքի միասնականությանը։ Թրամփն արդեն հայտարարել է՝ փետրվարի 1-ից Եվրոպայի ութ երկրների համար կգործի 10 տոկոսանոց ներմուծման մաքսատուրք ամերիկյան շուկա մատակարարվող ապրանքների համար։
«Մենք երկար տարիներ սուբսիդավորել ենք Դանիային, Եվրամիության բոլոր երկրներին և այլ պետությունների՝ նրանցից չգանձելով մաքսատուրքեր կամ որևէ այլ փոխհատուցում։ Այժմ, դարեր անց, ժամանակն է, որ Դանիան վերադարձնի պարտքը․ վտանգված է համաշխարհային խաղաղությունը։ Չինաստանն ու Ռուսաստանը ցանկանում են ձեռք բերել Գրենլանդիան, իսկ Դանիան ոչինչ չի կարող անել դրա դեմ»,- հայտարարել է Թրամփը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թրամփը համաշխարհային պատմության մեջ կմնա, եթե Գրենլանդիան միացնի ԱՄՆ-ին։ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ իրավիճակը մեկնաբանել է Մոսկվայի օգտին։
«Ինչպես ասաց նախագահ Թրամփը՝ այդ տարածքը կարևոր է Միացյալ Նահանգների անվտանգության համար։ Ղրիմը ոչ պակաս կարևոր է Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար, քան Գրենլանդիան՝ Միացյալ Նահանգների համար։ Երբ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցողն արդարացնում են նրանով, որ այլապես այն կգրավեն Ռուսաստանը կամ Չինաստանը, դե, նման հաստատումներ չկան»,- հայտարարել է Լավրովը։
«Քարոզչության համար նպաստավոր առիթ կստանա ՌԴ-ն, բայց Արևմուտքի ներսում շատ լուրջ գործընթացներ կգնան, այդ թվում՝ Եվրամիության, որպես անվտանգության կառույց ձևավորման գործընթաց կգնա, որի մասին շատ էր խոսվում, բայց իրական քայլեր տեղի չէին ունենում»,- ասում է Միքայել Զոլյանը։
2025 թվականի ընթացքում կղզի են այցելել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Դանիայի վարչապետն ու թագավորը։ Միքայել Զոլյանի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի զավթումը կփոխի միջուկային զենքի շուրջ իրավիճակն աշխարհում։
«Շատ երկրներ, որոնք մինչև հիմա միջուկային զենք չունեին և այդպիսի նպատակ չէին դնում, դեմոկրատական երկրները, օրինակ՝ Գերմանիան, Ճապոնիան և այլն, նրանք կդնեն միջուկային զենք ձեռք բերելու հարցը։ Պարզ կդառնա, որ յուրաքանչյուր երկիր ինքն իր անվտանգությունը պետք է ապահովի, և չի կարելի հույս դնել դաշնակիցների վրա, անգամ եթե այդ դաշնակիցն ԱՄՆ-ն է»,- ասաց Զոլյանը։
Դանիան ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ է 1949 թվականից: Երկրի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան զավթելու ցանկացած փորձ կհանգեցնի ռազմական դաշինքի փլուզման։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան