Թուրքիան ցանկանում է վերադարձնել ռուսական C-400-ները. Էրդողանը հարցը քննարկել է Պուտինի հետ. Bloomberg

Լուրեր

30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
Բոլորը

Թուրքիան փնտրում է գրեթե տասը տարի առաջ ձեռք բերված ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգը վերադարձնելու ուղիներ, ինչը կարող է վերացնել Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ հարաբերություններում լուրջ լարվածությունը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով խնդրին ծանոթ աղբյուրներին, գրում է Turkish Minute-ը։

Ըստ հրապարակման՝ այս քայլը կարող է Անկարայի համար կրկին բացել դուռը՝ վերադառնալու ԱՄՆ-ի գլխավորած F-35 կործանիչների ծրագրին, որից հեռացվել էր 2019 թվականին՝ ռուսական համակարգը ձեռք բերելուց հետո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400-ի հարցը բարձրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցյալ շաբաթ Թուրքմենստանում կայացած հանդիպման ժամանակ՝ երկու երկրների պաշտոնյաների միջև նախկինում տեղի ունեցած քննարկումներից հետո, Bloomberg-ին հայտնել են աղբյուրները։

Ըստ Bloomberg-ի՝ թուրք պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանություններից, մինչդեռ Կրեմլը հայտարարել է, որ առաջնորդների բանակցությունների ժամանակ նման խնդրանք չի եղել։

Այս քայլը տեղի է ունենում Վաշինգտոնի կողմից համակարգից հրաժարվելու վերաբերյալ Թուրքիային ուղղված ճնշման ֆոնին։ Նշվում է, որ Էրդողանն ինչպես С-400-ները, այնպես էլ F-35 ծրագրի հետ կապված Թուրքիայի հետաքրքրությունը քննարկել է սեպտեմբերին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Թրամփի մտերիմ Թոմ Բարաքն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ Անկարան մոտ է համակարգից հրաժարվելու որոշմանը և ենթադրություն հայտնել, որ վեճը կարող է լուծվել չորսից վեց ամսվա ընթացքում։

Թուրք պաշտոնյաները կարծում են, որ C-400-ների դուրսբերումը կարող է հանգեցնել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների վերացմանը և թույլ տալ Անկարային վերականգնել հասանելիությունը ամերիկյան առաջադեմ ռազմական տեխնոլոգիաներին, այդ թվում՝ F-35-ին։

Թուրքիան С-400 համակարգը գնել է ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հարաբերությունների վատթարացման շրջանում, որը սկսվել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք և վատթարացել 2016 թվականին Էրդողանի իշխանության դեմ ձախողված հեղաշրջումից հետո: Այդ ժամանակ Անկարան հայտարարել էր, որ փորձել է ձեռք բերել ԱՄՆ-ում արտադրված Patriot հրթիռներ, բայց պնդել էր, որ Վաշինգտոնը պատրաստ չէ գործարք կնքել, փաստարկ, որը թուրք պաշտոնյաները հետագայում մեջբերել էին Ռուսաստանին դիմելու համար։

Անկարան այժմ հույս ունի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի իր դերը կարող է Մոսկվային ավելի պատրաստակամ դարձնել ռուսական համակարգերի վերադարձն ընդունելու հարցում, անանունության պայմանով ասել են աղբյուրները։ Նրանք հայտնել են, որ Թուրքիան նաև պահանջում է փոխհատուցում C-400-ների համար վճարված միլիարդավոր դոլարների համար։ Քննարկվող տարբերակներից մեկը կարող է լինել Ռուսաստանից Թուրքիայի նավթի և բնական գազի ներմուծման հետ կապված ծախսերի փոխհատուցումը, չնայած նման ցանկացած պայմանավորվածություն կպահանջի առանձին բանակցություններ։

ՆԱՏՕ-ն զգուշացրել է, որ ռուսական համակարգի շահագործումն արևմտյան ինքնաթիռների հետ միասին կարող է թույլ տալ Մոսկվային հավաքել զգայուն հետախուզական տվյալներ: Թուրքիան պնդում է, որ ակտիվորեն չի օգտագործում С-400-ները:

Թուրքիան ՆԱՏՕ-ում ունի երկրորդ ամենամեծ բանակը՝ Միացյալ Նահանգներից հետո, և հաճախ քննադատության է ենթարկվում դաշնակիցների կողմից Ռուսաստանի հետ սերտ կապերի համար։ Էրդողանը մերժել է այդ պնդումները՝ ասելով, որ Թուրքիան հետևում է հավասարակշռված արտաքին քաղաքականության։ Այս մոտեցումն արտացոլվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մեջ։ Անկարան հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ, բայց սահմանափակել է ռազմական նավերի անցումը Բոսֆորի նեղուցով և զենք է մատակարարել Կիևին։ Էրդողանը նաև ուղիղ կապեր է պահպանում Թրամփի և Պուտինի հետ։

Վաշինգտոնը 2019 թվականին հեռացրել էր  Թուրքիային F-35 ծրագրից և հաջորդ տարի պատժամիջոցներ կիրառել «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի համաձայն՝ կտրելով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությանն ամերիկյան զգայուն տեխնոլոգիաներից։ Lockheed Martin-ի կողմից կառուցված F-35-ը համարվում է ծառայության մեջ գտնվող ամենաժամանակակից կործանիչը, որի ամենաթանկ կոնֆիգուրացիան արժե ավելի քան 100 միլիոն դոլար՝ մեկ ինքնաթիռի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի