Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը Վաշինգտոնի համաձայնագրի հարցում․ Իրանում ՀՀ դեսպան

Լուրեր

18.12.2025 | 18:26
ԱՄՆ-ն առաջարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ն օգտագործել երեք երկրների համար. Կիևը դա անարդար է համարում. Զելենսկի
18.12.2025 | 18:18
Գարեգին Բ-ի դեմ ընդվզած եպիոսկոպոսները ժամանեցին Մայր Աթոռ․ նրանց ելույթն ուղեկցվեց սուլոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 18:11
Մեծաթիվ ոստիկանական ուժեր և հավաք Մայր Աթոռում // Փաշինյանը Պետերբուրգ կմեկնի՝ ԵՏՄ նիստի․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 18:09
Լավրովը ՀՀ-ում ընտրությունների հետ կապված Կալլասի արտահայտությունները որակել է «արտաքին միջամտության խոստովանություն»
18.12.2025 | 17:55
Արման Ծառուկյանը նշել է՝ ում հետ կցանկանար անցկացնել գրեփլինգի մենամարտ
18.12.2025 | 17:43
Եկել եմ Գերագույն հոգևոր խորհրդի նիստին, օրակարգը չգիտեմ. Վահան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:40
Դատարանը մերժել է անվանի ֆուտբոլիստին բանտից վաղաժամ ազատ արձակելու խնդրանքը
18.12.2025 | 17:35
Եկել եմ աջակցելու եպիսկոպոսներին. Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:34
Կեղծ աճուրդներ է կազմակերպել․ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել
18.12.2025 | 17:30
Ինչու է Սամվել Կարապետյանի և տիկնոջ նկարը կախված Վեհարանում․ Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:28
Ժամերգություն Մայր Աթոռում․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 17:21
Մալաթիայի «Ոսկու շուկա»-ի տնօրենը ձերբակալվել է ապօրինի զենք կրելու կասկածանքով
18.12.2025 | 17:19
Գնացե՛ք Մայր Աթոռ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը դատարանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:15
Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման․ Փաշինյան
18.12.2025 | 17:13
Իջևանի Գետահովիտ բնակավայրում կկառուցվի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ
Բոլորը

Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը Վաշինգտոնի համաձայնագրի հարցում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը իրանական «Թասնիմ» լրատվամիջոցին տված հարցազրույցում, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Ներկայացնում ենք դեսպանի հարցազրույցն՝ ամբողջությամբ։

Ինչպե՞ս կգնահատեք Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունները: Ձեր առաքելության ընթացքում ի՞նչ քայլեր եք ձեռնարկել՝ առավել զարգացնելու այդ հարաբերությունները:

Հայաստան–Իրան հարաբերությունները մշտապես բնորոշվել են փոխադարձ հարգանքով, վստահությամբ և բարիդրացիության այնպիսի որակով, որն առանձնահատուկ արժեք ունի մեր տարածաշրջանում։ Մեր երկու ժողովուրդներին միավորում են հազարամյակների պատմական կապերը, որոնք այսօր վերածվել են դինամիկ և փոխշահավետ համագործակցության՝ ընդգրկելով բազմաթիվ ոլորտներ։ Կարևոր է ընդգծել, որ այս հարաբերությունները զարգանում են ոչ թե իրավիճակային մոտիվներով, այլ հստակ ռազմավարական տեսլականով։ Իսկ ի՞նչ է ենթադրում ռազմավարական այդ տեսլականը. ինչպես այս տարվա օգոստոսին Երևանում ամրագրել են վարչապետ Փաշինյանը և նախագահ Փեզեշքիանը, մեր երկրների միջև հարաբերությունները հասցնել ռազմավարական բնույթի։ Հույս ունեմ, որ իրենց բնույթով արդեն իսկ ռազմավարական այդ հարաբերությունները մոտ ապագայում այն կստանա նաև իրավական հենք՝ սահմանելով համագործակցության զարգացման նոր հորիզոններ։

Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ որպես բարեկամ Իրանում Հայաստանի դեսպան հավասարապես մեծ պատիվ և պատասխանատվություն ունեմ նպաստելու մեր երկկողմ հարաբերությունների խորացմանը։ Այս տարին անկասկած առանձնացավ Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցով, համատեղ հայտարարությամբ և մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք ընդգրկում են հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտները։ Զուգահեռաբար, 2025 թվականն աչքի ընկավ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում ակտիվ երկկողմ շփումներով։ ՀՀ ԱԽ քարտուղարի երկու այցերը Թեհրան, ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով քաղաքական խորհրդակցությունները, ինչպես նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի, արտաքին գործերի, պաշտպանության և ԶՈՒ աջակցման, արդարադատության նախարարների այցերը Հայաստան՝ վկայում են բարձր մակարդակի շարունակական քաղաքական երկխոսության մասին։

Կարևոր էր նաև կրթական և մշակութային համագործակցությանը նոր լիցք հաղորդելը։ Այս տարվա ընթացքում կայացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի այցը Իրան, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք կարևոր փաստաթղթեր, Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպությունում բացվեց հայկական անկյուն, իսկ այցի գագաթնակետը եղավ Պերսեպոլիսում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված բացառիկ համերգը: Այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն ամրապնդում են ժողովուրդների մտերմությունը, այլև խորացնում մշակութային փոխըմբռնումը։

Տարին նշանավորվեց նաև առևտրատնտեսական և ենթակառուցվածքային համագործակցության աշխուժացմամբ։ Նախագահ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի ընթացքում անցկացվեց գործարար համաժողով, տարվա ընթացքում իրականացվեցին մի շարք ծրագրեր՝ ուղղված առևտրաշրջանառության ընդլայնմանը։ Թեև 2025թ․ վերջնական տնտեսական տվյալները դեռևս ամփոփված չեն, արդեն տեսնում ենք, որ առևտրաշրջանառությունը պահպանել է իր կայուն աճի միտումը։ Համոզված եմ, որ համատեղ նախաձեռնությունները, ներառյալ՝ տրանսպորտային և էներգետիկ մեծ նախագծերը, առաջիկա տարիներին մեր երկրների համագործակցությանը կհաղորդեն որակապես նոր մակարդակ։

Ամփոփելով կարող եմ վստահաբար նշել, որ Հայաստան-Իրան հարաբերությունները ոչ միայն պահպանել են իրենց բարձր դինամիկան, այլև առաջ են շարժվում առավել խորքային ու ռազմավարական հենքով։ Մեր աշխատանքը միտված է այս դրական միտումները վերածելու երկարաժամկետ, կանխատեսելի և փոխշահավետ համագործակցության՝ բարգավաճման նոր հնարավորություններ ստեղծելով երկու ժողովուրդների համար։

Ինչպիսի՞ն է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցության վերջին գործընթացը:

Վստահաբար կարելի է նշել, որ վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրվել են չափազանց կարևոր զարգացումներ։ Գիտեք, որ 2025թ. օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Այդ փաստաթղթով կողմերը վերահաստատել են միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և քաղաքական անկախության ճանաչումը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Հստակ ամրագրվել է նաև, որ կողմերը չունեն և հետագայում չեն առաջադրի միմյանց նկատմամբ որևէ տարածքային պահանջ։

Նույն օրը ստորագրվել է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների համատեղ հռչակագիրը, որով նրանք ողջունել են խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Բացի այդ, Երևանն ու Բաքուն համատեղ դիմում են ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահությանը Մինսկի գործընթացի կառույցների լուծարման վերաբերյալ, ինչը պաշտոնապես դարձել է հակամարտության ավարտի ամենաբարձր մակարդակի հաստատումը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ իրավահարաբերությունների ձևավորման համատեքստում կարևոր է նշել 2024թ. օգոստոսի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների միջև համատեղ գործունեության մասին ստորագրված կանոնակարգը: Դրանով Կողմերը հանձնառություն են ստանձնել առաջնորդվել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով, որին համապատասխան Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել և հարգել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացած 12-րդ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում և նշվել է նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունը պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ ՀՀ, ԱՀ և Վրաստանի սահմանների հատման կետից  և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև ՀՀ և ԱՀ սահմանն ԻԻՀ հետ սկսելու վերաբերյալ:

Եռակողմ պայմանավորվածությունների առանցքային ուղղություններից է նաև տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը, որին, վստահ եմ, հնարավորություն կունենանք առանձին անդրադառնալ։ Սակայն արդեն այսօր կարող ենք արձանագրել, որ Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպումն ու դրա արդյունքում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը լրջագույն դրական տեղաշարժ են ապահովել խաղաղության օրակարգում՝ էապես նվազեցնելով անվտանգային ռիսկերը և ձևավորելով փաստացի խաղաղության միջավայր մեր տարածաշրջանում։

Այս համատեքստում Հայաստանը բարձր է գնահատում միջազգային գործընկերների, այդ թվում՝ բարեկամ Իրանի ակտիվ աջակցությունն ու ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ միջազգային հանրությունը կշարունակի խրախուսել Ադրբեջանին՝ ցուցաբերելու անհրաժեշտ քաղաքական կամք և կատարելու վերջին քայլը՝ վերջնականորեն ստորագրելով խաղաղության համաձայնագիրը։

Ներկայում ի՞նչ փուլում է Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև Վաշինգտոնում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունը միջանցքի վերաբերյալ:

Նախևառաջ թույլ տվեք անդրադառնալ Ձեր հարցադրման մեջ օգտագործված «միջանցք» եզրույթին։ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրով հստակ ամրագրված է, որ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովվելու է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» («TRIPP»)) ծրագրի շրջանակում։ Այսպիսով՝ ՀՀ հարավով անցնող կապուղու պաշտոնական անվանումը հենց «TRIPP ուղի» է, և ցանկացած այլ բնորոշում, այդ թվում՝ «միջանցք», հակասում է հռչակագրի տառին և ոգուն, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ նախագահը։ Կցանկանայի օգտվել այս հարթակից և հորդորել նաև իրանական փորձագիտական և լրատվական հանրությանը առաջնորդվել այս հստակ ձևակերպմամբ։

Վաշինգտոնյան հռչակագիրը նախատեսում է ապաշրջափակել տրանսպորտային բոլոր հաղորդակցությունները՝ ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար՝ հիմնվելով պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքների վրա։ Պետք է ընդգծեմ, որ հավատարիմ բարեկամության և փոխվստահության մթնոլորտին՝ այս ամբողջ գործընթացի շրջանակում պաշտոնական Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը, իսկ զարգացումների վերաբերյալ տարբեր մակարդակներում ընթացել է ակտիվ երկխոսություն: Հարկ եմ համարում նաև նշել, որ հենց այս սկզբունքներն են այն հենասյուները, որոնք մշտապես առաջնային են եղել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության համար, և դրանց պահպանումը լիովին համահունչ է մեր երկու պետությունների շահերին։

Ապաշրջափակման արդյունքում Հայաստանը Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Սա աննախադեպ հնարավորություն կստեղծի Իրանի համար՝ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն հաստատելու Վրաստանի հետ՝ կապվելով սևծովյան նավահանգիստներին։ Իր հերթին, Իրանը կդառնա ՀՀ-ի համար երկաթուղային տարանցիկ ուղի՝ Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի երկրների հետ կապվելու առումով: Միաժամանակ, նախատեսվում են լրացուցիչ կապեր Հայաստանի տարբեր շրջանների միջև, ինչը մեծ նշանակություն ունի մեր ներքին տնտեսական և լոգիստիկ համակարգերի համար։ Կարևոր է նաև, որ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծում երրորդ կողմի ներգրավման հարցում Հայաստանը և ԱՄՆ-ն ունեն հավասար վետոյի իրավունք, ուստի ցանկացած կողմ միայն Երևանի և Վաշինգտոնի համաձայնությամբ կարող ներգրավվել այդ ծրագրին։

Այժմ Վաշինգտոնի հետ ակտիվորեն քննարկվում են «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացման ընդհանուր պայմանները։ Նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի հայ-ամերիկյան համատեղ «TRIPP Company»-ն, որը կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Նախանշվում է, որ արդեն հաջորդ տարի կանցնենք ծրագրի գործնական իրականացման և շինարարության փուլին։ «ԹՐԻՓՓ ուղի»-ն լիովին համահունչ է մեր կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և նպաստելու է տարածաշրջանային փոխկախվածությունների ստեղծմանը՝ դառնալով կայուն խաղաղության կարևոր գործոն։

Ուրախությամբ կարող եմ նշել, որ հաղորդակցությունների աստիճանական բացման վերաբերյալ քաղաքական համաձայնություններն արդեն տալիս են իրական արդյունքներ։ Ադրբեջանը հոկտեմբերին հայտարարել է իր տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին, և արդեն ունենք առաջին գործնական օրինակները․ Ղազախստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղով հացահատիկ է տեղափոխվել Հայաստան։ Հայաստանը նույնպես բազմիցս հաստատել է իր պատրաստակամությունը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տեխնիկական առումով ապահովելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռների տարանցումն իր տարածքով:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ «ԹՐԻՓՓ ուղի» նախագիծը Հայաստանին, Ադրբեջանին և ամբողջ տարածաշրջանին առաջարկում է հաղորդակցման նոր, միջազգային աջակցությամբ ամրացված մոդել, որը հիմնված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, փոխադարձության և իրավազորության սկզբունքների վրա։ Վստահ եմ, որ դրա իրականացումը ոչ միայն կխթանի տնտեսական համագործակցությունը, այլև կամրապնդի խաղաղությունն ու կայունությունն ամբողջ տարածաշրջանում։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

Վերջին շրջանում մենք իսկապես ականատես ենք եղել Հայաստան-Թուրքիա շփումների ակտիվացմանը։ Այդ շփումները տեղի են ունենում գրեթե բոլոր մակարդակներում՝ երկու երկրների ղեկավարների, ԱԳ նախարարների և հատուկ ներկայացուցիչների, ինչպես նաև արտաքին քաղաքական ու ոլորտային համապատասխան գերատեսչությունների միջև։ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը կարգավորման գործընթացում՝ նպատակ ունենալով հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը և բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։

Այս տարի Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է երկխոսության շրջանակում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրագործումը։ Այդ պայմանավորվածությունները ներառում են Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործարկումը, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթուղու և Հայաստան-Թուրքիա էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

Տարածաշրջանային փոխկապվածության տեսակետից առանցքային նշանակություն ունի Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը։ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի հետ միասին այն կձևավորի միասնական երկաթուղային ցանց՝ կապելով Հարավային Կովկասի երեք երկրներն ու հարևան տարածաշրջանները։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ օրեր առաջ երկու երկրների համապատասխան հաստատությունների ներկայացուցիչները անցկացրել են այդ երկաթուղու վերականգնմանն ու շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը, ինչը վկայում է գործընթացի շարունակական և գործնական բնույթի մասին։

Մենք լիահույս ենք, որ Վաշինգտոնում եռակողմ հռչակագրով ամրագրված ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքներն ու «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի շուտափույթ իրականացումը կստեղծեն այն բարենպաստ միջավայրը, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել կարևորագույն հաջորդ քայլին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու ենթակառուցվածքների լիարժեք բացմանը։

Ամփոփելով կարող եմ նշել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատելի է զգալի առաջընթաց, և այդ դինամիկան պահպանելու պարագայում հնարավոր կլինի տարածաշրջանում ձևավորել նոր, առավել ինտեգրված ու կանխատեսելի միջավայր, որը բացառիկ կարևորություն կունենա ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։