Հայաստանի եվրոպական ուղին դարձել է հասարակության ընտրությունը՝ անհատից դեպի պետություն գործընթաց. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթաժողովում ելույթ ունենալով՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այսօր Հարավային Կովկասում խոսվում է ոչ թե խաղաղության հեռանկարի, այլ արդեն հաստատված խաղաղության մասին, ընդգծելով նաև Հայաստանի եվրոպական ինտեգրման արագացող ընթացքն ու քաղաքացիական հասարակության կարևոր դերը այս գործընթացներում։

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Միրզոյանի ելույթի տեքստը.

«Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ գործընկերներ,

Քաղաքացիական հասարակության հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ինձ համար մեծ պատիվ է կրկին ելույթ ունենալ այս հարթակում:

Երկու տարի առաջ այս նույն հարթակում ելույթիս ժամանակ Հարավային Կովկասը տարածաշրջան էր, որը բնութագրվում էր անորոշությամբ և անվտանգության բացակայությամբ։ Մենք խոսում էինք խաղաղության մասին կարծես հեռավոր նպատակի մասին։ Եվրոպական հեռանկարը թեպետ ոգեշնչող էր, գոյություն ունեցող անվտանգային մարտահրավերների պայմաններում այն հաճախ անհասանելի էր թվում։ Այսօր ես վերադարձել եմ այստեղ հիմովին տարբեր իրականության պայմաններում։ Մենք այլևս քննարկում ենք ոչ թե զուտ խաղաղության հնարավորությունը, այլ խոսում ենք հաստատված խաղաղության մասին։ Մենք խոսում ենք եվրոպական ինտեգրման մասին ոչ որպես ցանկություն, այլ որպես ընդունված օրենք:

Խաղաղություն տարածաշրջանում

Հայաստանը վաղուց է հայտարարել, որ մեր տարածաշրջանը տևական խաղաղության կարիք ունի։ Տարիներ շարունակ մենք բախվել ենք թերահավատության և լուրջ մարտահրավերների։ Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունն անսասան է մնացել իր այն համոզման մեջ, որ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իր քաղաքացիների բարօրության միակ երաշխիքը հարևանների հետ խաղաղ գոյակցությունն է։ Վաշինգտոնյան Խաղաղության հռչակագրի ստորագրումն ու Խաղաղության պայմանագրի նախաստորագրումն այս ճանապարհին պատմական հանգրվան են։

Խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ։ Այն երկխոսություն է և վստահություն կառուցելու համբերատարություն։ Եվ այժմ, այս համատեքստում, ես ցանկանում եմ կոչ անել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին առաջնորդվել այս նոր իրականությամբ: Կառավարությունները կարող են ստորագրել պայմանագրեր, բայց վստահությունը կառուցում են հասարակությունները։ Քաղաքացիական հասարակությունը կարող է ստեղծել մարդկանց միջև կապեր, որոնք չեն կարող ստեղծել պայմանագրերը։ Կառավարությունները կարող են հանդիպումներ կազմակերպել։ Սակայն մեր լիազորություններն այստեղ ավարտվում են, իսկ մնացածը՝ իրական երկխոսությունն ու հաշտեցումը, ձեր ձեռքերում է։ Այս առումով ուրախ եմ նշել, որ վերջերս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկկողմ՝ ուղիղ երկխոսություններ են անցկացվել համապատասխանաբար Երևանում և Բաքվում։

Հայաստան-ԵՄ գործընկերություն

Հարգելի՛ գործընկերներ,

Վերջին տարիների ընթացքում մեր գործընկերությունը Եվրոպական միության հետ զարգացել է աննախադեպ տեմպերով։ Մինչ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) ծառայում է որպես Հայաստան–ԵՄ գործընկերության ամուր իրավական հիմք, մենք մեր հարաբերությունները զարգացրել ենք ՀԸԳՀ-ից շատ ավելի անդին՝ հարստացնելով դրանք նոր ուղղություններով:

Թույլ տվեք նշել հիմնական ձեռքբերումները.

Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկ և դրա շրջանակում արձանագրված շոշափելի առաջընթաց,
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության արդյունավետ գործունեություն,
Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում աջակցության առաջին փաթեթի տրամադրում,
Անվտանգության ոլորտում համագործակցության նոր հորիզոնների բացում՝ Անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկով և Հայաստանի՝ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրին միանալով,
Եվ վերջապես՝ «Դիմակայունություն և աճ» ծրագրի ընդունում ու դրա շրջանակում արձանագրված առաջընթաց։
Հենց երեկ մենք ընդունեցինք Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որը լրացնում է ՀԸԳՀ-ն և մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։

Բայց ամենանշանակալից իրադարձություններից մեկը տեղի ունեցավ գարնանը։ Հայաստանի խորհրդարանը ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Եվ այստեղ կուզենայի ընդգծել քաղաքացիական հասարակության դերը, քանի որ օրենքը քաղաքացիական նախաձեռնություն էր և հստակ արտացոլում էր Հայաստանի քաղաքացիների ձգտումները։ Այն փաստը, որ կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը աջակցեցին նախաձեռնությանը, ցույց է տալիս, որ մենք կիսում ենք նույն՝ Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու տեսլականը։ Սա խորհրդանշում է, որ Հայաստանում ճանապարհը դեպի Եվրոպա ոչ միայն կառավարության քաղաքականությունն է, այլև հասարակության ընտրությունը՝ անհատից դեպի պետություն գործընթաց: Սա ժողովրդավարություն է գործողության մեջ։

Ժողովրդավարություն և դիմակայունություն

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօրվա իմ ելույթը սկսեցի՝ նշելով, որ այս ձևաչափում իմ նախորդ ելույթից ի վեր շատ բան է փոխվել։ Իրոք, անվտանգային իրավիճակը, խաղաղությունը տարածաշրջանում և Հայաստան–ԵՄ գործընկերության խորությունը էապես վերափոխվել են։ Սակայն այս բոլոր գործընթացների ընթացքում կա մի բան, որը չի փոխվել․ դա Հայաստանի կառավարության ամուր հանձնառությունն է ժողովրդավարական ուղուն՝ չնայած բոլոր մարտահրավերներին՝ պատերազմ, ներքաղաքական ճգնաժամ, արտաքին միջամտություն և մանիպուլյացիաներ:

Այսօր մենք բախվում ենք նոր սպառնալիքների։ Հիբրիդային հարձակումները՝ ապատեղեկատվական քարոզարշավները, կիբերհարձակումները, հանրային կարծիքի մանիպուլյացիայի և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ վստահության թուլացման փորձերը, դարձել են առօրյա իրականություն։ Այս սպառնալիքներն ուղղված են ժողովրդավարական հասարակությունների բաց լինելը շահագործելուն։

Բայց ահա թե ինչ ենք մենք սովորել․ երբ հիբրիդային սպառնալիքներին դիմակայում ենք տեղեկացվածությամբ և քաղաքացիական ներգրավվածությամբ, դրանք չեն թուլացնում ժողովրդավարությունն, այլ այն դարձնում են ավելի ուժեղ և դիմակայուն։ Յուրաքանչյուր հարձակումը, որը մենք հաջողությամբ կանխում ենք, յուրաքանչյուր ապատեղեկատվական արշավ, որը բացահայտում ենք, ուժեղացնում է մեր ժողովրդավարական «իմունային համակարգը»։

Եվ այստեղ ես ուզում եմ դիմել այսօր հավաքված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Պետությունը չի կարող միայնակ գործել։ Մենք ապավինում ենք ձեզ, որպեսզի դուք լինեք մեր ժողովրդավարության իմունային համակարգը։ Մենք ապավինում ենք ձեզ, որպեսզի դուք ապատեղեկատվությանը հակազդեք փաստերով և ապահովեք, որ մեր բարեփոխումները լինեն անշրջելի։ Դուք ժողովրդավարական արժեքների պահապաններն եք:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ես վստահ եմ, որ Հարավային Կովկասին լուսավոր և խոստումնալից ժամանակներ են սպասվում։ Համագործակցության շնորհիվ մեր տարածաշրջանը կարող է բացահայտել իր ամբողջ ներուժը։ Քաղաքացիական հասարակությունն այստեղ ունի նշանակալի դերակատարություն։

Միասին՝ կառավարությունները, քաղաքացիական հասարակությունը, քաղաքացիները, ձևավորում ենք նոր ժամանակաշրջան մեր երկրի, մեր տարածաշրջանի և Եվրոպայի համար։ Սա մի ժամանակաշրջան է, որը բնորոշվում է ոչ թե հակամարտությամբ և պառակտումներով, այլ խաղաղությամբ, համագործակցությամբ և ընդհանուր բարգավաճմամբ»։