Ռուսական գազի կախվածությունից ԵՄ-ի ազատվելն ուժեղացնում է Ադրբեջանում բրիտանական BP-ի նախագծերը․ անդրադարձ

Լուրեր

31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

Ռուսաստանից բնական գազի ներմուծումը մինչև 2028 թվականը փուլ առ փուլ դադարեցնելու՝ ԵՄ ծրագիրը, հավանաբար, կնպաստի BP-ի էներգետիկ նախագծերին Ադրբեջանում, որն արդեն գազ է մատակարարում Եվրոպային և ձգտում է ընդլայնել իր արտահանումը։ Այս մասին ասվում է Sova news-ի հրապարակման մեջ, որը պատրաստվել է  OC Media-ի հետ միասին։

Հոկտեմբերին ԵՄ անդամ գրեթե բոլոր պետությունների էներգետիկայի նախարարներն աջակցել էին Ռուսաստանից խողովակաշարային և հեղուկ բնական գազի (LNG) ներմուծումը դադարեցնելու մասին կանոնակարգի նախագծին։ Առաջարկը նախատեսում է արգելել Ռուսաստանի հետ նոր պայմանագրերը 2026 թվականի հունվարից, դադարեցնել կարճաժամկետ գործարքները մինչև նույն տարվա հունիսը և չեղարկել երկարաժամկետ պայմանագրերը մինչև 2028 թվականի հունվարը։

Եթե ​​Եվրախորհրդարանը հաստատի այս փաստաթուղթը, դա կխթանի ադրբեջանական գազային նախագծերը, որոնց մեծ մասն իրականացնում է բրիտանական էներգետիկ հսկա BP-ն։

2022 թվականին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր ԵՄ-ն զգալիորեն կրճատել է ռուսական գազի գնումները, սակայն որոշ երկրներ, այդ թվում՝ Հունգարիան և Սլովակիան, շարունակում են այն ներմուծել խողովակաշարերի միջոցով։ Այլ երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Իսպանիան և Նիդերլանդները, դեռևս գնում են ռուսական հեղուկ բնական գազ։ Այնուամենայնիվ, ընդհանուր միտումը մնում է նվազող. 2024 թվականին Ռուսաստանն ապահովել է ԵՄ գազի կարիքների շուրջ 13%-ը, մինչդեռ 2021 թվականին այդ մասնաբաժինը կազմել է 45%։

Ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու ռազմավարության շրջանակում Եվրոպական հանձնաժողովը 2022 թվականի հուլիսին Բաքվի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է մինչև 2027 թվականն ադրբեջանական գազի ներմուծման կրկնապատկում՝ տարեկան մինչև 20 միլիարդ խորանարդ մետր: Այդ ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որն անձամբ այցելել էր Բաքու՝ ստորագրմանը մասնակցելու համար, Ադրբեջանին անվանել էր «հուսալի գործընկեր»:

«Ծովի արքա»

Շահ Դենիզը, որն ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «ծովի արքա», երկրի ամենամեծ գազային հանքավայրն է, պաշարները գնահատվում են 1 տրիլիոն խորանարդ մետր։ BP-ն նախագծում ունի 29,99% բաժնեմաս՝ Ադրբեջանի պետական ​​նավթագազային SOCAR ընկերության, Հունգարիայի MOL-ի, Ռուսաստանի Lukoil-ի և Իրանի Nico-ի հետ միասին:

2020 թվականի դեկտեմբերից ի վեր Շահ Դենիզի գազը մատակարարվում է Եվրոպա, հիմնականում՝ Իտալիա, 3500 կիլոմետրանոց Հարավային գազային միջանցքի խողովակաշարային համակարգի միջոցով, որն անցնում է Վրաստանով, Թուրքիայով, Հունաստանով և Ալբանիայով։ Ադրբեջանական գազը վաճառվում է նաև Հունաստանին, Բուլղարիային, Հունգարիային, Ռումինիային և Սլովենիային, մատակարարումներ են իրականացվում հարևան Վրաստան և Թուրքիա։

2024 թվականին Եվրոպա գազի արտահանումն աճել է մինչև 12,9 միլիարդ խորանարդ մետր՝ 2021 թվականի 8,1 միլիարդի համեմատ, և կանխատեսվում է, որ այս տարի կհասնի 13,5 միլիարդ խորանարդ մետրի։

Ստանձնած պարտավորությունները կատարելու համար BP-ն և նրա գործընկերները սկսել են ուսումնասիրել Կասպից ծովի և նոր բլոկներում առկա հնարավորությունները: 2025 թվականի հունիսին BP-ի գլխավորած կոնսորցիումը հաստատել է 2,9 միլիարդ դոլարի ներդրում Շահ Դենիզի նոր ծովային կոմպրեսորային հարթակի կառուցման համար, որը նախագծի շահագործման ընթացքում թույլ կտա արտադրել լրացուցիչ 50 միլիարդ խորանարդ մետր գազ։

BP-ն նաև ղեկավարում է ACG Deep Gas նախագիծը, որի նպատակն է զարգացնել գազի պաշարները Կասպից ծովում գործող Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ACG) նավթային հանքավայրում: ACG Deep Gas նախագծից արտադրությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարվա սկզբին:

Շահ Դենիզի և այլ ծովային նախագծերի հետ մեկտեղ՝ Ադրբեջանի տարեկան գազի արտահանումը, կանխատեսումների համաձայն, կաճի 8 միլիարդ խորանարդ մետրով առաջիկա հինգ տարիների ընթացքում։

«Ադրբեջանը պատրաստ է զգալիորեն մեծացնել գազի արտադրությունը, սակայն դեռևս պարզ չէ, թե ուր կուղղվեն լրացուցիչ ծավալները»,- OC Media-ին ասել է Բաքվից էներգետիկ վերլուծաբան Իլհամ Շաբանը։

Նրա խոսքով՝ չնայած ԵՄ-ն ցանկանում է ձեռք բերել ավելի շատ ադրբեջանական գազ, այն զգուշավոր է երկարաժամկետ պայմանագրեր կնքելու և խողովակաշարերի ընդլայնման ֆինանսական աջակցության հարցում, ինչը սահմանափակում է մատակարարման աճը: Հետևաբար, Ադրբեջանը սկսել է անմիջական համաձայնագրեր կնքել առանձին գնորդների հետ։ Օրինակ՝ գերմանական Uniper AG-ն վերջերս խոշոր համաձայնագիր է ստորագրել՝ հաջորդ տասնամյակում Ադրբեջանից տարեկան առնվազն 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ ներմուծելու համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ չնայած Բաքուն դիտարկում է այլ շուկաներ՝ հուլիսին պետական ​​նավթագազային SOCAR ընկերությունը սկսել է տարեկան 1,2 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով՝ պահանջարկի աճին զուգընթաց ծավալները մեծացնելու հնարավորությամբ, Եվրոպան շարունակում է մնալ առաջնահերթություն։

«Մեր բնական գազի մատակարարման հիմնական ուղղությունը Եվրոպան է»,- ասել է Ալիևը «Al Arabiya»-ին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն այժմ գազ է մատակարարում 10 եվրոպական երկրների, որոնցից ութը ԵՄ անդամ են, և վստահություն է հայտնել, որ իր երկրի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ միայն կաճի։

Միևնույն ժամանակ, չնայած գազի արդյունահանման աճին՝ Ադրբեջանի նավթի արտադրությունը նվազում է ավելի քան մեկ տասնամյակ։ ACG բլոկը, որը կազմում է երկրի նավթի արտադրության մեծ մասը, 2025 թվականի առաջին կեսին արտադրել է մոտ 59 միլիոն բարել՝ օրական 327,000 բարել, նախորդ տարվա 61 միլիոն բարելի համեմատ։

Այնուամենայնիվ, անկման տեմպը դանդաղում է. BP-ն օգնում է կայունացնել արտադրությունը 6 միլիարդ դոլար արժողությամբ Azeri Central East (ACE) հարթակի միջոցով, որը յոթերորդն է հանքավայրում, և որը սկսել է արտադրությունը 2024 թվականի ապրիլին՝ տարվա առաջին կեսին ապահովելով օրական շուրջ 25,000 բարել: Ակնկալվում է, որ ACE-ն  կավելացնի օրական մինչև 100,000 բարել և 300 միլիոն բարել շահագործման ամբողջ ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի