Հանք, թե կյանք․ ոսկու պաշարների փնտրտուքը վտանգում է Վայոց ձորը
Հաղորդաշարեր
15.11.2025 | 17:15
«Մենդիա Ռեսուրսիս» ընկերությունը մոտ 1 ամիս առաջ՝ հոկտեմբերի 10-ին, դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ Վայոց ձորի մարզի Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը 2 տարով (2026-2028 թթ․) երկարաձգելու թույլտվություն ստանալու համար։
Ընկերությունն այս տարածքում աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ստացել է 2023 թվականի ապրիլի 10-ին՝ 3 տարով։ Այսինքն՝ այդ լիցենզիայի ժամկետը լրանում է 2026-ի ապրիլին և, ըստ օրենքի, լիցենզառուն ոչ ուշ, քան լիցենզիայի ժամկետի ավարտից 6 ամիս առաջ կարող է դիմել լիազոր մարմին` լիցենզիայի ժամկետը երկարաձգելու համար:
ՏԿԵՆ-ից Factor.am-ին հայտնեցին, որ ընկերության դիմումն ընթացքի մեջ է, որոշում դեռ չի կայացվել։ Ամեն դեպքում, ըստ նախարարության, ընկերության փաստաթղթերն ուղարկվելու են Շրջակա միջավայրի նախարարություն, և վերջնական որոշում այդ գերատեսչությունն է ընդունելու։
Ուշագրավ է, որ այս տարվա սեպտեմբերի 18-ին Եղեգիս համայնքում տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ «Մենդիա Ռեսուրսիս»-ը ներկայացրել է երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը երկարաձգելու իր նախագիծը, որին, սակայն, հոկտեմբերի 27-ի արտահերթ նիստում համայնքի ավագանին համաձայնություն չի տվել։
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ որևէ նոր քննարկում կամ լսում Եղեգիսում նախատեսված չէ։
Factor.am-ը Շրջակա միջավայրի նախարարությունից պարզել է, որ եթե հանրային լսումներից հետո ավագանին տալիս է բացասական եզրակացություն, ապա նախագիծը ՇՄԱԳ փորձաքննության այլևս չի կարող ներկայացվել։
Փորձեցինք «Մենդիա Ռեսուրսիս»-ի տնօրեն Տիգրան Ավետիսյանից տեղեկանալ՝ ընկերությունն ինչպե՞ս է նախատեսում շարունակել աշխատանքները, եթե համայնքը դեմ է, սակայն նա հարկ չհամարեց պատասխանել մեր հարցերին։
Փոխարենն ընկերության երկրաբան և 1%-ի բաժնետեր Հովհաննես Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պետք է ամեն ինչ անեն, որ շարունակեն աշխատանքները, քանի որ պայմանագիր ունեն ամերիկա-կանադական Teck Resources ընկերության հետ։ Ըստ նրա՝ հաջորդ 2 տարին բավարար կլինի վերջնական եզրահանգման գալու՝ արդյո՞ք այդտեղ հանքավայր կա, թե՞ ոչ։
Մինչդեռ, սեպտեմբերին հանրային լսումների ժամանակ, ըստ դրանց արձանագրության, Տիգրան Ավետիսյանը հայտարարել էր, որ ուսումնասիրման աշխատանքները նախատեսված են առնվազն 9 տարի․ առաջին լիցենզիան տրվում է 3 տարով՝ հետագայում 3 անգամ 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ, թեև ամեն անգամ տարածքը կրճատվում է 50%-ով։
«Մենք մեր ուսումնասիրման աշխատանքները չենք վերջացրել։ Մենք նոր ենք անցել ուսումնասիրման հիմնական փուլ»,- լսումների ժամանակ ասել է Ավետիսյանը։
Անվերահսկելի ոսկու «տենդ»
Ընկերության 2022-25 թթ․ ծրագրով՝ տարածքի ընդհանուր մակերեսը 9399․3 հեկտար է եղել, ընդհանուր ծախսը՝ 1․1 մլրդ դրամ (մոտ 2․8 մլն դոլար)։ 2026-28 թվականների ծրագրով «Մենդիա Ռեսուրսիս»-ը նախատեսում է հետախուզել 4600 հա: Արդեն իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում առանձնացվել է 5 տեղամաս, որտեղ էլ շարունակվելու են ուսումնասիրությունները, համահարթեցվելու և բացվելու են 13 կմ ճանապարհներ, 15 հորատահրապարակ և այլն։
Վարդենիսի բազմամետաղների հանքերևակումը գտնվում է Վայոց ձորի մարզում, Վարդենիս լեռնագագաթից հարավ, Գետիկվանք գյուղից հյուսիս-արևելք, Վարդահովիտ գյուղից հյուսիս-արևելք, Եղեգնաձոր քաղաքից 40 կմ դեպի հյուսիս:

Առաջնային օգտակար հանածոն ոսկին է, արծաթը, պղինձը, ցինկը, կապարը և մոլիբդենը: Բնակիչների պնդմամբ՝ տարածքում նաև ուրան կա, սակայն այդ մասին պաշտոնական բաց աղբյուրները լռում են։ Ըստ հաշվետվությունների՝ ոսկու հայտնաբերված ամենաբարձր պարունակությունը եղել է 1 տոննայում 48․74 գրամ, արծաթինը` 380 գրամ:

Տարածաշրջանում երկրաբանահետախուզական աշխատանքները սկսվել են դեռևս խորհրդային տարիներին։ 2014-2017 թվականներին այստեղ մետաղներ որոնել է «Գեոմայնինգ» ՍՊԸ-ն: Ուսումնասիրությունները 2019-2021 թվականներին շարունակելու ընկերության հայտը (թվով՝ 3-րդ), սակայն, տապալվել է՝ Գեղարքունիքի մարզի Ծովինարի համայնքապետարանում հանրային լսումների ժամանակ բնակչության ընդվզման արդյունքում։ Նկատենք, որ այդ ժամանակ, ի տարբերություն ներկայի, ազդակիր էր ոչ միայն Եղեգիս համայնքը, այլ նաև Ծովինարը։
Ուշագրավ է, որ «Գեոմայնինգ»-ի ուսումնասիրության արխիվային նյութերը հասանելի են դարձել «Մենդիա Ռեսուրսիս»-ին և դրա աշխատանքների համար հիմք են հանդիսացել։ Առանձնացված է հատկապես 3 հեռանկարային տեղամաս՝ «Հազբի», «Արջուկ» և «Ռազմիկ»։
Ստացվում է՝ «Մենդիա Ռեսուրսիս»-ը փաստացի շարունակում է «Գեոմայնինգ»-ի աշխատանքը։ Այսինքն՝ այս տարածքում առնվազն 7 տարի երկրաբանահետախուզական աշխատանքներ են տարվել։ Մինչդեռ, «Մենդիա Ռեսուրսիս»-ի երկրաբան-բաժնետեր Հովհաննես Կարապետյանը մեզ հետ զրույցում պնդեց, թե «Գեոմայնինգ»-ի տվյալները փակ են, և այդ ուսումնասիրությունն իրենց հասանելի չէ։ Ըստ նրա՝ նման ուսումնասիրություններն աշխարհում տևում են մինչև 10 տարի՝ որոշելու համար այդտեղ հանքավայր կա, թե ոչ։
Ինչո՞ւ են հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները տարիներ շարունակ հետազոտում արդեն իսկ հետազոտված տարածքներ, ծախսում միլիոնավոր գումարներ, եթե մեծ է ռիսկը, որ բավարար պաշարներ չեն հայտնաբերվի։
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի ղեկավար, իրավաբան և էկոլոգ Նազելի Վարդանյանի դիտարկմամբ՝ հետախուզման աշխատանքների ընթացքում ընկերությունները կարողանում են հանքանյութ վերցնել ուսումնասիրելու նպատակով, սակայն ոչ թե 1 կգ կամ 1 տ են վերցնում, այլ՝ մի քանի տոննա․ «Գտնում են շատ հարուստ երակ, դրանից ինչ հնարավոր է հանում են»։
Արդյո՞ք երկրաբանահետախուզական աշխատանքները վերահսկվում են և պատկան մարմիններին հայտնի է, թե իրականում ինչքա՞ն հանքանյութ է հանվում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների տարեկան որևէ ծրագրում «Մենդիա Ռեսուրսիս»-ն ներառված չէ։ Factor.am-ը տեսչական մարմնից պարզեց, որ երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող ընկերությունները տարեկան ստուգումների չեն ենթարկվում, դրանց աշխատանքը ստուգվում է լիազոր մարմնի կամ ընկերությունների գրություների հիման վրա։ «Մենդիա Ռեսուրսիս»-ի վերաբերյալ նախորդ 3 տարիներին որևէ դիմում չի եղել, հետևաբար՝ դրա աշխատանքը չի ստուգվել։
«Վիշապը՝ ջրի ակունքին»
Թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունները Վայոց ձորի մարզը հայտարարել են զբոսաշրջային կենտրոն։ Մոտ 1 տարի առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի 2024-2029 թվականների ռազմավարության ներկայացման ժամանակ հայտարարեց, թե կառավարությունը խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 10 կլաստեր, որոնցից 3-ը՝ Ջերմուկ քաղաքում, Եղեգիս և Արենի համայնքներում։ Տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման նպատակով մեծածավալ ներդրումներ են անում նաև միջազգային կառույցները, ակտիվորեն ավելանում է հյուրատների քանակը։ Եղեգիսը նաև հատուկ պահպանվող տարածք է, որին հարակից անցնում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի միգրացիոն միջանցքը։
Եղեգիսի բնակիչները տարակուսում են՝ ինչպե՞ս կարող է զբոսաշրջության կողքին իրականացվել հանքի հետախուզում, առավել ևս հետագա հնարավոր հանքարդյունահանում։
Եղեգիսում մեր այցելության ժամանակ Արթուր Կարապետյանը, որ հյուրատնային նախագիծ է իրականացնում, վստահություն հայտնեց, որ համայնքում հանքարդյունաբերությունն ուղիղի հակադրվում է տուրիստական կլաստեր լինելու կարգավիճակին․ «Մեզ մոտ տուրիզմը զարգանալու մեծ պոտենցիալ ունի, պետք է պահպանենք բնությունը՝ կայուն զարգացման տրամաբանության մեջ։ «Մենդիա Ռեսուրսիս»-ի նախագծի իրագործման դեպքում ամեն ինչ ռիսկի տակ է հայտնվում։ Տարածքը գտնվում է ջրերի ավազանի վրա, որից սնվում են Արենի, Աղավնաձոր, Եղեգիս համայնքները, Եղեգնաձոր քաղաքը։ Մենք դեմ ենք նման հետազոտական աշխատանքներին, քանի որ լուրջ վտանգի են ենթարկում մեր ջրային ռեսուրսները»։
Տարածաշրջանում առաջին հյուրատան սեփականատեր Գևորգ Գասպարյանի կարծիքով՝ համայնքն արկածային տուրիզմի ամենամեծ պոտենցիալ ունեցողներից մեկն է․ «Սմբատաբերտ, Շատին վանք, Ցախաց քար, Մուրադ սարի ժայռապատկերներ և բազմաթիվ այլ հուշարձաններ ունենք։ Նաև ձմեռային տուրիզմի մեծ պոտենցիալ ունենք, փետրվար-մարտ ամիսներին հյուրատները լիքն են լինում եվրոպացի զբոսաշրջիկներով, որ գալիս են այս լանդշաֆտում դահուկով սահելու։ Այստեղի լանդշաֆտը շատ նման է Ալպերին։ Եթե հանք շահագործվի ու ջուրը պղտորվի, բոլոր հյուրանոցային ու զբոսաշրջային ծառայությունները տուժելու են, շատերը փակման առաջ կկանգնեն։ Ինչո՞ւ պիտի Համաշխարհային բանկն այս գյուղում կլաստեր ստեղծի, գումար ներդնի, եթե կողքը հանք է բացվում»։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պնդում է՝ հանքը վտանգում է ամբողջ Հայաստանը, ստորերկրյա ջրերը կարող են խառնվել Սևանա լճի հետ, Արփա-Սևան ջրագիծն է անցնում տարածքով։
«2015 թվականից մինչ օրս մենք 800 մլն դրամի միայն օգնություն ենք տրամադրել համայնքներին՝ փողոցային լուսավորություն, ջրագծեր, գյուղտեխնիկա, էլեկտրական ուղիներ, դասընթացներ, արոտների ճանապարհ և այլն։ Առաջիկա 5 տարում ևս 5 մլն դոլարի ներդրում ենք անելու՝ պայմանով, որ այս համայնքը կլինի բնապահպանական տեսլականով և ոչ մի տեսակի հանք այստեղ չի իրագործվի։ Այն մարդը ում մտքով կանցնի, թե կարող է այստեղ հանք գործել, նա ազգի թշնամի է»,- նշեց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Եղեգիսում Կարմիր գրքում ներառված բույսեր և կենդանիներ կան, վայրի տանձի 14 տեսակ կա, իսկ հանքարդյունաբերական որևէ միջամտություն ամբողջը կխաթարի։
Եղեգիսի բնակիչ Մարատ Զաքարյանի դիտարկմամբ՝ ընկերությունը գետի ակունքից 12 մ բարձրության վրա հորատում է անում, թունավոր նյութեր են օգտագործվում, որոնք կարող են հայտնվել ջրերի մեջ, իսկ այդտեղից սկիզբ առնող ջրերը 8 բնակավայրերով հասնում են Արենի և ոռոգում խաղողի այգիները․ «Ծանր մետաղները գինու մեջ կհայտնվեն, էլ ո՞նց կվաճառվի այդ գինին։ Էնտեղ մեր արոտավայրերն են, էստեղ մեր կյանքն է։ Այս մարդիկ հեքիաթ չեն կարդացել, այլապես կիմանային, որ չի կարելի, որ վիշապը նստի ջրի ակունքի վրա։ Հեքիաթներում ավարտը մեկն է՝ ժողովուրդը բարձրանում ու գլխատում է վիշապին»։
Մինչ բնակիչները քննարկում են ստեղծված իրավիճակը, «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ն այս տարվա հոկտեմբերի 17-ին դիմել է դատարան (ԱՎԴ4/0115/02/25)՝ ընդդեմ Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի՝ պահանջելով, որ նա հրապարակայնորեն հերքի սեպտեմբերի հանրային լսումների ժամանակ իր հայտարարությունը, թե «Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում հայցվորի կողմից երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարվելու վերաբերյալ 2023 թվականին տեղի ունեցած հանրային քննարկումների (լսումների) արդյունքները կեղծվել են», և զրպարտության համար վճարի փոխհատուցում՝ 3 մլն դրամի չափով։ Դատական նիստ դեռևս չի նշանակվել։
Համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նարեկ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կեղծիքի մասին է խոսքը։ Ըստ նրա՝ շատ վիճելի իրադրություն է, քանի որ 2023-ի լսումները շատ թեժ են անցել, ոչ մեկ ոչ մեկին չէր լսում, այն ժամանակ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը (հեղ․ լիազորությունները կասեցվել են) ասել է, թե «սա հանրային լսում չի կարելի համարել», բայց հետո շատ անսպասելի դրական կարծիք է տվել ընկերության նախագծին։
Ով է սեփականատերը
«Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ն փոխկապակցված է հանքագործական մի շարք այլ ընկերությունների հետ։ Այն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2021 թվականին՝ Լիլիթ Արամյանի կողմից։ Ներկայում նրան է պատկանում ընկերության 99% բաժնեմասը։ 1%-ի սեփականատերը, ինչպես նշել ենք, Հովհաննես Կարապետյանն է։ 2022-ի մարտ-դեկտեմբերին բաժնեմասի 85%-ը պատկանել է Պորտուգալիայի քաղաքացի Դեննիս Ջեյ Մուրին։ Վերջինս 2021-ի նոյեմբերին հիմնադրել է «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների լիցենզիա է ստացել 2023-ին (Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի տարածքում է)։
«Հայասա Ռեսոուրսիս Քորփ»-ի տնօրենը Հովհաննես Կարապետյանն է, իսկ սեփականատերը ներկայում կանադական «Ֆրիմոնտ Գոլդ ԷլԹիԴի» ընկերությունն է, որի հիմնադիրը կրկին Դեննիս Մուրն է։ «Մենդիա Ռեսուրսիս»-ի կայքում նշված է, որ «Ֆրիմոնտ Գոլդ» ՍՊԸ-ն իրավունք ունի ձեռք բերելու ընկերության 100% բաժնեմասը։
Դեննիս Մուրին է պատկանում նաև կանադական Hayasa Metals Inc-ը։ Ըստ էության՝ Վարդենիսի և Ուրասարի ոսկի-բազմամետաղների հանքերևակումները Hayasa-ի նախագծերն են, որ իրականացնում են «Մենդիա Ռեսուրսիս»-ը և «Հայասա Ռեսոուրսիս Քորփ»-ը։
Ըստ Hayasa Metals Inc-ի կայքի՝ Դենիս Մուրն ունի հետախույզ-երկրաբանի ավելի քան 35 տարվա փորձ, աշխատել է Ավստրալիայի և Հարավարևմտյան Խաղաղ օվկիանոսի խոշոր ընկերություններում, Բոլիվիայում, Պերուում և Բրազիլիայում: Մուրը հայտնաբերել, վաճառել և հորատել է G Mining Ventures-ի կողմից կառուցվող 1.8 մլն ունցիա ծավալով Տոկանտինզինյո հանքավայրը և անմիջականորեն մասնակցել է Հարավային Ամերիկայում առնվազն չորս այլ ոսկու հանքացայրի հայտնաբերման աշխատանքներին, այդ թվում՝ Բոլիվիայի Ամայապամպա և Բրազիլիայի Կույու Կույու, Կորինգա և Կաժուերո հանքավայրերում:
Տիգրան Ավետիսյանին է պատկանում «Էյթի Գրուպ» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը։ Նրա հետ համասեփականատեր է Արմեն Չապուխյանը։ Ընկերությունը հետազոտում է Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասը։
2024-ի հոկտեմբերին Ավետիսյանը հիմնադրել է «Աուրում Միներալս» ՍՊԸ-ն, որի գործունեության ոլորտը գրանցված է թանկարժեք (ազնիվ) մետաղների հանքաքարերի արդյունահանում։
Ավետիսյանի «Նեյչրլ Թրեժրս» ՍՊԸ-ն անցած տարի ՇՄ նախարարություն է ներկայացրել Կոտայքի մարզի Հատիսի բազալտի երևակման տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ՇՄԱԳ հաշվետվություն։ Գործունեության ոլորտն, ըստ ՊԵԿ-ի, կրկին թանկարժեք մետաղների հանքաքարերի արդյունահանումն է։
Ավետիսյանների ընտանիքին է պատկանում նաև 2004-ին գրանցված «Վահան ԵՀԱ» ՍՊԸ-ն, որ կրկին հետախուզական հորատումներով է զբաղվել։
Հովհաննես Կարապետյանն իր հերթին նույնպես բաժնեմասեր ունի այլ հանքագործական ընկերություններում՝ առավելապես ոչ մետաղական։ Նրան է պատկանում «Ռահ Մայնինգ» ՍՊԸ-ի 25 %-ը (հիմնադրվել է 2023-ին, գործունեության ոլորտը՝ ավազի և խճի արդյունահանում), «Վահա» ՍՊԸ-ի 25 %-ը (հիմնադրվել է 2023-ին, գործունեության ոլորտը՝ հանքագործական արդյունաբերության այլ ճյուղերում օժանդակ ծառայությունների մատուցում), «Սևասար» ՍՊԸ-ի 50%-ը (հիմնադրվել է 2022-ին, գործունեության ոլորտը՝ այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն), «Դահա» ՍՊԸ-ի 25 %-ը (հիմնադրվել է 2022-ին, գործունեության ոլորտը՝ ավազի և խճի արդյունահանում)։
Ովքեր են ոսկի որոնում Վարդենիսում, Ուրասարում և Վազաշենում автор: Factor tv
Ստացվում է, որ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տարածքում «Գեոմայնինգի», ներկայում էլ «Մենդիա Ռեսուրսիս»-ի կողմից իրականացվող երկարատև երկրաբանահետախուզական աշխատանքները ոչ միայն խորացրել են համայնքում անվստահությունն ու սոցիալական լարվածությունը, այլև հակասություն են առաջացնում պետական գերատեսչությունների, համայնքային իշխանությունների և զբոսաշրջային զարգացման ծրագրերի միջև։
Ներկայում խնդրի լուծումը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու Շրջակա միջավայրի նախարարությունների իրավասության տիրույթում է։
Գայանե Խաչատրյան










