Ճապոնիայի հյուսիսարևելքում տեղի է ունեցել 6,8 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հաղորդել է երկրի ազգային օդերևութաբանական գործակալությունը։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իվատե պրեֆեկտուրայից արևելք, իսկ օջախը՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ճապոնիայի հյուսիսարևելյան ափերի համար ժամանակավորապես հայտարարվել էր ցունամիի վտանգ։
Նախնական տվյալներով՝ տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Տեղական իշխանությունները շարունակում են հետևել տարածաշրջանի սեյսմիկ իրավիճակին։