Եթե «Շողակաթ»-ը փակեք, Նազարյանը չի կարող հանրությանը համոզել, որ պետությունը եկեղեցու դեմ քայլեր չի ձեռնարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
21.10.2025 | 15:20Խորհրդարանը քննարկում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով ՔՊ պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը։ Օրինագծի համահեղինակ Թագուհի Ղազարյանը ներկայացելով նախագիծը՝ տեղեկացրեց, որ նոր փոփոխություններում հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից։ Մինչդեռ գործող օրենքով սահմանված է, որ հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից։
«Մտահոգություն ու կարծիք կա, որ նախաձեռնության նպատակը «Շողակաթ» հեռուստաալիքի փակումն է»,- նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՔՊ-ական պատգամավոր, հիմնական զեկուցող Թագուհի Ղազարյանին՝ ասաց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Այդ նպատակի մասին հրապարակային հայտարարել ենք: Այո՛, նախաձեռնությունը մասնավորապես «Շողակաթ» ՍՊԸ-ի հետ կապված խնդիրներն է կարգավորելու: Այս տարիների ընթացքում շուրջ 3 մլրդ դրամական միջոցներ առանց մրցույթի ու մեկ անձից գնումների ընթացակարգով տրվել է մեկ կազմակերպության»,- արձագանքեց Ղազարյանը:
Ի պատասխան Գեղամ Նազարյանը շարունակեց․ «Լավ է, որ անկեղծ եք։ Եթե պարզվի՝ Մատենադարանը միջոցներն անարդյունավետ է ծախսել, չի նշանակում պետք է Մատենադարանը փակենք։ Կո՛չ եմ անում հետ կանգնել, մտածե՛ք «Շողակաթ»-ը լավը դարձնելու մասին։ Եթե «Շողակաթ»-ը փակեք, Գեղամ Նազարյանը չի կարող հանրությանը համոզել, որ պետությունը եկեղեցու դեմ քայլեր չի ձեռնարկում»։
Նշենք, որ Հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը», որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը և «Լուրեր» լրատվական ալիքը։ Պատգամավորները կարծում են, որ հանրային երեք հեռարձակող ունենալն առաջացնում է որակի հետ կապված խնդիրներ։
Հիշեցնենք, որ «Շողակաթի» հարցը ՔՊ-ականների օրակարգում էր դեռ 2024 թվականի բյուջեի կատարողականի և 2025-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։ ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը 2024 թվականի նոյեմբերին հայտարարում էր՝ արդյո՞ք կա մեկը, որ կասի․ «Այ, գնամ միացնեմ «Շողակաթ»-ը, հեսա կարևոր բան եմ նայելու էնտեղ»։
«Շողակաթ» հեռուստաընկերությունը հիմնադրել է Մայր Աթոռը և հանդիսանում է հիմնական ֆինանսավորողը ու գույքի սեփականատերը։ Հանրային հեռարձակողի խորհուրդն այս ալիքին պատվիրում է հոգևոր-մշակութային հաղորդումներ։ Հավելենք նաև, որ «Շողակաթ»-ի շուրջ ՔՊ-ականների քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ Տավուշի թեմի արդեն նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողություններ սկսվեց։
Նշենք նաև որ լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ դատապրտելով միակ հոգևոր-մշակութային հեռուստաալիքի դեմ իրականացվող գործողությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մանյա Պողոսյան