Գյումրիի ճանապարհին 12 անձի մահվան պատճառ դարձած վթարի գործով «Զիլի» վարորդը դատապարտվել է 7 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի ճանապարհին տուրիստական գործակալության ավտոբուսի և «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենայի 12 անձի մահվան պատճառ դարձած վթարի գործով այսօր դատավճիռ է կայացվել։ «ԶԻԼ»-ի վարորդը դատապարտվել է 7 տարի, 4 ամիս ժամկետով ազատազրկման։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց տուրիստական ավտոբուսի՝ վթարի հետևանքով մահացած վարորդ Մառլեն Մարգարյանի կնոջ  ներկայացուցիչ Հրայր Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 14-ին խոշոր վթար էր տեղի ունեցել Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին։ Պատահարի հետևանքով տուրիստական ավտոբուսի վարորդն ու 11 ուղևոր մահացել էին, ևս 4 ուղևոր ստացել էր կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ։ 

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում  «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի վարորդ Համլետ Պետրոսյանին մեղադրանք էր ներկայացվել ճանապարհային երթևեկության կանոնները և ճանապարհային երթևեկության ապահովմանն ուղղված պահանջները խախտելեւ համար, նա կալանավորվել էր։

Ըստ մեղադրանքի՝  Համլետ Սիմոնի Պետրոսյանը, ունենալով տրանսպորտային միջոցներ վարելու «B» և «C» կարգերի գործող վարորդական իրավունքի վկայական, գտնվելով սթափ վիճակում, 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի 34 PD 573 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վարելով Երևան-Գյումրի ավտոճանապարհով՝ դեպի Գյումրի ուղղությամբ, և հասնելով հիշյալ ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածը, այն է՝ Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի վարչական տարածք, տվյալ ճանապարհատրանսպորտային իրադրության՝ ՃԵԿ-ի 1.21 նախազգուշացնող նշանի (որով կահավորված է եղել տվյալ ճանապարհահատվածի սկզբնամասում), հորիզոնական գծանշումներ բաժնի՝ 1,1 «հոծ գիծ» գծանշման առկայության պայմաններում, հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցի հեռահար լույսերից շլանալու հանգամանքով պայմանավորված վտանգի առաջացման պահից սկսած, առանց վթարային լուսային ազդանշանը միացնելու և իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի արագությունը իջեցնելու, իսկ անհրաժեշտության դեպքում կանգնելու, շարունակել է երթևեկությունը, կատարել լույսերի հեռահարից մոտակա միացում և ինքնաբերաբար երթևեկել դեպի ձախ, ինչի արդյունքում իր վարած տրանսպորտային միջոցը դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, որի հետևանքով տեղի է ունեցել բախում «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի 99 SL 799 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետ, արդյունքում, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և թույլ տվել ՃԵԿ-ի հորիզոնական գծանշումներ բաժնի՝ 1.1 «հոծ գիծ» գծանշման, ՃԵԿ-ի 129-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է հիշյալ ավտոմեքենայի վարորդ՝ Մառլեն Միխաիլի Մարգարյանի և ուղևորներ՝ Մուշեղ Արայիկի Էլոյանի, Լիաննա Վաչագանի Քոչինյանի, Եվա Արտակի Փարսյանի, Նարե Սուրենի Ամարյանի, Հելեն Վաչիկի Դադայանի, Ամալյա Արմենի Մնացականյանի, Բարիս Մարատի Թորոսյանի, Անահիտ Ռուբիկի Հակոբյանի, Ալվարդ Մարտիրոսի Մարտիրոսյանի, Արայիկ Սուրենի Մուրադյանի, Էդուարդ Խաչատուրի Քոլոյանի մահը:

Ուղևորներ Մարգարիտա Արզումանի Գաբրիելյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է գլխի փափուկ հյուսվածքների հետտրավմատիկ փոփոխությունների, գլխուղեղի սալջարդի, սուբարախնոիդալ արյունազեղման, երկկողմանի կողոսկրերի, աջ թիակի բազմաբեկոր կոտրվածքների, կրծոսկր-անրակային համակցությունների հոդախախտերի, թոքերի սալջարդի, երկկողմանի պնևմոթորաքսի, աջակողմյան հեմոթորաքսի, լյարդի հեմատոմայի, ձախ ճաճանչ-դաստակային հոդի ոսկրերի կոտրվածքի, տարբեր մասերի քերծվածքների և վերքերի ձևերով որպես կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Լիլիթ Վանոյի Ղուկասովայի առողջությանն անզգուշությամբ պատճառել է գլխի փափուկ հյուսվածքների հետտրավմատիկ փոփոխությունների, մարմնի տարբեր մասերի քերծվածքների և վերքերի, աջ անրակոսկրի կոտրվածքի, թոքերի սալջարդի, ձախակողմյան պնևմոթորաքսի ձևերով որպես կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Էդուարդ Գագիկի Սահակյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է աջ բազուկոսկրի, աջ թիակի և դիմային գանգի ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքների, դեմքի շրջանի ջնջխված վերքերի և որովայնի սալջարդի ձևերով որպես կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, Պայծառ Սաբիրի Ավանեսյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է՝ գլխի փափուկ հյուսվածքների հետտրավմատիկ փոփոխությունների, ձախից գանգի թաղի և դիմային գանգի ոսկրերի կոտրվածքների, գլխուղեղի սալջարդի, սուբարախնոիդալ արյունազեղման, էպիդուրալ հեմատոմայի, թոքերի սալջարդի, կրծքային 4-րդ ողի մարմնի և ձախ սրունքի զույգ ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքների, մարմնի տարբեր մասերի քերծվածքների և վերքերի ձևերով որպես կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Գործի քննությունից 6 ամիս անց՝ 2024-ի փետրվարին, Համլետ Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով, 4 մլն դրամ գրավով և բացակայելու արգելքով։ Դատարանում գործի քննության ընթացքում ևս մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ մինչև 2025 թվականի ապրիլի 23-ը։ Այս ընթացքում վթարի հետևանքով մահացած ավտոբուսի վարորդ Մառլեն Մարգարյանի կնոջ ներկայացուցիչ Հրայր Ավետիսյանը բազմիցս բարձրաձայնել է այն մասին, որ պաշտպանական կողմը միտումնավոր ձգձգում է գործի քննությունը, քանի որ տնային կալանքի 1 օրը հավասար է կալանքի 1 օրվան։ Ըստ Հրայր Ավետիսյանի՝ մեղադրյալին ձեռնտու է եղել, որ տան պայմաններում կրի կալանքը և այդ ընթացքում շարունակի հոսել նրա անազատության գտնվելու ժամկետը։

Հրայր Ավետիսյանը մեզ հետ զրուցում ասաց, որ իրենք միջնորդություն են ներկայացրել տնային կալանքը այլ խափանման միջոցով փոխելու վերաբերյալ, որը 2025-ի ապրիլի 23-ին բավարարվել է և մեղադրյալ Համլետ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը, բացակայելու արգելքը և գրավը։ Դրանից հետո, փաստաբանի գնահատմամբ, նիստերի անհարկի ձգձգումները քչացել են։

Պաշտպանը նաև ասաց, որ հանրային մեղադրողը բեռնատարի վարորդի համար պահանջել է 8 տարի ժամկետով ազատազրկում, սակայն դատարանը 7 տարի 4 ամիս ժամկետով է պատիժ սահմանել։ Համլետ Պետրոսյանի նկատմամբ ընտրված վարչական հսկողությունն ու մյուս խափանման միջոցները թողնվել են անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Նշենք, որ Պետրոսյանը մեղադրանքը չի ընդունել։

Արաքս Մամուլյան