Վիրավորա՞նք, թե՞ հանցագործություն․ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գրառումը՝ նրան ազատությունից զրկելու պատճառ
Քաղաքականություն
17.10.2025 | 21:54
Եթե պատմիչ Մովսես Խորենացին ապրեր մեր օրերում, գուցե, կալանավորվեր իր արտահայտած մտքերի համար․ հայտնի «Ողբ»-ում պատմահայրը դատավորներին անվանում էր «տմարդի», «սուտ», «խաբող», «կաշառակեր», «իրավունքը չպահպանող» և «անհաստատ»:
Դատավորների, քննիչների և դատախազների հասցեին գնահատականների ու վիրավորական արտահայտությունների համար այսօր կալանավորվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Փաստաբանը, որը ներգրավված է մի շարք քաղաքական հնչերանգ ունեցող գործերով, Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորումից հետո գրառում է կատարել, որում, մասնավոր անուններ չնշելով, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել քննիչների, դատախազների և դատավորների հասցեին, նրանց անվանել «սատանային հոգին վաճառածներ» ու զգուշացրել, որ «նրանց պատիժը երկնային է լինելու»։
Փաստաբանի գրառման առթիվ Քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կոչուբաևը երեկ՝ հոկտեմբերի 16-ին, բիրտ ուժի կիրառմամբ դիմակավորված անձանց կողմից ձերբակալվել է Շենգավիթի դատարանի հարակից տարածքից ու տարվել Քննչական կոմիտե, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով ու դատարան տարվել կալանքի միջնորդություն, որը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։ Նա Կոչուբաևին կալանավորել է։
Նշենք, որ Քննչական կոմիտեն Ալեքսանդր Կոչուբաևի գրառումը կապել է Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին առնչվող գործի հետ՝ համարելով, որ նա այդ գործով քննիչներին, դատախազին ու դատավորին արատավորող տեղեկություններ է հրապարակել։
Փաստաբան Աբգար Պողոսյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ Ալեքսանդր Կոչուբաևը չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը և համարել է, որ այս գործընթացը «քաղաքական բռնաճնշումների մաս է կազմում»։
Մեզ հայտնի դարձավ նաև, որ Քննչական կոմիտեն Կոչուբաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության մեջ նշել է կալանքի բոլոր հիմքերը, այսինքն՝ ըստ Քննչական կոմիտեի՝ նա ազատության մեջ մնալու դեպքում կարող է փախուստի դիմել, խոչընդոտել գործի քննությանը, նոր հանցանք կատարել։
Ո՞վ է կալանքի միջնորդությունը քննած դատավոր Մասիս Մելքոնյանը
Դատավորի ընդամենը երկամյա պրակտիկայի ընթացքում Մելքոնյանը հասցրել է ձեռք բերել քաղաքական հնչերանգ ունեցող գործերով կալանք տվող դատավորի համբավ։ Նա վերջին շրջանում կալանավորել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Մինչ այդ կալանքի որոշումներ է կայացրել ԱԺ պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանի, գեներալ Տիրան Խաչատրյանի, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և այլ անձանց վերաբերյալ։
Factor TV-ի տեղեկություններով՝ դատական նիստի ընթացքում Կոչուբաևի պաշտպաններից Արամ Վարդևանյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ ինքը Մասիս Մելքոնյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացրել, ուստի՝ Մելքոնյանն իր նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունի և չի կարող իր պաշտպանյալի նկատմամբ անաչառ լինել։ Մասիս Մելքոնյանը, սակայն, միջնորդությունը մերժել է՝ պնդելով, որ ինքն անաչառ է, ապա քննելով գործը՝ կալանավորել Կոչուբաևին։
Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել է այն հարցին, թե ինչ հանգամանքներում է դատավոր Մասիս Մելքոնյանը դատավոր դարձել։ Մասնավորապես, անդրադառնալով քաղաքականությամբ զբաղված և քրեական գործերով անցած դատավորներին, պարզել ենք, որ Մելքոնյանը մինչև դատավոր դառնալը և՛ քրեական գործով է անցել, և՛ քաղաքականությամբ զբաղվել։
Այս դատավորը Հանրապետական կուսակցության նախկին անդամ է: Եղել է փաստաբան և ներկայացրել դերասանուհի Մարջան Ավետիսյանի շահերը մի գործով, որի շրջանակներում Ավետիսյանին գումար են պարտք եղել, բայց չեն վերադարձրել։ Ավետիսյանը դիմել է Մասիս Մելքոնյանին այս հարցում իրավական օգնության ակնկալիքով, իսկ հետագայում Մելքոնյանի դեմ է հաղորդում ներկայացրել՝ հայտնելով՝ անձը, որ իրեն պարտք է եղել, Մասիս Մելքոնյանի միջոցով վերադարձրել է իր գումարը, սակայն Մելքոնյանն այն իրեն չի փոխանցել։ Մելքոնյանը վկայի կարգավիճակ է ունեցել գործով։ Մարջան Ավետիսյանը Factor TV-ին տեղեկացրել է, որ Մելքոնյանը 2023 թվականին վերադարձրել է պատճառված վնասը։
Մասիս Մելքոնյանի՝ քրեական գործով անցնելու և քաղաքական գործունեությամբ զբաղված լինելու հանգամանքը ևս ԲԴԽ-ի համար խնդիր չի առաջացրել նրան դատավորի թեկնածու ընտրելիս: Սակայն երբ նրա թեկնածությունն առաջարկվել է նախագահ Վահագն Խաչատուրյանին, վերջինս առարկություններով հետ է վերադարձրել ԲԴԽ-ի առաջարկը։ ԲԴԽ-ն առարկությունները չի ընդունել, ու թեև այս դեպքում նախագահը լիազորություն ուներ նաև դիմելու Սահմանադրական դատարան՝ իր այս լիազորությունից չի օգտվել։ Մելքոնյանը դատավոր է դարձել իրավունքի ուժով և դատավորի երդում տվել ոչ թե նախագահական նստավայրում, այլ Բարձրագույն դատական խորհրդում։
Վիրավորա՞նք, թե՞ քրեորեն պատժելի արարք
Ալեքսանդր Կոչուբաևին վերագրված Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով սահմանվում է դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի և այս հոդվածի պաշտպանության ներքո գտնվող այլ անձանց մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ։
Փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը պնդում է․ Ալեքսանդր Կոչուբաևի գրառումը, որն ուղղված է եղել հոգևորականների նկատմամբ վերջին շրջանի գործողությունների դեմ, վիրավորանք է, բայց այն ուղղված չէ արդարադատության դեմ։ Ուստի՝ չի կարող որակվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով։
Ըստ փաստաբանի՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով նախատեսված արարքը երկօբյեկտ հանցագործություն է։ Որպեսզի արարքը որակվի այս հոդվածով, այն պետք է պարունակի ոչ միայն վիրավորանք, այսինքն՝ անձի դեմ ուղղված հանցագործություն, այլ նաև պետք է ոտնձգի արդարադատության դեմ և միանշանակ լինի, որ օրինական գործողության դեմ է կատարվում այդ ոտնձգությունը։
«Տվյալ դեպքում Կոչուբաևը համարում է, որ չի կատարվել իրավաչափ գործողություն, ուստի՝ տրամաբանական է, որ նա չի ունեցել ուղղակի դիտավորություն՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով սահմանված արարք կատարելու»,- ասաց Դավիթ Թումասյանը՝ բացատրելով, որ այս հանցագործությունը սուբյեկտիվ կողմից դրսևորվում է բացառապես ուղղակի դիտավորությամբ։
Ըստ փաստաբանի՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով քրեական վարույթի շրջանակներում կոնկրետ անձ, տվյալ դեպքում՝ կոնկրետ դատավոր, քննիչ, դատախազ պետք է դիտարկվի որպես տուժող, հակառակ դեպքում մեղադրանքը կլինի անորոշ։
Նշենք, որ Կոչուբաևն իր գրառման մեջ կոնկրետ քննիչի, դատավորի կամ դատախազի անուն չի նշել, սակայն նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով՝ նրա գրառումը կապելով Մկրտիչ եպիսկապոս Պռոշյանին առնվող գործով քննիչների, դատախազի ու դատավորի հետ։
Թումասյանը նաև նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ համացանցում կամ հանրային տիրույթում հայտնվել են դատավորներին, դատախազներին կամ քննիչներին ուղղված վիրավորական ձևակերպումներ, բայց յուրաքանչյուր նման ձևակերպում չէ, որ դառնում է Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով վարույթ նախաձեռնելու առիթ։
Թումասյանը նաև մեկ այլ կարևոր շեշտադրում կատարեց. «Հաշվի առնելով, որ Կոչուբաևը փաստաբան է, նրա կալանավորումը պետք է դիտարկվեր ոչ միայն քրեական վարույթի շրջանակներում, այլ նաև այլ անձանց արդար դատաքննության իրավունքի պաշտպանության համատեքստում»։
«Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը բազմաթիվ վարույթների շրջանակներում ունի պաշտպանյալներ, նրա կալանավորումն ակամա բերում է նաև այլ պաշտպանյալների իրավունքների սահմանափակման, ինչը պետք է դառնար ուսումնասիրության առարկա»,- ասաց Դավիթ Թումասյանը։
Արտահայտած խոսքի համար Կոչուբաևը, նրա կարծիքով, կարող էր քաղաքացիական գործի շրջանակներում պատասխանատվության կանչվել, բացի այդ, որպես փաստաբան, կարող էր կանչվել կարգապահական պատասխանատվության։
ՄԻՊ-ի արձագանքը Կոչուբաևի դեպքին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր անդրադարձել է Կոչուբաևի հետ կապված դեպքին։
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է բարձրաձայնել մասնագիտական տարբեր համայնքների, այդ թվում` փաստաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ հրապարակային խոսքի օգտագործման լայն ծավալների մասին՝ ընդգծելով, որ մասնագիտական համայնքների համար պետք է ոչ թե պարզապես սահմանվեն էթիկայի ու վարքագծի կանոններ, այլ դրանք պետք է հետևողականորեն կիրառվեն: Այդ առումով Հայաստանի Հանրապետությունում առկա են լրջագույն խնդիրներ, քանի որ լայն ծավալով տարածվող` էթիկայի ու վարքագծի կանոններին և մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին հակասող խոսքի համար գրեթե չեն կիրառվում համայնքների ներսում գործող կարգապահական պատասխանատվության նախատեսված կառուցակարգերը:
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում այն տրամաբանությունը, որ ցանկացած նման խոսք կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Միջազգային չափանիշների համաձայն` ոչ իրավաչափ խոսքի միայն ամենածանր տեսակների և ծանրակշիրռ հիմնավորումների առկայության պայմաններում կարող է վրա հասնել քրեական պատասխանատվություն, առավել ևս` անձի նկատմամբ կիրառվել ազատությունից զրկելու ձևով խափանման միջոց կամ պատիժ: Ուստի՝ Պաշտպանն անթույլատրելի է համարում խոսքի համար անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները այն պայմաններում, երբ հանրությանը չի ներկայացվում պատշաճ տեղեկատվություն այն մասին, թե ինչու է կոնկրետ դեպքում խոսքը հատել նման ծանր հանրային վտանգավորության շեմն ու ինչու անձին պետք է զրկել ազատությունից: Դա հատկապես խնդրահարույց է այն պայմաններում, երբ անձն ազատությունից զրկվում է ուժի կիրառմամբ»,- հայտարարել է ՄԻՊ գրասենյակը։
Հայտարարություն է տարածել նաև Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
«Համացանցում հայտնվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը պատկերող տեսանյութ։ Դրանում պարզորոշ երևում է, որ բռնության հետ չկապված՝ միջին ծանրության հանցանքի մեջ մեղադրվող անձը ձերբակալվում է ցուցադրական նվաստացման տարրեր պարունակող եղանակով՝ դիմակավորված իրավապահների կողմից, ասֆալտին պառկեցնելու միջոցով: Նման եղանակով անհամաչափ ուժի կիրառությունը քաղաքացու, հատկապես՝ փաստաբանի նկատմամբ, դառնում է պատժիչ գործիք: Արատավոր այս պրակտիկան դատապարտելի է»,- հայտնել է Բաբայանը։
Փաստաբանների պալատը ևս հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ Փաստաբանների պալատի իրավունքների պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների իրավաչափության և համաչափության հարցը:
Միաժամանակ, Փաստաբանների պալատը նաև նախաձեռնել է փաստաբանի պաշտպանական թիմի հետ անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների հարցի քննարկում:
Նշենք, որ Կոչուբաևի կալանքի միջնորդության քննությանը 2 տասնյակից ավելի փաստաբան է ներգրավված եղել: Նրա փաստաբաններից Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում է անժամկետ հացադուլ: Հացադուլին միացել են նաև փաստաբաններ Ռոման Երիցյանը, Արայիկ Պապիկյանը։
Արաքս Մամուլյան