Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ
Քաղաքականություն
09.10.2025 | 16:14
Անկարայում անցկացվում է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան պաշտպանության նախարարների մակարդակով եռակողմ հանդիպումը: Թուրքիայի ՊՆ-ի փոխանցմամբ՝ ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդունելու է Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովին և Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին:
Մինչ այդ, Յաշար Գյուլերը նախ հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ Զաքիր Հասանովի հետ: Հանդիպման ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Պաշտպանության նախարարներն ընդգծել են, որ ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության ընդլայնումը երկու պետությունների ղեկավարների համար հիմնական ուշադրության կենտրոնում է։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման և այլ թեմաներ։
Թուրքիայի ՊՆ-ն նշում է, որ Հասանովից հետո Յաշար Գյուլերը երկկողմ հանդիպում է անցկացրել Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի