Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
Քաղաքականություն
30.10.2026 | 18:02
Թբիլիսին և Բաքուն պայմանավորվել են արագացնել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի արդյունքներով լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ այս հարցը քննարկվել է ինչպես միջկառավարական հանձնաժողովի նիստի, այնպես էլ երկկողմ հանդիպման ընթացքում։
«Մենք հույս ենք հայտնել, որ այս գործընթացի շրջանակում աշխատանքները շատ արագ տեմպերով առաջ կընթանան։ Ինչպես ձեզ հայտնի է՝ այս հարցում մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք պետք է առաջընթաց տեսնենք։ Սա մեր խնդրանքն ու դիմումն է Ադրբեջանին, որին շատ անկեղծ պատասխան ենք ստացել։ Մեր ադրբեջանցի բարեկամների հետ միասին ձգտում ենք առաջընթացի հասնել այն ուղղություններով, որտեղ մինչ այժմ որևէ տեղաշարժ չի արձանագրվել»,- հավելել է նա։
Հավելենք, որ այսօր Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի շրջանակում, որը տեղի է ունեցել Սիղնախի քաղաքում, կայացել է երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի նախագահ Շահին Բագիրովը և Վրաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Մամուկա Բարաթաշվիլին ստորագրել են Ադրբեջանի կառավարության և Վրաստանի կառավարությունների միջև «Իփեք Յոլու-Աբրեշումիս Գզա» («Մետաքսի ճանապարհ») համատեղ միջազգային ավտոմոբիլային անցակետի գործնական գործունեության մասին արձանագրությունը։
Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալության նախագահ Գոշգար Թահմազլին և Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի ազգային գործակալության ղեկավար Գեորգի Յակոբաշվիլին էլ ստորագրել են Ադրբեջանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխըմբռնման հուշագրեր՝ բույսերի կարանտինի և պաշտպանության, ինչպես նաև անասնաբուժության ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

