Պարենային ապրանքների համաշխարհային գները սեպտեմբերին փոքր-ինչ նվազել են
Տնտեսություն
03.10.2025 | 18:13
Պարենային ապրանքների համաշխարհային գները սեպտեմբեր ամսին փոքր-ինչ նվազել են՝ պայմանավորված շաքարի և կաթնամթերքի գնային ինդեքսների անկումով, այս մասին նշվում է Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից ուրբաթ օրը հրապարակված նոր զեկույցում․ հայտնում են ՊԳԿ հայաստանյան գրասենյակից։
«ՊԳԿ-ի պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը ներառում է համաշխարհային առևտրի մեջ լայնորեն շրջանառվող պարենային ապրանքների միջազգային գների ամսական փոփոխությունները, սեպտեմբեր ամսին միջինում կազմել է 128.8 միավոր՝ օգոստոս ամսի վերանայված 129.7 միավորի համեմատ: Սեպտեմբերյան ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 3.4 տոկոս աճ է գրանցել:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը օգոստոսի համեմատ նվազել է 0.6 տոկոսով: Միջազգային շուկայում ցորենի գները շարունակել են նվազել արդեն երրորդ ամիսն անընդմեջ՝ պայմանավորված համաշխարհային պահանջարկի սահմանափակ մակարդակով և հիմնական արտադրող երկրներում առատ բերքահավաքի առկայության հաստատումով։ Եգիպտացորենի համաշխարհային գները նույնպես նվազել են՝ առատ մատակարարումների կանխատեսումների, ինչպես նաև Արգենտինայում հացահատիկի արտահանման հարկերի ժամանակավոր կասեցման հետևանքով: ՊԳԿ բրնձի բոլոր տեսակների համաշխարհային գնային ինդեքսը նվազել է 0.5 տոկոսով, քանի որ Ֆիլիպիններում և Աֆրիկայում գնումների պատվերների կրճատումը բացասաբար է անդրադարձել շուկայի վրա:

ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսը օգոստոսի համեմատ աճել է 0.7 տոկոսով և հասել նոր պատմական առավելագույնին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6.6 տոկոսով։ Սա արտացոլում է խոշոր և մանր եղջերավոր անասունների մսի համաշխարհային գների աճը, մինչդեռ խոզի և թռչնամսի գնանշումները, ընդհանուր առմամբ, կայուն են մնացել։ Խոշոր եղջերավոր անասունների մսի միջազգային գները բարձրացել և հասել են բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշին՝ ԱՄՆ-ում մեծ պահանջարկի և գների բարենպաստ տարբերության շնորհիվ ներմուծումների խթանման պայմաններում։
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը սեպտեմբերին նվազել է 2.6 տոկոսով: Կարագի համաշխարհային գները նվազել են 7.0 տոկոսով՝ մասամբ պայմանավորված Հյուսիսային կիսագնդում պաղպաղակի պահանջարկի նվազումով և Օվկիանիայում արտադրության ավելի բարենպաստ հեռանկարներով: Կաթի փոշու գները նվազել են հիմնական ներմուծող երկրների կողմից պահանջարկի նվազման և արտահանման ավելի ուժեղ մրցակցության շնորհիվ: Պանրի գները նվազել են աննշան չափով:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը օգոստոսի համեմատ նվազել է 4.1 տոկոսով՝ հասնելով 2021 թվականի մարտից ի վեր ամենացածր մակարդակին։ Նվազումը պայմանավորված է Բրազիլիայում շաքարի արտադրության սպասվածից բարձր ցուցանիշով, ինչպես նաև Հնդկաստանում և Թայլանդում բարենպաստ բերքի հեռանկարներով, որոնք առաջացել էին առատ մուսսոնային տեղումների և ցանքատարածությունների ընդլայնման հետևանքով։
Նոր կանխատեսումները վկայում են հացահատիկային մշակաբույսերի արտադրության, օգտագործման, պաշարների և առևտրի աճի վերաբերյալ։
ՊԳԿ-ն ուրբաթ օրը հրապարակել է նաև 2025 թվականին հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության թարմացված կանխատեսումները, որոնց համաձայն՝ ընդհանուր արտադրության ծավալը գնահատվում է 2 971 միլիոն տոննա, ինչը 3.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա մակարդակից և 2013 թվականից ի վեր ամենաբարձր տարեկան աճի ցուցանիշն է։
Համաշխարհային հացահատիկային պաշարները, կանխատեսումների համաձայն, 2026 թվականի բերքահավաքի սեզոնի ավարտին կհասնեն մինչև 900.2 միլիոն տոննայի, ընդ որում՝ համաշխարհային բրնձի պաշարները, հնարավոր է, հասնեն պատմական առավելագույնին: Համաշխարհային հացահատիկային պաշարների և օգտագործման հարաբերակցությունը 2025/26 թվականներին, կանխատեսումների համաձայն, գործնականում կմնա անփոփոխ՝ 30.6 տոկոսի մակարդակում, շարունակելով վկայել համաշխարհային մատակարարման բարենպաստ հեռանկարների մասին:
ՊԳԿ-ի նոր կանխատեսումների համաձայն՝ հացահատիկային մշակաբույսերի միջազգային առևտուրը տարեկան կտրվածքով կաճի 2.5 տոկոսով և կհասնի 497.1 միլիոն տոննայի, ինչը պայմանավորված է ցորենի համաշխարհային առևտրի կանխատեսվող զգալի աճով, մինչդեռ բրնձի միջազգային առևտուրը, կանխատեսումների համաձայն, կնվազի ասիական և աֆրիկյան երկրների կողմից պահանջարկի նվազման պատճառով՝ արտացոլելով տեղական առատ բերքը և 2025 թվականին արդեն իսկ իրականացված մեծածավալ գնումները»,- ասված է հաղորդագրությունում։