Դատական իշխանության ներկայացուցիչները՝ ազատության մեջ, նրանց օժանդակելու մեղադրանքով փաստաբանը՝ կալանքի տակ
Հասարակություն
02.09.2025 | 20:50
Նախորդ շաբաթ ձերբակալված փաստաբան Արմեն Օհանյանին մեղադրանք է ներկայացվել դատական իշխանության ներկայացուցիչներին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուն օժանդակելու հոդվածով։ Դատարանը բավարարել է նրան կալանավորելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։ Գործի շրջանակներում, իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ, կալանավորվել է ևս մեկ անձ։ Ենթադրվում է՝ խոսքը կաշառքի գործով անցնող քաղաքացու մասին է, սակայն նրա ինքնությունը պարզել մեզ չի հաջողվել։
Օգոստոսի 29-ին Factor TV-ն գրել էր, որ իրավապահները խուզարկել են Վարչական դատարանի միանգամից երեք դատավորի աշխատասենյակ։ Խոսքը դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի մասին է։ Մինչ այդ՝ խուզարկություններ են իրականացվել նաև այս դատավորների բնակարաններում։
Նույն օրը իրավական շրջանակներում քննարկում էին, որ խուզարկություններից հետո դատավորների նկատմամբ հետապնդում հարուցելու գործընթաց կսկսվի, սակայն մինչև այս պահը որևէ դատավոր գործով որևէ կարգավիճակ չունի։ Ստացվում է՝ փաստաբան Արմեն Օհանյանը կալանավորվել է՝ դատական իշխանության ներկայացուցիչներին կաշառք ստանալու հարցում օժանդակելու համար, սակայն դատական իշխանության որևէ ներկայացուցիչ կաշառք ստանալու մեջ չի մեղադվում։
Նշենք, որ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է ստանալ Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը, ընդ որում՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցով ԲԴԽ-ին կարող են դիմել միայն գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները։ Գլխավոր դատախազությունից և Բարձրագույն դատական խորհրդից տեղեկություն չեն տրամադրում՝ արդյո՞ք դատական իշխանության որևէ ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության հարցով Դատախազության որևէ իրրավասու սուբյեկտ դիմել է ԲԴԽ-ին։ Իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ, սակայն, որևէ դիմում դեռևս չի ներկայացվել։
Գործի շրջանակներում կալանավորված փաստաբան Արմեն Օհանյանի շահերը ներկայացնում են փաստաբաններ Հովիկ Սուքիասյանն ու Բունիաթ Եղիազարյանը։ Երկուսն էլ չհայտնեցին, թե, ըստ իրավապահների, կոնկրետ ի՞նչ գործի շրջանակում է տրվել ենթադրյալ կաշառքը կամ որքա՞ն է կաշառքի չափը։ Հովիկ Սուքիասյանն ասաց, որ կաշառքի չափը հստակեցված չէ։
Այնուամենայնիվ, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ խոսքն առանձնապես խոշոր չափի կաշառքի մասին է։
Մեր հարցին՝ արդյո՞ք իրավապահները կաշառքը փոխանցելու պահին են ձերբակալել փաստաբանին, վերջինը բացասական պատասխան տվեց, ասաց, որ խոսքը մի քանի տարվա վաղեմությամբ գործի մասին է։
Հարցին՝ ըստ գործի՝ ո՞վ է այն դատավորը, որին Արմեն Օհանյանն օժանդակել է, պաշտպանն ասաց, որ մեղադրանքում դատավորի անուն չկա, նշված է՝ «դատական իշխանության ներկայացուցչին է օժանդակել»։
Իրավապահների նման զգուշավորությունը, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ խոսքը դատավորին կաշառքի հարցում օժանդակելու մասին է, և եթե մեղադրանքի ձևակերպման մեջ նշվի որևէ դատավորի անուն, ապա դա կարող է մեկնաբանվել այնպես, որ դատավորի նկատմամբ ոչ փաստացի, բայց հետապնդում է սկսվել՝ առանց ԲԴԽ-ի համաձայնության։
«Մեղադրանքի փաստական կողմը մեզ համար միանգամայն անհասկանալի է»,- ասաց Սուքիասյանը՝ հայտնելով, որ Արմեն Օհանյանը մեղադրանքը չի ընդունել։
Գործի հիմքում դրված են օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներ։ Պաշտպան Բունիաթ Եղիազարյանն ասաց, որ քրեական վարույթում այլ քաղաքացիների՝ Օհանյանի վստահորդների խոսակցություններ են, որոնք, սակայն, Օհանյանին չեն առնվում։
«Երեք տարի փորձել են Օհանյանի վերաբերյալ ինչ-որ բան գտնել, օպերատիվ միջոցառումներ են իրականացրել, ոչինչ չեն գտել, և ճարահատյալ դիմել են այս քայլին»,- ասաց Եղիազարյանը։
Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Օհանյանի վերաբերյալ գործն առնչվում է Վարչական դատարանում քննվող երկու՝ միմյանց հետ կապված գործերի, որոնցից մեկով դատավորը եղել է Մհեր Պետրոսյանը, մյուսով՝ Լուսինե Բոյաջյանը, իսկ թե ինչ առնչություն ունի ենթադրյալ դեպքին երրորդ դստավորը՝ Արգիշտի Ղազարյանը, որն այս գործերի քննության ժամանակ եղել է Վարչական դատարանի նախագահը, մեզ հայտնի չէ։
Բունիաթ Եղիազարյանը, չհայտնելով, թե կոնկրետ ինչ գործերի մասին է խոսքը, այնուամենայնիվ, նշեց, որ երկու դատական ակտերն էլ օրինական են եղել և մտել են ուժի մեջ։
Պաշտպանն աբսուրդ է համարում այն հանգամանքը, որ գործով դատական իշխանության որևէ ներկայացուցչի անուն չի շոշափվում, բայց փաստաբան Արմեն Օհանյանը մեղադրվում է դատական իշխանության ներկայացուցչին կաշառք ստանալու հարցում օժանդակելու մեջ։ Միևնույն ժամանակ, հարց է բարձրացնում, թե նման պայմաններում ինչպե՞ս պետք է Օհանյանը պաշտպանվի մեղադրանքից։
Արաքս Մամուլյան