Գոռավան համայնքի նախկին ղեկավարին 71 դրվագով մեղադրանք է ներկայացվել

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Գոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2003-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը փաստացի իրենը դարձնելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում ապօրինի կազմակերպել և վարել է հողամասերի աճուրդ-վաճառքներ ու վարձակալական մրցույթներ, որոնց մասնակցել և հաղթող են ճանաչվել նրա ընտանիքի անդամները, ովքեր աճուրդի մասնակցելու իրավունք չեն ունեցել: Ընդ որում՝ շատ դեպքերում որպես աճուրդի 2-րդ մասնակից ձևակերպված անձանց մասնակցությունը կրել է ձևական բնույթ, կամ համապատասխան անձինք առհասարակ չեն մասնակցել աճուրդներին։ Նույն եղանակով համայնքի ղեկավարը համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք այլ հողամասեր նույնպես օրենքների պահանջների խախտմամբ օտարել է այլ անձանց։

Վերը նշված ապօրինի աճուրդ-վաճառքների և վարձակալական մրցույթների արդյունքում՝

  • ընտանիքի անդամներին օտարվել են ընդհանուր 120 հա մակերեսով տարբեր նշանակության 45 հողամասեր և վարձակալության տրվել ընդհանուր 556 հա մակերեսով 9 հողամասեր,
  • այլ անձանց օտարվել են ընդհանուր 48 հա մակերեսով 13 հողամասեր։

Գոռավան համայնքի ղեկավարի հանցավոր արարքների հետևանքով համայնքը զրկվել է ընդհանուր մոտ 725 հա մակերեսով 100 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքը գերազանցող 67 հողամասերը տնօրինելու և օգտագործելու օրենսդրական իրավունքից։

Այնուհետև համայնքի ղեկավարը, ցանկանալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված 6 հողամասերի իրական բնույթն ու ծագման աղբյուրը, կնքել է նվիրատվության և առուվաճառքի ձևական պայմանագրեր, որոնցով փաստացի ձեռք է բերել դրանք տիրապետելու և օգտագործելու հնարավորություն: Այդ կերպ պաշտոնատար անձն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը՝  կատարելով փողերի լվացում։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը, ունենալով իրեն պատկանող ավտոմեքենաների գույքահարկի գծով շուրջ 1 մլն 245 հազ. ՀՀ դրամի չմարված պարտավորություններ, 2021 թ. ընթացքում դրանց համար որպես գույքահարկ վճարել է անհամեմատ ավելի քիչ գումար, որից հետո համայնքապետարանի աշխատակցին հրահանգել է գույքահարկի վճարման հարթակում մտցնել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր պարտքն ամբողջությամբ վճարվել է: Այդ կերպ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Գոռավան համայնքին պատճառել է ընդհանուր 1 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը 2021թ. ընթացքում համայնքապետարանի համար հատկացված 1 մլն 130 հազ. ՀՀ դրամի գազի լիցքավորման կտրոններով լիցքավորել է անձնական օգտագործման ավտոմեքենան՝ այդ կերպ յուրացման եղանակով հափշտակելով նշված գումարը:

Գոռավան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով հափշտակության կատարելու, խոշոր չափերով գույքային վնաս պաճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (65 դրվագ) և փողերի լվացման համար (6 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՀԿԿ-ի տարածած հաղորդագրությունում։