Բանտապետը սեփականաշնորհել է բանտի շենքը, ԱԱԾ վարչության պետ որդին՝ վաճառել
Քաղաքականություն
26.06.2025 | 17:00
Վանաձորի նախկին բանտապետը սեփականաշնորհել է բանտի շենքը․ տարածքում նախատեսվում է 13 հարկանի բնակելի շենք կառուցել։ Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնից մատնանշում են ռիսկերը, թե ինչով է խնդրահարույց վտանգավոր շենքի կառուցումը։ Կառուցապատող ընկերության ներկայացուցիչը հակափաստարկներ է ներկայացնում։
Ինչպես է Վանաձորի նախկին բանտի շենքը մասնավորեցվել

Վանաձորի քրեակատարողական հիմնարկի նախկին շենքը գտնվում է Թումանյան փողոցի 14 հասցեում։ Factor.am-ը ՀՀ կառավարության որոշումների ուսումնասիրությունից պարզեց, որ պետական կարգավիճակ ունեցող շենքը վաճառվել է պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի շրջանակներում։ Այն ձեռք է բերել Վանաձորի բնակիչ Շահվերդի Ալչանգյանը։
Շահվերդի Ալչանգյանը նախկինում զբաղեցրել է հենց այդ քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը։ Ստացվում է՝ բանտապետը սեփականաշնորհել է բանտը։ Շահվերդի Ալչանգյանի մահվանից հետո տարածքի սեփականատեր է դարձել որդին՝ Կարեն Ալչանգյանը։ Նա զբաղեցրել է ԱԱԾ Լոռու մարզի վարչության պետի պաշտոնը, հիմա անցել է թոշակի։ Թե որ թվականներին է Ալչանգյանը վարչության պետի պաշտոնը զբաղեցրել, ԱԱԾ-ն չի հայտնում՝ հղում անելով անձնական տվյալների գաղտնիությանը, սակայն, այդպիսով հաստատում է, որ ծառայության բարձրաստիճան պաշտոնյա է եղել։

Ո՞վ է ձեռք բերել բանտի նախկին տարածքը՝ բնակելի շենք կառուցելու համար

Թումանյան 14 հասցեի ընդհանուր տարածքը 3,749 քմ է։ Հողատարածքը կառուցապատման նշանակության է։ Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն անշարժ գույքի սեփականատերը 2025 թվականի ապրիլի 30-ից «Լոռե Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն է։

«Լոռե Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է այս տարվա ապրիլի 17-ին՝ գույքը ձեռք բերելուց 13 օր առաջ։ Ընկերության հիմնադիրը Բագրատ Խաչատրյանն է։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ձեռք բերված փաստաթղթերից։ Նույն աղբյուրի համաձայն՝ Բագրատ Խաչատրյանին են պատկանում «Նյու Հոմ», «Բագաս» ընկերությունները, մասնակցություն ունի «Սքայ վյու» ՍՊԸ-ում, իսկ «Տուն շին» և «Վեմ Ինվենստ» ընկերություններում տնօրենի պաշտոն է զբաղեցնում։
Վանաձորի համայնքապետարանը նախնական համաձայնություն է տվել կառուցապատման գաղափարին

Մայիսի 20-ին Վանաձորի համայնքապետարանում բնակելի համալիր կառուցելու վերաբերյալ հանրային քննարկում է անցկացվել։ Նախագիծը հանրային քննարկման ժամանակ նախնական հավանության է արժանացել։ Նախատեսվում է կառուցել երկու մուտք ունեցող մեկ շենք՝ 13 հարկով։
«Սա առաջին հանրային լսումն էր, իրենք ներկայացրել են նախագիծը, թե ինչ են ուզում անել։ Նախնական համաձայնությունը տվել ենք, որ բոլորը համաձայնությունը տան, քաղաքի համար լավ պրոյեկտ է։ Նախագիծը բերել են 13 հարկի համար, բայց, ըստ եզրակացությունների՝ գուցե հարկերը պակասեն»,- ասաց Վանաձորի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանը։
Ի՞նչ ռիսկեր է պարունակում Թումանյան 14 հասցեում բնակելի շենքի կառուցումը
Թումանյան 14 հասցեի հողամասը գտնվում է Մ8 ավտոճանապարհի հարևանությամբ։ Բնակիչները նշում են, որ մայրուղին ծանրաբեռնված է, իսկ նոր բնակելի շենքը նոր խնդիրներ է առաջացնելու։
«Համաձայնությունները պետական համալիր փորձաքնության են գնալու, բոլոր 18-19 գերատեսչությունները՝ այդ թվում, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը, ճանապարհային դեպարտամենտը, պետք է իրենց համաձայնությունները տան»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Ալավերդյանը։
Նախագծի հետ կապված առաջնային խնդիրը վանաձորցի պաշտոնյան համարում է հարկերի թիվը։ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո Վանաձորում հիմնականում 4-5 հարկանի շենքեր են կառուցվել։
«Ամենամեծ խնդիրն այն է, որ Վանաձորում 13 հարկը չափից շատ է։ Այդ հարցը վերջնական լուծելու համար ինժիներաերկրաբանական, սեյսմիկ հետազոտությունների եզրակացություններ են անհրաժեշտ։ Առաջին փուլով ուսումնասիրել ենք տեղեկատվությունը։ Հավանության ենք արժանացրել այնքանով, որ չենք մերժել, չենք ասել՝ հետ գնացեք, էլ ձեզ հետ չենք շարունակելու։ Առաջարկել ենք հարկերը նվազեցնել։ Սովետի ժամանակ, երկրաշարժից հետո 4-5 հարկ էր առավելագույնը թույլատրվում, հիմա չգիտեմ՝ ինչպես դարձավ 13 հարկ։ Հիմա նորմաներով 4-5 հարկ է, բայց թող եզրակացությունները լինեն, եթե ասեն 20, թող սարքեն՝ 20: Պատասխանատվությունը փորձաքննության եզրակացությունը տվողի վրա է»,-ասում է համայնքային պաշտոնյան ու մեկ այլ խնդրի վրա էլ ուշադրություն հրավիրում։
«Այդտեղ ջրեր կան, խնդրահարույց գրունտ է »,-ասաց նա։
Վանաձորում 13 հարկանի շենք կառուցելու գաղափարի հեղինակ «Լոռե Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրեն Բագրատ Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում հակադարձում է՝ իր տարածքի դիմաց տասը հարկանի բնակելի շենք կա՝ դեռ տարիներ առաջ կառուցված։

Վանաձոր, Թումանյան փողոց
«Որտեղ որ մենք ուզում ենք կառուցել, դրա դիմացի մայթին տասը հարկանի շենք է կառուցած՝ Սովետական միության ժամանակ։ Մենք առաջարկում ենք կառուցել 13 հարկանի բնակելի համալիր, նախագիծը մինչև շինթույլտվություն ստանալն անցնելու է բազմաթիվ փորձաքննություններ։ Մենք սկզբնական փուլում ենք։ Կատարել ենք հորատման աշխատանքներ, մինչև 40 մետրի վրա ուսումնասիրություններ են կատարվում, լաբորատոր փորձաքննություններ են անցնում»,- ասում է նա։ Ինչ վերաբերում է ստորգետնյա ջրերի խնդրին, ապա ասյտեղ ևս նա բերում է նմանատիպ այլ տարածքների օրինակը․ «Բոլոր տեղերն էլ ստորգետնյա ջրեր կան։ Հենց այդտեղ ստորգետնա ջրերը խորը մակարդակի վրա են գտնվում, որը որ մեզ չի խանգարելու։ Մենք ուսումնասիրել ենք և որևէ խոչընդոտ չենք տեսնում։ Իսկ ո՞վ ասում է՝ չորս հարկից ավելի չի կարելի, չարաչար սխալվում է»,- եզրափակեց ընկերության սեփականատերը։
Վանաձորի ճարտարապետներից մեկը Factor.am-ի հետ զրույցում մասնագիտական կարծիք հայտնեց, որ Թումանյան 14 հասցեում չի թույլատրվում բարձրահարկ շենքի կառուցում, քանի որ կա հստակ սահմանափակում։ «Ես ծանոթ եմ գլխավոր հատակագծին և ձեր նշած հարկերի թվով շենքի կառուցման թույլտվություն չկա։ Ըստ հատակագծի՝ նշված տարածքում մինչև չորս հարկ կարելի է կառուցել, դա մի քանի գործոնից է կախված։ Օրինակ՝ այդ հասցեին, որտեղ ուզում են բարձրահարկը կառուցել մոտ է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը Վանաձորի ամենահին եկեղեցին է՝ 100 մետր հեռավորության վրա։ Դա ճահճային հատված է, նախկինում շինթույլտվություն նախկինում եղել է՝ ցածր հարկերով շենքի համար, բայց մի մետր քանդել են, ջուր է»,- ասաց ճարտարապետը։
Վանաձորի համայնքապետարանում առաջիկայում ևս մեկ հանրային լսում է անցկացվելու։
Նարեկ Կիրակոսյան