Բայրամովը Ադրբեջանում Իրանի նոր դեսպանի հետ տարածաշրջանում անվտանգության հարցեր է քննարկել
Քաղաքականություն
25.06.2025 | 22:52
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Իրանի նոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլին։ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ`հանդիպման ընթացքում իրանցի դիվանագետը Բայրամովին հանձնել է իր հավատարմագրերի պատճենները։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում անվտանգության ակտուալ հարցերը, այդ թվում՝ իսրայելա-իրանական հակամարտությունը։
Ընդգծվել է, որ երկրների ղեկավարների միջև շփումները, այդ թվում՝ առկա քաղաքական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման կարևորությունը, նպաստում են Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում համագործակցության ընդլայնմանը։
Վերահաստատվել է իսրայելա-իրանական հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի կողմից ցուցաբերված դիրքորոշումն ու մտահոգությունները։
Դեսպանին ցավակցություններ են փոխանցվել Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, այլ պաշտոնյաների և քաղաքացիների մահվան կապակցությամբ։ Նշվել է առկա խնդիրները երկխոսության և դիվանագիտական միջոցներով՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու կարևորությունը։
Հանդիպման ընթացքում նաև երախտագիտություն է հայտնվել ադրբեջանական կողմին՝ Իրանի և այլ երկրների քաղաքացիների՝ Ադրբեջանի ցամաքային սահմանով անցման պայմաններ ստեղծելու համար։
Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի